ԿարևորՀասարակություն

Անպտղության դեմ բույսեր, ձուկ ու պանիր․ երևանյան բացօթյա առևտրի ապօրինի «հմայքը»

Երևանի քաղաքապետարանն ամենօրյա ռեժիմով պայքարում է փողոցային բացօթյա ապօրինի առևտրի դեմ․ «Ռադիոլուրին» հայտնում են՝ միայն վերջին 2 ամսում վարչական իրավախախտումների  շուրջ 300 արձանագրություն է կազմվել, սակայն 70-200 հազար դրամ տուգանքը ցանկալի արդյունքը չի տալիս․ երևանյան փողոցներում շոգին՝ հակասանիտարական պայմաններում ամեն անկյունում միրգ–բանգարեղեն, ձուկ, կաթնամթերք են վաճառվում։ Քաղաքապետարանն ասում է՝ ապօրինի առևտրով զբաղվողներին բազմիցս զգուշացրել, առաջարկել են տեղափոխվել Երևանի գյուղատնտեսական շուկաներ, առևտրականները, սակայն, հրաժարվում են, հաճախ տուգանվելուց հետո էլ վերադառնում իրենց  առևտրին։

Ոտքի տակ, անմիջապես մայթեզրին, փողոցի ամեն անկյունում միրգ-բանջարեղեն, միս-կաթնամթերք, ներքնազգեստի տեսականի, անգամ անպտղության դեմ դեղաբույսեր՝ երևանյան բացօթյա ապօրինի առևտրի պատկերն է՝ իր ողջ չակերտավոր «հմայքով»։ Քաղաքացիներն էլ, ինչ խոսք, հմայքը տեսնում են առանց չակերտների։

«Կանգառի ու աստիճանների արանքում, երբ աստիճանները բարձրանում ես ու պիտի քայլես, ոտքդ կարա հայտնվի մառոլի կամ վարունգի մեջ․․․ մի քանի քայլ հետո ձուկ, պանիր, կանաչի․ ինչ ուզեք՝ կգտնեք»։

Սոնան կենտրոնում է ապրում, «Ռադիոլուրին» պատմում է՝  տարիներ շարունակ փորձում է ինչ–որ կերպ պայքարել իրենց տարածքի ապօրինի առևտրականների դեմ։ Նույնիսկ լուսանկարահանել է, ուղարկել քաղաքապետարան, համայնքապետարան, բայց առևտրականները նույն տեղում են, ապրանքը՝ նույնպես, դեռ մի բան էլ տեսականին է ավելացել։

«Պատասխանում են, որ գնացինք, տուգանեցինք, բայց կես ժամ չանցած նույն առևտրականները նույն տեղում կանգնած են։ Օրինակ, Ժամանակակից արվեստի թանգարանի «Բոչկաներ» կոչվող սիրուն շենքի հետևի պատը դարձել է մթերքի պահեստ, ու մարդկանց համար դա նորմալ է»,-պատմում է Սոնան։

Քաղաքապետարանից «Ռադիոլուրին» մանրամասնում են՝ միայն վերջին 2 ամսում  ապօրինի բացօթյա առևտրի վարչական իրավախախտումների շուրջ 300 արձանագրություն է կազմվել։ Առևտրի և ծառայությունների վարչության պետի տեղակալ Էդուարդ Ամիրաղյանը պարզաբանում է գործընթացը։

«Քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցներն ամենօրյա ստուգայցեր են անում, երբ առաջին անգամ են նկատում բացօթյա ապօրինի առևտուր, զգուշացնում են, բացատրում են օրենքը, երկրորդ անգամ հայտնաբերելու դեպքում արդեն վարչարարություն է իրականացվում և վարչական տույժ է նշանակվում, սակայն շատ քաղաքացիներ կան, որ վարչական տույժ նշանակելուց հետո կրկին շարունակում են իրենց իրավախախտումը»։

Բացօթյա առևտրի տուգանքն առաջին անգամ  70-100, կրկնվելու դեպքում՝  200 հազար դրամ է։ Ամիրաղյանն ասում է՝ շատ դեպքերում առևտրականները սնանկ են ճանաչվում, և տուգանքն էլ այդպես մնում է թղթի վրա։

