ԿարևորՔաղաքական

Զինյալների ներթափանցման և թմրանյութի ներկրման փորձեր՝ Սյունիքի կողմից․ հայ-իրանական սահմանը՝ «հայ-ռուսական ձեռքերում»

Հայ-իրանական սահմանային գոտում քաղաքացիների տեղաշարժի կարգ է փոխվել, ավելացել են ստուգումները․ այս տեղեկությունը, բացի անվտանգային հարցերից,  միանգամից առաջացրեց նաև քաղաքական ենթադրություններ, թե ինչու են ձեռնարկվում այդպիսի լրացուցիչ գործողություններ։

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը պարզաբանել է վիճակը՝ խնդրելով ըմբռնումով մոտենալ իրավապահ մարմինների օրինական պահանջներին։ Իսկ Մեղրիի համայնքապետը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում վստահեցրել է՝ արտառոց ոչինչ չկա, խստացումները բացառապես անվտանգային նկատառումներով են։

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պարզաբանումներից Հայաստանի բնակչությունը նախօրեին տեղեկացավ, որ 2021 թ-ին Մեղրիի սահմանապահ ջոկատի հատվածում ռուս սահմանապահները ձերբակալել են երկու զինյալի՝ զենքով, նռնականետներով և մեծաքանակ զինամթերքով, որոնք ապօրինի մուտք էին գործել Իրանից: Արձանագրվում են ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման դեպքեր, նաև ավելացել են Իրանից Հայաստան թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի՝ հաշիշի, մեթամֆետամինի, հերոինի ապօրինի տեղափոխման փորձերը։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում սա հաստատում է նաև Մեղրիի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը՝ վկայակոչելով հենց ռուս սահմանապահների տվյալները։

«Ըստ իրենց, այս տարվա ընթացքում արդեն 30 դեպք են ունեցել՝ և սահմանախախտի, և ապրանքների ապօրինի շրջանառության, և այլն, և այլն»։

Այս իրավիճակով են սահմանապահները և համայնքի ղեկավարությունը պայմանավորում Մեղրիում սահմանապահների մոդուլային հենակետերի ավելացումը և Մեղրի-Ագարակ ճանապարհին քաղաքացիների տեղաշարժի վերահսկողության ուժեղացումը։ Մեղրիի համայնքապետն ամեն դեպքում արտառոց ոչինչ չի տեսնում։

«Այդքան էլ լուրջ չեն խնդիրները, սա սովորական ծառայություն է ռուսական սահմանապահների կողմից։ Այո, կան ժողովրդի մեջ դժգոհություններ, երբ կանգնեցնում են իրենց մեքենաները և ստուգում են՝ ուր են գնում, ունե՞ն փաստաթուղթ, թե ոչ։ Իսկ այդ ամեն ինչը համապատասխանում է «Պետական սահմանի մասին» օրենքին։ Այդ 5 մոդուլային հենակետը, որ նոր է ավելացել, մոտ 8-9 ամիս է, հոգեբանական ճնշվածություն է առաջացնում ժողովրդի մոտ, բայց պետք է գիտակցաբար մոտենանք այդ ամեն ինչին, իսկ ռուսական սահմանապահ զորքերն էլ իրենց աշխատանքը պետք է գրագետ կազմակերպեն, որպեսզի չվնասի մեր քաղաքացիներին, սթրեսի չենթարկեն և ամենակարևորը՝ երկկողմանի փոխըմբռնումով պետք է հասկանան և քաղաքացիները, և ՌԴ սահմանապահ զորքերը»։

«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանի կառավարության, Ազգային անվտանգության ծառայության և այլ իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ են այս տարեսկզբին ստեղծվել սահմանային հսկողության ծառայության մի շարք կահավորված դիրքեր։ Մոդուլները խիստ ժամանակակից են և, ըստ ամենայնի, ժամանակավոր չեն։ Հարկ եղած դեպքում պետք է վերահսկեն անձանց և տրանսպորտի տեղաշարժը՝ մաքսանենգության, անօրինական միգրացիայի և այլ իրավախախտումների հայտնաբերման, կանխման և խափանման նպատակով: Այսպես է պաշտոնապես հիմնավորում ռուսական սահմանապահ ծառայությունը։

Հայկական վերլուծական դաշտում շրջանառվում է, որ այսպիսով ռուսական կողմը նախապատրաստվում է «Զանգեզուրի միջանցք» կոչվածի վերահսկողությանը, մինչդեռ բացի սահմանապահներից այլ ուժեր, մասնավորապես խաղաղապահներ այնտեղ տեղակայված չեն՝ պնդում են ռուսական կողմից։

Մեղրիի ղեկավարն իր հերթին նման ասեկոսեներին և վերլուծություններին արձագանքում է․

«Ֆեյսբուք սոցիալական ցանցը դարձել է մի հատ վերլուծական կենտրոն, ով առավոտը շուտ է արթնանում, վերլուծություն է անում ու իր մտքի գոհարները հրապարակում, խուճապ առաջացնում։ Խորհուրդ կտայի, որ մեր քաղաքացիները հետևեին պաշտոնական հայտարարություններին։ Երբեք չի կարելի վտանգը հերքել, երբեք չի կարելի բացառել, որովհետև մենք աշխարհագրական այնպիսի տեղում ենք ապրում ու ոչ միայն մեղրեցիները, այլ ընդհանրապես ՀՀ-ն, հատկապես, երբ մեր հարևանները՝ թուրքերը և ադրբեջանցիները, անկանխատեսելի են, ամեն ինչ նրանց հետ վտանգավոր է։ Երբեք չեմ բացառում նրանց դեպքում ոչ մի բան»։

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից սահմանային գոտում տեղաշարժվող քաղաքացիներին խնդրում են ըմբռնումով մոտենալ իրավապահ մարմինների օրինական պահանջներին։ Հորդորում են իրենց մոտ պահել փաստաթղթեր։ Քաղաքացիների որևէ տեղաշարժ, սակայն, չի սահմանափակվում՝ նշում է Բագրատ Զաքարյանը։

Ամեն մեկը զբաղվում է իր գործով, իր աշխատանքով։ Մեկը տուն է սարքում, մեկը այգեգործությամբ է զբաղվում, մյուսը հանքարդյունաբերությամբ է զբաղվում։

Մարդկանց տեղաշարժը ազա՞տ է և հանգի՞ստ։

Իհարկե, ամբողջությամբ։

Ռուսական ներկայությունը հայ-իրանական սահմանին նոր չէ։ Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական ​​սահմանի պաշտպանությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» միջպետական պայմանագրի հիման վրա՝ ստորագրված 1992-ին:

Back to top button