ԿարևորՀասարակություն

Մեդալները շատ, բայց գնահատականները՝ ցածր․ ինչպե՞ս են տատանվում «կրթության կշեռքի» նժարները

Հարություն Վարդանյան
«Ռադիոլուրի համար»

Մաթեմատիկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է  2 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Եվ, ընդհանրապես, վերջին շրջանում Հայաստանը լուրջ հաջողություններ ունի միջազգային օլիմպիադաներում։ Սակայն, դրան զուգահեռ, հանրակրթության ոլորտում հետընթաց ունենք՝ ահազանգում են փորձագետները։

Մաթեմատիկայով Արայի Խալաթյանը լրջորեն սկսեց զբաղվել միայն 18 տարեկանում և ընդամենը երեք ամիս հետո մաթեմատիկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում նվաճեց բրոնզե մեդալ։ Մինչ այդ ինֆորմատիկայով էր հետաքրքրվում, օլիմպիադաներից մեդալներ շահել։ Այս տարի որոշեց «բախտը փորձել» ոլորտում, որտեղ մինչ այդ հաջողություն չէր ունեցել․ չէր ստացվում։

«8 օրով Օսլոյում ենք եղել։ Օլիմպիադան շատ հետաքրքիր էին կազմակերպել։ Մեզ տարան թանգարաններ, քաղաքապետի հետ հանդիպեցինք։ Մեդալները մեզ հանձնեցին այնտեղ, որտեղ Նոբելյան մրցանակաբաշխությունն է անցկացվում»։

Մաթեմատիկայի 63-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանը ներկայացնում էր 6 աշակերտ: Թիմային հաշվարկում մեր երկրինն էր 26-րդ հորիզոնականը։ Արային պատմում է օլիմպիադային նախորդած դժվար երկու ամիսների մասին։

«Կարծում եմ՝ ամենադժվարը ժամանակն արդյունավետ օգտագործելն էր։ Օլիմպիադան երկու օր է անցկացվում, ամեն օր 4,5 ժամում 3 խնդիր պետք է լուծել։ Թվում է՝ շատ ժամանակ կա, բայց հենց սկսում ես խնդիրների վրա աշխատել, նկատում ես, որ ժամանակ քիչ է մնում, ու չես հասցնում վերջին խնդիրները լուծել։ Երկրորդ օրն ինձ ժամանակը չհերիքեց ավել միավորներ ստանալու համար»։

Արեգ Բարսեղյանի ձեռքին իր բրոնզե մեդալն է, բայց արդեն ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադայի։ Ֆիզիկայով լրջորեն զբաղվում է 7-րդ դասարանից։

52-րդ միջազգային օլիմպիադային մասնակցում էին 79 երկրի ավելի քան 300 աշակերտ: Գիտելիքների չափման միջազգային մրցավազքն այս անգամ առցանց էր, ինչն Արեգին պակաս հետաքրքիր է թվում։

«Միջազգային օլիմպիադաներում առհասարակ մարդիկ ստեղծում են նոր կապեր, ծանոթանում իրենց ոլորտի տարբեր երկրների լավագույն աշակերտների հետ, և այս տարի ինչքան էլ փորձեցին առցանց ձևաչափով օլիմպիադան իրականացնել, միևնույն է՝ ամենալավ մակարդակով իրականացնել հնարավոր չէ»։

Օլիմպիական բարձունքի հասնելու ճանապարհին Արեգը նկատում է մեզ մոտ առկա լուրջ խնդիրները ու երազում՝ լաբորատորիաներ լինեին, ֆիզիկայի ուսուցումը լիներ ինտերակտիվ, կատարվեին շատ փորձեր․ անելիքները շատ են։

«Շատ դպրոցներում չկան լաբորատորիաներ, ու դա կարող է պատճառ հանդիսանալ ֆիզիկայից հիասթափվելուն։ Եթե ես այսքան ժամանակ միայն տեսական գիտելիքներով սահմանափակվեի, չտեսնեի՝ ինչ է կատարվում իրականում, ինչպես է բնությունն աշխատում, հնարավոր է՝ այսպիսի սեր չառաջանար ֆիզիկայի հանդեպ»։

