Դպրություն

Վերապատրաստման դասընթացները՝ հայապահպանության կարևոր գործոն․ «Դպրություն»

Սփյուռքահայ ուսուցիչների 2022 թվականի վերապատրաստման ծրագիրն այս տարի անցկացվում է համակցված (առկա և հեռավար) ձևաչափով:

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ամենամյա պետական ծրագիր է, որն իրականացվում է 2000 թվականից, որի նպատակներն են գիտելիքի փոխանցումը, փորձի փոխանակումը և նոր կարողությունների ձևավորումը։

Այս տարի առկա վերապատրաստմանը մասնակցում են «Հայ մշակույթի պատմություն և արվեստ» դասավանդող մանկավարժներ։

Ստեղծվել է ուսուցիչների միավորման մեկ ընդհանուր ցանց, որի շնորհիվ նրանք շփվում են միմյանց հետ, փոխանակում տեղեկություններ, փոխադարձ օժանդակում են դասավանդման հարցերում:

Իրանի Իսլամական հանրապետությունից Ժոզեֆ Սուքիասյանը ծրագրին մասնակցում է դեռևս 2016 թվականից։ «Թեհրանում կա 10 հայկական ամենօրյա դպրոց։ Բայց, միևնույն է, այս դպրոցները պետական ծրագրով են դասավանդում և հայոց լեզվի ժամերը քիչ են։ Մենք փորձում ենք դասավանդվող բոլոր առարկաները փոխանցել երեխաներին, բայց քիչ է նաև նրանց կապը հայ մշակույթին հետ, որը ուսուցիչներից կողմից անչափ կարևորվում է։ Սրա բացակայությունն էլ ունի մի քանի պատճառ, սակայն, հիմնականում կախված է ընտանիքից։ Մենք աշխատում ենք ամեն կերպ մեր մշակույթը փոխանցենք մեր երեխաներին։ Եվ այս վերապատրաստման դասընթացները առիթ են, որ հանդիպենք աշխարհի տարբեր երկրներում գործող մեր հայրենակիցներին, մեր գործընկերներին, ունենանք փորձի փոխանակում, որը ևս անչափ օգտակար է սփյուռքի ուսուցչի համար»,– ասում է Ժոզեֆ Սուքիասյանը և հույս հայտնում, որ հայրենիքի հետ կապը ավելի սերտացնելով՝ համայնքում հնարավոր է էլ ավելի հզորացնել ինքնության պահպանության գործընթացը։

«Ռուսաստանի Դաշնությունում վտանգը կա արագ ձուլվելու, և նույնիսկ այնտեղ ծնվող և մեծացող երեխաները իրենց մայրենի լեզուն համարում են ռուսերենը։ Այստեղ իհարկե անչափ կարևոր է ընտանիքի գործոնը, որտեղ շատ–շատերը, չգիտես ինչու, չեն խոսում հայերեն։ Իսկ ե՞րբ կարող ես քեզ համարել հայ, պարզ է, երբ քո երեխան հայերեն է խոսում»–, ասում է Նելլի Դանիելյանը Ռուսաստանի Դասնությունից և հավելում, որ յուրաքանչյուր հայ, ով ապրում է որևէ երկրում, պետք է լինի իր տարածաշրջանի փոքրիկ դեսպանը՝ հայապահպանության ակունքներում կանգնած, տարածի հայերենը, հայի պատմությունը և մեզ ժառանգված հարաշալի մշակույթը։

Վերապատրաստման դասընթացների մասին խոսելիս սփյուռքահայ ուսուցչուհին փաստում է․ «Մենք ունենք անշուշտ վերապատրաստման պահանջը։ Կրթությունը առաջ է ընթանում, պահանջներ են փոխվում և այս վերապատրաստաման դասընթացների շնորհիվ սփյուռքում գործող ուսուցիչը վերադառնում է իր կեցության երկիր՝ հայրենիքից ներշնչված և գիտելիքով ու փորձով հարստացած»։

Back to top button