ԿարևորՀասարակություն

Ջուրը կթանկանա, հոսանքի սակագինը, հնարավոր է, նվազի

Եթե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարի «Վեոլիա ջուր» ընկերության նոր հայտը, 2023թ հունվարի մեկից սպառողները կրկին ջրի համար ավելի բարձր կվճարեն, այս անգամ 9 դրամով ավելի, այսինքն՝ 209 դրամ ներկայիս 200-ի փոխարեն։ Ջրամատակարար ընկերությունն արդեն հայտով դիմել է հանձնաժողովին։ Հանձնաժողովից «Ռադիոլուր»-ին փոխանցել են՝ դեռ 80  օր ունեն՝ ուսումնասիրելու հայտը։ Առաջիկայում կառավարության հետ կքննարկեն նաև առաջարկի փոխհատուցման հարցը։ Սակայն դեռ հստակ չէ՝ սուբսիդավորում կլինի, թե այլ տարբերակ կգտնեն։ Սեպտեմբերից էլ հոսանքի սակագնի վերանայման գործընթացը կսկսվի։ Հանձնաժողովում չեն բացառել՝ եթե փոխարժեքի տատանման այս տեմպը շարունակվի, հնարավոր է, որ հոսանքի գինը ոչ թե բարձրանա, այլ՝ իջնի։ Իսկ գազի սակագնի մասով այս պահին քննարկում չկա։

Մանրածախ ջրամատակարարման ծավալների փոփոխություն, սղաճ, էլեկտրանէերգիայի սակագների փոփոխություն, ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործելիս ստացվող լրացուցիչ եկամուտներ․ այս 4 գործոնով պայմանավորված ու ըստ վարձակալության պայմանագրի՝ «Վեոլիա ջուր»-ն ամեն տարի դիմում է ՀԾԿՀ՝ սակագնի ճշգրտման հայտով։ Այս տարին էլ բացառություն չէ․ ընկերությունն այս անգամ առաջարկում է 9 դրամով բարձրացնել ջրի սակագինը՝ 200-ից 209 դրամի։ ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլխիանյանը «Ռադիոլուրին» ասում է՝ 80 օր ունեն՝ հայտն ուսումնասիրելու համար, սահմանելուց հետո էլ ուժի մեջ կմտնեն 30 օր հետ։ Ջրային օրենսգրքով նաև նվազագույն մեկ տարի ժամկետ է սահմանված, ուստի եթե գները փոխվեն,  ուժի մեջ կմտնեն 2023-ի հունվարի 1-ից։  Ընդ որում՝ 2022-ի հունվարից 20 դրամով արդեն թանկացել է ջուրը, ինչը չի տարածվել սոցիալապես անապահովների վրա։

«Նշեմ, որ հիմնական ազդող գործոնը սղաճի բարձր՝ 83 տոկոս մակարդակն է»։

2018թ․-ին վարչապետը հայտարարել էր, որ «Վեոլիա ջրի» հետ պայմանավորվածությամբ մինչև 2024 թ ջրի գինը չի բարձրանալու, սակայն հաջորդիցվ գինն արդեն մեկ անգամ բարձրացել է, ևս մեկ բարձրացում հնարավոր է եկող տարեսկզբին։ Որպես պարզաբանում՝ նախորդ տարեվերջին Փաշինյանը հայտարարել էր՝

«Մենք իրավիճակը շատ լուրջ վերլուծել ենք և որոշակի բացեր ենք արձանագրել գործող իրավապայմանագրային համակարգում: Այո, մենք կարող ենք պահել, որ մինչև 2024-ը ջրի գինը չբարձրանա, բայց 2024-ին այնքան բարձրանա, որ համաչափության խնդիր ունենա։ Նախկինում ձևավորված որոշակի պարամետրեր կային, որ հետագայում վերլուծեցինք ու հասկացանք, որ եթե հիմա այս լուծմանը չգնանք, 2024-ին այնքան կբարձրանա, որ դե յուրե մենք կմնանք դրա շրջանակում, բայց դե ֆակտո կստացվի, որ մինչև 2024-ին չի բարձրացել, բայց 2024-ից հետո մի բան էլ կրկնակի բարձրանում և դուրս է գալիս»։

Նույնն էլ ՀԾԿՀ-ում են պարզաբանում․ անցյալ տարի քննարկել են ու բազիսային այնպիսի սակագներ դրել,որ կտրուկ տատանումներ չլինեն։ Բացի այդ, Աշոտ Ուլիխանյանի խոսքով՝

«Այն ժամանակ կանխատեսումների հիմքում դրվել էր նախորդ տարիների միջին սղաճի ցուցանիշը՝ 3 տոկոս։ Եթե մենք ունենայինք սղաճի այդ մակարդակը, կունենայինք այսօրվա գործող սակագներին մոտ սակագներ»։

Հանձնաժողովում նաև նշում են՝ կառավարության հետ կքննարկեն առաջարկի փոխհատուցման տարբերակներ․ կսուբիսդավորվի առաջարկը, թե այլ մեխանիզմներ կգտնեն՝ պարզ չէ։

Բայց հանձնաժողովում միայն ջրի գնի հարցով չէ, որ զբաղված են։ Սեպտեմբերից կնախաձեռնեն Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը, որպեսզի մինչև փետրվարի 1-ը նոր սակագները հայտնի լինեն։ Այստեղ էլ 80 աշխատանքային օր է սահմանված։ Արդյո՞ք փոխարժեքի նվազումը կբերի հոսանքի գնի փոփոխման, և որ ավելի հավանական է՝ նվազման․ փոխարժեքը գործոններից մեկն է՝ ասում Աշոտ Ուլիխանյանը․

«Փոխարժեքը, միանշանակ, հաշվի է առնվելու, եթե մինչև տարեվերջ այսպես շարունակվեց, միանշանակ սպառողների վրա դրական ազդեցություն ունենալու է»։

Կան նաև այլ գործոններ․ մեծ ազդեցություն ունեցող գործոններից է հոսանքի արտադրության և սպառման հաշվեկշռի փոփոխությունը։ Ինչպիսի փոփոխություն կա՝   պարզ կլինի, երբ կսկսեն գործընթացը և կստանան օպերատորների տվյալները։ Փետրվարից արդեն հոսանքի գինը բարձրացել է։ Ըստ հաշվարկների՝ բաժանորդի հոսանքի  ամսական ծախսն ավելացել է 400-700 դրամով։

Սոցիալապես անապահով խավի համար գազի, ջրի ու հոսանքի գները մնացել են անփոփոխ։ Ամեն դեպքում, ըստ հաշվարկի, միջին վիճակագրական ընտանիքի ծախսն այց թանկացումներից ավելանում է մոտ 1500 դրամով։

Գազի սակագների մասով․ ապրիլի 1-ից էլ 4․7 դրամով գազն է թանկացել։ Մինչ այդ հայտարարվում էր, որ Հայաստանում 10 տարի սահմանին գազի գինը կմնա նույնը։  Կառավարութէյունը փոփոխությունը բացատրեց գազի կալորիականության ճգրտմամբ։  Գազի սակագնի նոր փոփոխության մասին այս պահին քննարկումներ դեռ չկան՝ վստահեցնում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։

Back to top button