Դեռ ամփոփ տվյալներ չկան, թե այս տարի Հայաստանից քանի աշակերտ է մասնակցել միջազգային օլիմպիադաներին, բայց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը «Ռադիոլուրին» ներկայացնում է տարվա արդյունքները՝ շեշտելով՝ Հայաստանը ունի լուրջ հաջողություններ և կայուն արդյունքներ է ցուցաբերում։

«Եթե 2019 թվին 17 մեդալակիր ենք ունեցել, ապա 2020 թվականին՝ 16-ը, 2021 թվականին՝ 19, այս տարի 16 մեդալակիր ունենք, բայց դեռ երկու օլիմպիադա՝ ինֆորմատիկայի և աստղագիտության օլիմպիադաները, չեն անցկացվել, և եթե այնտեղ էլ արդյունքներ գրանցենք, ապա դա շատ կավ կլինի։ Ամենաբարձր արդյունքը Հայաստանը գրանցել է 2019 թվականին։ Կարելի է ասել, որ ունենք կայուն արդյունքներ»։

Միջազգային օլիմպիադաներում մեր հաղթանակների ու մեդալների կողքին մասնագետները «կրթական կշեռքի» մյուս նժարին են դնում հանրակրթական ոլորտի խնդիրները։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի դիտարկմամբ՝ հանրակրթության որակի անկումն արտահայտվում է նաև համալսարանի տարբեր ֆակուլտետներում դիմորդների պակասով։ Նման պատկեր է նաև բնագիտական հոսքերում, չնայած միջազգային ասպարեզում Հայաստանը պահպանում է իր միջին մակարդակը։ ԵՊՀ-ի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մեկ այլ ուշագրավ միտում է նկատում․

«Մտահոգվելու տեղ, իհարկե կա։ Ցավոք միջին մակարդակը ավելի ընկնում է։ Հիմա այնպես է ստացվել, որ մեր ուսանողների շրջանում չունենք այսպես կոչված միջին խավ։ Կամ շատ լավ աշակերտներ ունենք, որոնք ձգտում են ինչ-որ բանի հասնել, բայց շատ մեծ թիվ է կազմում «խոտանը», որոնք լիկվիդից լիկվիդ, կուրսից կուրս փոխադրվելով ավարտում են»։

Արային ու Արեգն իրենց օրինակով հաստատում են դեկանի դիտարկումը։ Արային ուսումը շարունակելու է համակարգչային գիտություն բաժնում՝ Կանադայի «Վատերլո» համալսարանում։ Արեգը, որ նույնպես կրթությունը արտերկրում շարունակելու մտադրություն ունի, ասում է՝

«Ուզում եմ զբաղվել գիտությամբ, բայց ավելի կիրառական ուղղվածությամբ՝ սովորական ծրագրավորող կամ տեսաբան չեմ ուզում դառնալ»։

 Կրթության մտահոգիչ խնդիրների կողքին  Արեգի ու Արայիի օրինակն է և այն, որ ,  օլիմպիադաներում մեդալների թիվը գալիս է հակակշռելու կրթության որակի խնդիրներին։

Դեկան Արթուր Սահակյանը բացատրում է՝ կան առանձին մասնագետներ, որոնք   ակտիվ աշխատում են օլիմպիականների հետ և զարմանալի չէ, որ հաջողություններ կան։ Փորձագետը նաև հարցի մյուս կողմն է նայում։   

«Դա պայմանավորված է «բևեռացված կրթությամբ», բևեռացված, որովհետև լավագույն աշակերտները հավաքված են մի քանի դպրոցում, և եթե մենք նայենք միջազգային օլիմպիադաների նույնիսկ միայն մասնակիցների ցուցակը, մենք կտեսնենք, որ մատների վրա կարելի է հաշվել այն դպրոցները, որոնցից աշակերտները մասնակցում են օլիմպիադաներին»։

Ստացվում է տարօրինակ հակակշիռ՝ մի կողմում կրթական համակարգի խնդիրներն են ու ցածր գնահատականները, մյուս կողմից՝ օլիմպիադաների մեդալներն ու ոգևորիչ միտումները։

Back to top button