ԿարևորՀասարակություն

Պետական դավաճանության և սմարթֆոնների միջև կապը՝ ԱԱԾ-ի խոշորացույցի տակ

2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո պետական դավաճանության դեպքերով ԱԱԾ քննչական դեպարտամենտում այս պահին քննվում է 7 քրեական գործ,  որպես մեղադրյալ ներգրավված է 40 անձ, որոնցից 7-ը կալանքի տակ է։ Նշված քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պետական դավաճանությունների մի մասը տեղի է ունեցել սմարթֆոնների միջոցով և ռազմական զգոնությունը կորցնելու պատճառով։

Ինֆորմացիայի վտանգավոր արտահոսքը խանխելու նպատակով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները մեծածավալ գործողություններով հայտնաբերել, ՌՈ են տեղափոխել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողների, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց: Զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, իսկ կարգապահական ստուգումներն ուժեղացվել են։

Բջջային սարքեր պահելու դեմ պայքարը բանակում նոր երևույթ չէ, բայց նոր թափ է առնում։ Թեև ժամկետային զինծառայողներին թույլատրվում է ծառայության ընթացքում ունենալ անձնական հեռախոս, բայց խոսքն ամենևին չի վերաբերում սմարթֆոններին։ Մասնագետներն ահազանգում են՝ անվտանգության տեսանկյունից դրանք չափազանց խոցելի են։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյան.

«Ընդհանրապես, սմարթֆոնները, որպես այդպիսին, ոչ միայն բանակում, այլև կիսափակ ռեժիմով կառույցներում պետք է արգելված լինեն, որովհետև դրանք ոչ միայն նկարահանելու ֆունկցիա են իրականացնում, այլև տեղորոշման։ Այսինքն՝ սմարթֆոնների միջոցով կարող են հստակորեն իմանալ կուտակումների վայրը, տվյալ զորամասում կամ տվյալ տարածքում ինչ  քանակությամբ զորք կա։ Այս առումով դա բավականին վտանգավոր է»։

Սմարթֆոնների դեմ կարելի է իրականացնել հաքերային հարձակում՝ փաստացի այն վերածելով գաղտնալսման կամ տեսանկարահանման գործիքի։ Ըստ փորձագետի՝ անձը կարող է ընդհանրապես տեղյակ չլինել այդ մասին ու ակամա տեղեկատվություն տրամադրել։ Բջջայինների օգտագործումը վտանգավոր է հատկապես մարտական հերթապահության ընթացքում։

Չնայած սմարթֆոնների կիրառումն անվտանգության նկատառումներով շարունակում է արգելված մնալ՝ ԶՈՒ-ում քիչ չեն դեպքերը, երբ ժամկետային զինծառայողների մոտ սմարթֆոններ են հայտնաբերվում։ Հատկապես վերջին խմբաքանակի հայտնաբերումը ոչ միայն կոնկրետ ահազանգ է, այլև կարգապահական կոպիտ խախտում։ Սմարթ հեռախոսներ օգտագործած և զինծառայության առօրյայից համացանց լուսանկարներ ներբեռնած մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ ՌՈ բաժիններ են տեղափոխվել և կարգապահական պատասխանատվության են ենթարկվել՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Զինվորական ծառայության առօրյայից լուսանկարների համացանցում, սոցիալական տարբեր ցանցերում թույլատրված չեն, և այստեղ առաջնային հաշվի է առնվում նաև անվտանգության խնդիրը։ Գործողությունները շարունակական են։ Սա առաջին հերթին բխում է հենց մեր զինծառայողների անվտանգության հարցի լուծումից։ Այսինքն՝ սմարթ հեռախոսների կիրառումը և լուսանկարների հրապարակումը անվտանգային մեծ խնդիր է առաջացնում»։

