ԿարևորՀասարակություն

Վարձակալել են որպես խոտհարք, բայց փնտրում են հանք․ մարգահովիտցիները դեմ են տորֆի հանքի բացմանը

Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Մարգահովիտ բնակավայրում «Համզաչիման ԷԿՕ» ՍՊԸ-ի հրավիրած լսումները չեն կայացել․ դրանք տորֆի պաշարների երկրաբանահետախուզության նպատակով էին։ Համայնքի բնակիչները  կտրականապես դեմ են ցանկացած հանքի և շեշտում են՝ լսումը հրավիրվել է կարգի խախտումներով: Գյուղում նաև լուրեր կան, թե շահագործող ընկերության սեփականատերը նախկին գյուղապետի մերձավորներից է:

Մարգահովտում հանրային լսումները չկայացան.մարդիկ դեմ են գյուղում տորֆի հանքի շահագործմանն: Այդ մասին հայտարարեցին հանրային լսումներ հրավիրած «Համզաչիման ԷԿՕ» ընկերության ներկայացուցիչներին, որոնք ծրագրում են որպես խոտհարք վարձակալած տարածքում տորֆի պաշար փնտրել։ Սնկի աճեցման պլան էլ ունեն, նաև՝ գյուղում շուրջ 20 աշխատատեղ բացելու: Մարգահովիտցիներն ասում են՝ դեմ են ցանկացած հանքի: Բնակիչներից Անահիտ Մարտիրոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում խոտհարքների հաշվին գյուղում տորֆի հանք բացելը հեռանկարային չի համարում: Առանց այն էլ խոտհարքի խնդիր ունի գյուղը: Ինչո՞ւ պետք է մարդիկ տուժեն, չօգտվեն այդ խոտհարքներից, անասուն պահեն, ապրուստ հոգան, ինչ է՝ մի խումբ մարդիկ որոշել են հարստանալ համայնքի ռեսուրսների հաշվին։

«Միանշանակ դեմ եմ ցանկացած հանքի բացմանը գյուղում, որովհետև գյուղի ռեսուրսները ռազմավարական են, ու գյուղացիներն օգտվում են: Բնապահպանական ու մի շարք այլ տեսանկյուններից հանքի բացումն ավելի շատ բացասական կողմեր ունի, քան դրական»:

Բացի հանրային լսումների մասին իրազեկումը՝ համայնքապետարանի կայքում երկրաբանահետախուզական աշխատանքների մասին բնակիչները ոչ մի տեղեկություն չեն գտել։ Դա անգամ վարչական ղեկավարը չունի: Նման փաստաթուղթ չներկայացվեց նաև լսումներին, ինչն արդեն կարգի խախտում է՝ ասում է Մարգահովիտի նախորդ ավագանու անդամ Էմիլիա Մարտիրոսյանը: Մարգահովիտցիներին նաև լուր է հասել, թե «Համզաչիման ԷԿՕ»-ին վարձակալության են տրամադրվել համայնքի պահուստային հողերից, ինչն օրենքի խախտում է: Տորֆի հանք շահագործելով՝ կմեծանա հարակից խոտհարքների ճահճացման ռիսկը.

Էմիլիա Մարտիրոսյան. «Նախագիծ իրենք չեն ներկայացրել, մենք չգիտենք՝ ինչքա՞ն և ի՞նչ են ուզում արդյունահանեն, ինչպե՞ս, ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել: Կոնկրետ այս հողամասի մասով մենք ավագանու որոշում չենք կարողանում գտնել, միայն համայնքի ղեկավարի որոշում է, որն օրենքը չի թույլատրում»:

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանի խոսքով՝ փորձել են ծանոթանալ երկրաբանահետախուզական նախագծին: Փամբակի հողաշինարար Արտակ Օհանյանը, որի նստավայրն, ի դեպ, Վանաձորում է, վստահեցրել է, որ սա նախնական լսում է, պարզապես ուսումնասիրություն է ենթադրում և փաթեթի կարիք չկա: Ըստ Քոթանջյանի՝ նախագիծ պատվիրելը 2.5 մլն դրամ ծախս է ենթադրում ու մտավախություն, որ ձախողման դեպքում ֆինանսական մեծ վնասներ կկրեն: Հողաշինարարն այս ամենի փոխարեն ՀԿ-ին է տրամադրել 2022-ի ապրիլից տարածքի վարձակալության պայմանագիրը: Ուշագրավ է, որ չկա նաև ավագանու՝ որոշում վարձակալության մրցույթի մասին, ինչը կոռուպցիոն կասկածի տեղիք է տվել։

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյան. «Պետք է լինի ավագանու որոշմամբ, հատուկ դեպքերում համայնքի ղեկավարը նաև միանձյա կարող է որոշել, բայց սա այդ դեպքը չի։ Հիմա անհասկանալի է, թե շրջակա միջավայրի նախարարություն ինչ փաստաթուղթ է ուղարկվել: Կոռուպցիայի չստացված փորձ է»:

Գևորգ Քոթանջյանի խոսքով՝ «Համզաչիման ԷԿՕ»-ի փաստաթղթերից պարզ է դարձել, որ ընկերության սեփականատեր Արտակ Մինասյանը  Մարգահովտի նախկին համայնքապետ Սամվել Անանյանի խնամին է, ով այժմ Փամբակի համայնքապետի տեղակալն է: Բարեկամական կապեր կան նաև համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի հետ։ Շուրջ 2 հա մակերեսով խոտհարքը Մինասյանը վարձակալել է ամսական 1200 դրամ վճարով:  Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը «Ռադիոլուր»-ին ասում է՝ խնամիական կապերի մասին չգիտի. փոքր երկիր է, բոլորն իրար բարեկամ: Հողերը 3 տարով վարձակալելու կարգը հաստատել են ավագանու նախորդ նիստերին, իսկ կոռուպցիա համայնքի ղեկավարը կոնկրետ այս դեպքում չի տեսնում:

«Կոռուպցիոն ռիսկ իմացեք, չկա: Ավագանին ընդհանուր որոշում ունի, որ 3 տարի ժամկետով առանց նոր նիստ հայտարարելու խոտհարքները կարողանում ենք վարձակալության տալ: Վարձակալությունից հետո, եթե մարդը գտնում է, որ այդտեղ ուզում է ուսումնասիրություն անի, գնում է հանրային լսման, եթե դա էլ չի իրականանում, ինքն իր տարածքը օգտագործում է որպես խոտհարք»:

Մեր բնական պաշարների շահագործման մասին կմտածենք, երբ առաջնահերթ համայնքն ու բնակիչը շահեն, ոչ թե հանքարդյունաբերողը՝ասում է Էմիլիա Մարտիրոսյանը: Քանի դա չկա, չի լինի հանրային լսում ու հանքի շահագործման համաձայնություն։

Back to top button