ԿարևորՀասարակություն

Փրկարարների հետ՝ փրկության․ ԱԻՆ-ը Սևանում գործի է դնում դրոններ

Սևանա լճում լողափնյա ակտիվ սեզոնին հատուկ կարևորվում է փրկարար ծառայության հատուկ ջրափրկարարական ջոկատի աշխատանքը։ Նախորդ տարվանից փրկարարները նոր աշխատանքային «ընկեր» ունեն․ որոնողափրկարարական և իրազեկման աշխատանքներին մասնակցում են անօդաչու թռչող սարքերը։ «Ռադիոլուրը» պարզել է՝ ինչպե՞ս են կիրառվում դրոնները փրկարար ծառայության մեջ։

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Գարեգին Հակոբյանը Սևանի լճի ափին է ոչ թե հանգստանալու, այլ հանգստացողներից մեկին գտնելու-փրկելու նպատակով․

«Քաղաքացին, ընկերների հավաստմամբ, փորձել է լողալ, ցատկել է նավակի վրայից և չի կարողացել լողալ ու, իրենց պատմելով, ջրահեղձ է եղել։ Այս պահին մատնանշված վայրերում իրականացնում ենք երեք տեսակի որոնողական աշխատանք՝ ստորջրյա, վերջրյա և ցամաքային»։

Փրկարարական աշխատանքների ընթացքում փրկարարներին օգնության են հասնում անօդաչու թռչող սարքերը, որոնք Սևանում հանգստացողների անվտանգությանը հետևում են դեռ նախորդ հուլիսից․

«Փրկարարական ոլորտում աշխատանքները կազմակերպելիս մտահղացումները գնալով ընդլայնվում են, հնարավորինս փորձում ենք նորագույն տեխնոլոգիաներ կիրառել, որ ավելի էֆֆեկտիվ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպումը, և մտահղացում առաջացավ, որ անօդաչու թռչող սարքերը փրկարարական ոլորտում կիրառենք՝ որպես հետախուզական միջոցներ, ինչպես նաև իրազեկման համար»։

Փրկարար ծառայության փոխգնդապետը նշում է՝ մինչև կիրառման մեջ դնելը փորձարկումներ են արվել․ դրոններով հնարավոր է մինչև 6 կգ քաշով իրեր բարձրացնել, օրինակ՝ փրկարարական օղակ նետել լճի ցանկացած մասում գտնվող և դրա կարիքն ունեցող մարդուն։ Դրանցով նաև լողորդների իրազեկման աշխատանք են տանում․ ԱԹՍ-ին ամրացված սարքով հիշեցվում են, օրինակ, անվտանգության կանոնները։ Սարքը մյուս և իր հիմնական աջակցությունը փրկարարներին որոնողական աշխատանքների ժամանակ է ցուցաբերում․

«Ջրային տարածքներում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս շատ մեծ էֆֆեկտիվություն ունի․ բարձրությունից ընդհանուր լճի վրա կարողանում է այլ օբյեկտներ ֆիքսել ու կոորդինատները փոխանցել շտաբ, որտեղից էլ արդեն մենք կողմնորոշվում ենք տվյալ կոորդինատներով, մոտենում ենք հնարավոր տուժածին օգնություն ցուցաբերելու նպատակով»։

Նման սարքերը  հատկապես փրկարարահետախուզական աշխատանքների ընթացքում կարող են մեծապես օգնել՝ ասում է փրկարար ծառայության փոխգնդապետ Գարեգին Հակոբյանը։

«ԱԹՍ-ները հետախուզության նպատակով օգտագործվում են տարբեր ոլորտներում՝ հրդեհաշիջման աշխատանքների ժանանակ, անանցանելի վայրերում լեռնափրկարարական և այլ որոնումներ իրականացնելիս, որտեղ հնարավոր չէ, որ ֆիզիկական անձը ոտքով անցնի, քայլի, կլինի լեռնային վայրերում, կլինի անտառային գոտիներում, օրվա տարբեր ժամերին հնարավոր է կիրառել ԱԹՍ-ները, եթե եղանակային պայմանները թույլատրում են»։

Սևանա լճի տարածքում անօդաչու թռչող սարքեր կիրառելու մեծ անհրաժեշտություն դեռ չի առաջացել։ Նախորդ տարի սարքը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործվել է մեկ անգամ, երբ մառախլապատ լճում մարդուն որոնելիս պետք է եղել դրա գիշերային տեսանելիություն ապահովելու հնարավորությունը։ 35 օրվա որոնողական աշխատանքներից 20-ի ընթացքում այն աշխատել է փրկարարների հետ՝ նրանց հավասար։  Այս տարի  փրկարար սարքը գործի է դրվում է 2-րդ անգամ։

Back to top button