Հաղորդակցության ժամանակակից միջոցների, մասնավորապես՝ սմարթֆոնների կիրառումը պաշտպանության ոլորտում արդեն հասունացած խնդիր է՝ նկատում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը և ընդգծում՝ սմարթֆոնների օգտագործումը բանակում սպառնում է ոչ միայն զինվորների, այլև ազգային անվտանգությանը։ Միայն 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո պետական դավաճանության 7 դեպք է բացահայտվել։

«Մեր ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ կարևոր նախադրյալ էր որոշակի բնույթի հանցագործությունների կատարման համար։ Ընդ որում՝ այդ հանցագործությունները, որպես կանոն, վերաբերում էին դավաճանությունների։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարված պետական դավաճանության դեպքերով ԱԱԾ քննչական դեպարտամենտում այս պահի դրությամբ քննվում է 7 քրեական գործ։ Այդ գործերով որպես մեղադրյալ ներգրավված է 40 անձ, նրանցից 7-ը կալանքի տակ են»։

Նշված քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պետական դավաճանությունների մի մասը տեղի է ունեցել հենց սմարթֆոնների միջոցով և ռազմական զգոնությունը կորցնելու պատճառով։

«Կոնկրետ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հայերենին տիրապետող ներկայացուցիչները սմարթֆոնների օգնությամբ կապ են հաստատում ՀՀ այն քաղաքացիների հետ, որոնք  առցանց հարթակներում զինվորական հագուստով լուսանկարներ են տեղադրում։ Հաստատելով կապեր նրանց հետ՝ շատ դեպքերում նույնիսկ ինտիմ զրույցների միջոցով աստիճանաբար հասնում են նրան, որ քաղաքացիներին դրդում են գումարի դիմաց իրենց որոշակի տեղեկություններ հայտնել»։

Գլխավոր դատախազի խորհրդականն ամենաուղիղ կապ է տեսնում այս դեպքերի և ծառայողների մոտից սմարթֆոնների առգրավման միջև։ Հաշվի առնելով բոլոր ռիսկերը՝ հրատապ անհրաժեշտություն էր առաջացել կանխել առցանց հարթակում լուսանկարների  ու այլ տեղեկությունների հնարավոր հրապարակումը։ Եվ սա այն դեպքն է, երբ պետք է կիրառել բոլոր կոշտ միջոցները՝ ընդհուպ քրեական գործ հարցուցելը, ասաց․

«Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որը երբեմն պատճառ է հանդիսանում շատ ավելի ցավալի հանցավոր դրսևորումների, և այս պահին անհրաժեշտություն է առաջացել ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հնարավորինս սահմանափակվեն նման երևույթները։ Երբ մենք հասնենք այն մակարդակին, երբ մեր զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք կխուսափեն նման հրապարակումներից, նման տեղեկություններ ներբեռնելուց համացանց, այդ դեպքում մենք սմարթֆոնների կիրառման որևէ խնդիր չենք ունենա»։

Խստացումը ողջունելի է, բայց ուշացած՝ նկատում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Եվ խստացումը պետք է սկսել ոչ թե ժամկետային զինծառայողներից, այլ նրանց հրամանատարներից։ Նախ իրենք պետք է կարգապահական օրինակ ծառայեն ստորադասներին։ Ու ոչ միայն սմարթֆոնները, այլև առահասարակ հեռախոսները պետք է քիչ կիրառելի լինեն բանակում, ասում է։ Թեև հասարակ ստեղնաշարով հեռախոսները տեղորոշիչ ֆունկցիա չունեն, բայց անգամ ընտանիքի անդամների հետ հեռախոսով խոսելիս պետք է առավելագույնս զգույշ լինել՝ վստահ լինելով, որ թշնամին կարող է նաև գաղտնալսել։ Մասնագետներն ընդգծում են՝ սոցցանցերում ոչ միայն զինծառայողներն են  մշտադիտարկվում, այլև նրանց ընտանիքի անդամները, հարազատները, որոնք սովորաբար զինված ուժերին վերաբերող տեղեկատվությամբ են կիսվում։

Back to top button