Տիկին Կարինեին հանդիպեցինք հայտնի Փակ շուկայի հարևանությամբ․ ասում է՝ ինքը շուկայի «հնաբնակներից» է․ շուկայի փակվելուց հետո  տեղավորվել է Մաշտոցի պողոտայի մայթեզր։

«Ամեն օր գալիս են, զգուշացնում են, ասում են, որ փողոցային առևտուրը չի կարելի․․․ բայց դե, որ ապրելու ուրիշ հնարավորություն չկա, ի՞նչ անենք, օրինակ ես ոչ նպաստ եմ ստանում, ոչ թոշակ։  Ինչ ուզում են անեն, միևնույն է, ես պետք է մի բան ծախեմ, որ գոյատևեմ»։

Պատմում է՝ իրեն էլ մի քանի անգամ տուգանել են, բայց այլընտրանք չունի, մերժել է նաև քաղաքապետարանի՝ գյուղատնտեսական շուկաներից որևէ մեկը տեղափոխվելու առաջարկը։

«Ես ուրիշ շուկա չեմ գնա, ստեղ եմ ծնվել, մեծացել, ինձ ստեղ բոլորը ճանաչում են։ Ինձ առաջարկում են, ասում են՝ գնա Չարբախի շուկա, ես կենտրոնի մարդ, Չարբախ չեմ գնա, ես ասել եմ, որ մեռնեմ, իմ արձանը կդնեք այս շուկայի դիմաց»։

Բացօթյա առևտրականուհին առևտրից չի բողոքում, ասում է՝ մարդիկ էլ չեն խուսափում իրենց ապրանքը գնել, նույնիսկ արդեն ռուս հաճախորդներ ունի։ Հարցնում եմ՝ արևի տակ ինչպե՞ս եք պահում մթերքը, որ չփչանա․ օրվա ժամից կախված՝ տեղափոխում են, ստվերի տակ դնում, ինչն էլ փչանում է, ստիպված թափում են․ մեր զրույցն էլ պարբերաբար ընդհատվում էր․ առևտրական եռուզեռ է։

«Մենք խնդրեցինք շատ, որ այս գետնանցումը, որտեղ առաջ խանութներ կային, հիմա էլ սարքեն, մեզ տեղ տան, իջնենք այնտեղ, համ տարածքը մաքուր կպահենք համ մեր առևտուրը կանենք»,-ասում է տիկին Կարինեն։

Քաղաքապետարանի առաջարկը միանշանակ է․ Էդուարդ Ամիրաղյանն ասում է՝ Երևանում գյուղմթերքի 22 շուկա է գործում՝ 1300–ից ավելի ազատ տեղով։ Նաեւ պնդում են՝ իրենց բաժինը գործի կեսն է միայն․ քաղաքացին ինքն էլ պետք է ուշադիր լինի, փողոցից, ապօրինի վաճառակետերից ոչինչ չգնի, այդ դեպքում օրինազանցները ստիպված կտեղափոխվեն շուկաներ։ Բայց կան մարդիկ, որոնք  սնունդ գնելու համար փողոցից խանութ մտնելու կարիք չեն տեսնում։ Իրենք էլ ձեռքը օրենքին են մեկնել։

«Բացօթյա ապօրինի առևտրի դեմ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել համապատասխան օրենքների փաթեթ, որով նախատեսվում է տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություններ վերապահել ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու դեպքերում վարչական տույժ կիրառել ոչ միայն տուգանքի տեսքով, այլ նաև կիրառել վարչական տույժ՝ բռնագրավելով գույքը և ապրանքը»։

Քաղաքապետարանից հիշեցնում են՝ օրենքով թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա եղևնի-սոճիների, պաղպաղակի, ջրի և հյութերի զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը։ Մյուս բոլոր դեպքերում կշարունակեն պայքարել օրինազանցների դեմ․ վստահ են՝ օրենքի նախագծի ընդունումից հետո պայքարն ավելի արդյունավետ կլինի։

Դե իսկ սննդաբաններն անգամ հարկ չեն համարում նորից մեկնաբանել՝ արժե փողոցից մթերք գնել, թե ոչ։ Գերադասում են մատնացույց անել աղիքային վարակների մտահոգիչ վիճակագրությունը։

Back to top button