ԿարևորՀասարակություն

Արտահանողները դժգոհում են, բայց արտահանումն ավելանում է․ երկրից կրկնակի ավելի թանկարժեք քար ու մետաղ է դուրս բերվել

Դրամի արժևորման ու դոլարի արժեզրկման ֆոնին մի քանի ամիս է՝ արտահանողները նոր խնդիրների առաջ են կանգնել։ Ապրանքները չեն կարողանում արտահանել, արտահանելիս էլ դոլարով ստացված եկամուտը դրամի վերածելիս մեծ կորուստ են ունենում։

Այս դժգոհությունների ու բացասական կանխատեսումների ֆոնին, սակայն, արտահանման ծավալներն առաջին կիսամյակում ավելացել են։ Իսկ արտահանման երկրներն ու ապրանքների տեսակներն առանձնապես չեն փոխվել։  5,1 մլրդ դոլար շրջանառությունից 1,8 մլրդ-ը արտահանումն է։ Դրա կազմում կրկնակի ավելացել է թանկարժեք քարերի ու ոսկու արտահանումը։ 

Վեջին կես տարում դրամը դոլարի նկատմամբ արժևորվեց ավելի քան 13, իսկ մեկ տարում՝ շուրջ 20 տոկոսով։ Պատճառները տարբեր են․ մասնագետներն առաջին հերթին նշում են ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներն ու երկու երկրներից Հայաստան այցելուների մեծ ներհոսքը։

Հետևանքներն էլ են տարբեր․ մի շարք ոլորտների տնտեսվարողներ արտահանման խնդիրներից են դժգոհում։

Գինեգործությամբ զբաղվող ընկերություններից մեկի համահիմնադիր Սամվել Մաչանյանը ընդգծում է․ «Գինեգործության կյանքի ցիկլը մեկ տարի է, մենք ամեն ինչ պլանավորվում ենք սեպտեմբերին, երբ մթերում ենք սկսում։ Ընթացքում չենք կարող այդ փոփոխությունները կատարել, օրինակ՝ փետրվարին ավելի շատ մթերում կազմակերպենք կամ պակասեցնենք։ Մեր պլանավորումը կազմակերպվում է՝ հիմք ընդունելով այդ պահի դրությամբ դրամի արժեքը»։

Դեռ հունվար-ապրիլին գինու արտադրությունը նվազել է 36.4%-ով։ Եթե ԿԲ-ն արհեստականորեն արժեզրկի դրամը, գնաճի նոր ալիք կբարձրանա՝ ավելի վաղ ասել էր ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ՝ չբացառելով արտահանման խնդիրները։

«Չեմ բացառում, որ կլինեն դեպքեր, երբ դրամի արժևորումը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել որոշ ընկերությունների համար։ Բայց էական է այն հարցը, թե ոնց ենք լուծելու այս խնդիրը։ Լուծման մի տարբերակը, որ առաջարկվում էր, արհեստականորեն դրամն արժեզրկելն է։ Այդպես վարվելու դեպքում մենք ստեղծելու են գնաճային նոր, ավելի վատ իրավիճակ, որը հարվածելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ներառյալ արտահանողներին»։

Արտահանողները թեև դժգոհում են, սակայն կիսամյակային տվյալներն արտահանման աճի մասին են վկայում։ Անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ արտահանումն աճել է 36.3%-ով, ներմուծումը՝ 48.7%-ով։ Բացարձակ թվով արտահանումը Հայաստանից աճել է 501 մլն դոլարով, որից 177 մլն դոլարը միայն դեպի Ռուսաստան արտահանման աճն է։ Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է՝ ԵԱՏՄ անդամ երկրներում փոխադարձ առևտուրն ավելացել է, ԱՊՀ երկրներում՝ նվազել․

«Հիմնականում սա բացատրվում է ռուս-ուկրաինական պատերազմով, քանի որ այստեղ ԱՊՀ երկրներում առանցքային դեր ուներ Ուկրաինան։ Այս երկիր արտանանումը նվազել է 27․5 տոկոսով»։

2022 թվականի առաջին վեց ամսում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել մոտ 543 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվանից 48.4%-ով ավելի․ սա Հայաստանի արտահանման 28.8%-ն է: Արտահանվում է հիմնականում կոնյակ, միրգ ու բանջարեղեն, պահածո։ ՌԴ-ն շարունակում է Հայաստանի թիվ 1 գործընկերը մնալ։ ԵԱՏՄ մյուս երկրներ արտահանումը չի ավելանում, չնայած նույն տնտեսական գոտում են։ Տնտեսագետ Համլետ Մկրտչյանի կարծիքով՝ գործարարների մոտ դեռ հին կապերն են գերիշխում․

«Մեր շուկան փոքր է,և մեր արտադրողները, որպես այդպիսին, ունեն արդեն հաստատված պատմական կապեր։ Անկախացումից հետո հայկական արտադրանքը ռուսական շուկա է ուղղվել։ Մեր ապրանքները ռուսական շուկայում ընկալելի են»։

Հայաստանի արտահանման մոտ 9 տոկոսը Չինաստան է ուղղվում։ Առաջին կիսամյակում 176 մլն դոլարի ապրանք է արտահանվել, նվազում կա մոտ 22 %-ով։ 11%-ով Շվեյցարիա հասնող մեր ապրանքն է պակասել։ Տնտեսագետն էլ է փաստում՝ այս փուլում արտահանողները խնդիրներ ունենում են․

«Դրամն արժևորվել է, և արտահանված ապրանքների համար վճարված գումարը դրամական արտահայտությամբ նվազել է»։

Ցամաքային ճանապարհով արտահանողները գրեթե ողջ տարին են խնդիր ունենում Լարսի անցակետում՝ հիշեցնում է փորձագետն ու կարևորում լոգիստիկ հարցերի հնարավորինս արագ կարգավորումը։

Գանք արտահանվող ապրանքների տեսականուն։ Այս տարի միայն  552 մլն դոլարի հանքահումք է արտահանվել՝ նախորդ տարվանից 4.3%-ով ավելի։ Սա մեր ողջ  արտահանման 29%-ն է՝ հիմնականում պղնձի խտանյութ, մոլիբդեն, ոսկի։ Հաջորդ խոշոր ապրանքախումբը պատրաստի սնունդն է, որի 351 մլն դոլարի արտահանումն ընդհանուրի մոտ 19%-ն է։ Ավելացել է նաև թանկարժեք  քարերի և մետաղների ելքը՝  վեց ամսում  մոտ 306 մլն դոլարի, նախորդ տարվա նույն կիսամյակից կրկնակի ավելի։ Սա մեր արտահանման 16%-ն է։

Տնտեսագետ Մկրտչյանը շեշտում է՝ արտահանողների խնդիրներն առաջիկայում կարող են կոմպենսացվել տրանսֆերտների մեծ հոսքով, երբ դրամն էլ կայունանա։  Միայն թե ճիշտ ներդրումներ են պետք, որ բիզնես միջավայրը լավանա։

Back to top button