Վերնատուն

Վերադարձնենք «տառի» մշակույթը դպրոց, եթե ուզում ենք ինքներս մեզ ավելի լավ ճանաչել․ «Վերնատուն»

Մեր օրերում վիզուալ հաղորդակցությունը կարևոր և առաջնային դեր ունի․ դա պայմանավորված է հաղորդակցության արագության, տեխնոլոգիական զարգացման և այլ գործոններով։

Վիզուալ մշակույթի դերը, նշանակությունն ու կարևորությունը հասարակության կյանքում կարծես լիովին չի գիտակցվում, արվեստի ու գեղագիտության ուժի հանդեպ թերահավատություն կա։ Ինչո՞ւ։

Արվեստագետ, գեղագիր, Ամերիկյան հալասարանի դասախոս Ռուբեն Մալայանն ասում է. «Ինչո՞ւ մեզանում տառատեսակները չեն զարգանում: Որովհետև մենք գեղագրությամբ չենք զբաղվում, թղթի վրա էքսպերեմենտներ չենք անում, որպեսզի նոր բան ծնվի։ Դա տեղի չի ունենում, քանի որ գեղագրությունը որպես դիսցիպլինա գոյություն չունի»։

Ռուբեն Մալայանն ասում է, որ գեղագրությունը, որպես ուղղություն, չի կարող այլ արվեստներից անջատ զարգանալ. մշակույթը ծառի պես է․ կամ միասնական ծաղկում է, կամ չորանում։

«Եթե դու լավ ճարտարապետություն չունես, դու չես կարող ունենալ լավ երաժշտություն, այդ բոլորը իրար հետ կապված են։ Իմ տագնապն ինչո՞ւմ է. ես զգում եմ, որ այդ ծառը չորացել է»։

Խոսելով գեղագրության առանձնահատկություններից, Մալայանն ասում է, որ գրելու պրոցեսը երաժշտության պես է։ Գեղագրության մեջ էլ կա ռիթմիկա և կատարողականություն։

«Ինձ միշտ հետաքրքրել է՝ ինչու տառի մշակույթը գրքի սահմաններից դուրս չի եկել: Կարող ես լավ նկարիչ լինել, բայց դա չի նշանակում, որ կարող ես գեղեցիկ տառ գրել։ Ես տառը շատ եմ սիրում, քանի որ իր պարզության մեջ փորձում է կատարյալ լինել», – ասում է արվեստագետը։

Ռուբեն Մալայանը շատ է կարևորում միջավայրը, ասում է՝ մինչև միջավայրը չբարելավենք, ոչ մի բան չի փոխվի։ Մեզ նախևառաջ միջավայրն է կրթում։ Կարևորում է նաև արվեստի կրթության մեջ միջդիսցիպլինար մոտեցումները։

Այդ գաղափարները հաշի առնելով՝ Ամերիկյան համալսարանում փորձում են վիզուալ մշակույթի կրթության ծրագիր իրականացնել։

«Արվեստը հասարակության հայելին է․ ուզո՞ւմ եք հասկանալ հասարակությանը, նայե՛ք նրա ստեղծած արվեստին, ուզու՞մ ենք ինքներս մեզ լավ ճանաչենք, եկե՛ք տառի մշակույթը վերադարձնենք դպրոց․ պատկերացրեք՝ ինչ հրաշք կլիներ, եթե երեխաները առաջին դասարանում, իրենց օրը սկսեին «Այբ» նկարելով, գրելով, ճանաչելով։ Գիտե՞ք քանի տեսակ «Այբ» կարելի է գրել։ Այդ դեպքում, նույնիսկ օրը այլ կերպ կընթանա», – ասում է Ռուբեն Մալայանը։

Back to top button