ԿարևորՀասարակություն

Խստացումնե՞ր, թե՞ արտոնություններ․ ինչպես կչափվի բնության վրա ազդեցությունը

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը բուռն քննարկումների առարկա է դարձել։ Շրջակա միջավայրի նախարարությունը վստահեցնում է՝ 5 հանրային լսում է կազմակերպել և լսել շահագրգիռ կողմերի առաջարկները։ Վերջինները, սակայն, առարկում են, իրենց առաջարկներն, ասում են, անարձագանք են մնացել։ Ի՞նչ է նախատեսվում փոխել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման օրենքում, ի շահ կառուցապատողների՞, թե՞ բնության են փոփոխությունները, և հնարավո՞ր է գտնել բալանսավորված տարբերակ։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» օրենքում փոփոխությունների բուռն քննարկումները եզրափակիչ փուլ են մտնում։ Գործադիրը պատրաստվում է դրանք ԱԺ ներկայացնել աշնանը։ Այս ընթացքում 5 հանրային լսում է եղել, ևս մեկը նախատեսվում է։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը գոհ է արդյունքից, չնայած, ասում է, այս ոլորտում բոլորի  ցանկությունները չէ, որ հնարավոր է բավարարել․

«ՇՄԱԳ օրենքը բալանս է կանաչ միջավայրի (որտեղ ցանկանում է ապրել յուրաքանչյուր մարդ, որը վտանգ չի դառնա իր երեխայի ու իր համար, որտեղ ինքը կարող է զբաղվել, օրինակ, գյուղատնտեսությամբ, որն անվտանգ է իր կյանքի համար) և բիզնես միջավայրի, տնտեսական զարգացման և, ըստ էության, տնտեսական ակտիվության ցուցանիշի բարձրացման միջև։ Կառավարությունն իր ծրագրով ստանձնել է հանրության համար երկուսի ապահովումը, սակայն սրանք հակամարտող են, և ՇՄԱԳ օրենքը բալանսն է այս երկու հակամարտող կողմերի միջև»։

Նախագծի հեղինակները բազմաշերտ ու հիմնային փոփոխություններ են խոստանում՝ և՛ խստացնող, և՛ մեղմացնող։ Խստացումներից առաջնայինով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության գործընթաց անցնող ոլորտներն ավելացվում են։ Եթե գործող օրենքով ՀԷԿ-երը ՇՄԱԳ փորձաքննություն անցնում են 1 ՄգՎտ հոզորությունը գերազանցելու դեպքում, ապա այժմ ցանկացած ՀԷԿ-ի փորձաքննությունը պարտադիր է լինելու․

«Բայց սրան զուգահեռ՝ մեղմացնող գործողություններից է, որ այն ժամանակ ունեինք 3 կատեգորիա, իսկ հիմա խմբավորելել ենք 2-ում։ 3-ը՝ խիստ, միջին խստությամբ և ավելի թույլ, հիմա թողել ենք միայն խիստը, իսկ միջինն ու թույլը խմբավորել ենք թույլի մեջ։ Սա բավականին դրական կլինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու ներդրումների ներգրավման առումով, սակայն չի վնասի շրջակա միջավայրին և մարդու կյանքին ու առողջությանը»։

Օրենքը մեղմացնող մեկ այլ կետ էլ 4 հանրային լսման փոխարեն առնվազն 2 հանրային լսում սահմանելն է։ Գաբրելիանի խոսքով՝ խստացումները բավականին շատ են, և եթե ընկերությունն անցնի այդ «ֆիլտրերով», 3-րդ, 4-րդ հանրային լսման  կարիք գուցե չզգացվի։ Սակայն իրավաբան-բնապահպան, «Հայաստանի անտառներ» ՀԿ ղեկավար Նազելի Վարդանյանը լուրջ վերապահումներ ունի․ սա քաղաքացու ձայնը սահմանափակող քայլ է համարում։

«Հիմա ընդերքօգտագործման ռազմավարություն են մշակում, որտեղ գրում են, որ ջրօգտագործումը և հողօգտագործումը հանքարդյունաբերության հետ միասին պիտի գրվի։ Ստացվում է, որ այն ժամանակ առանձին լսում էին անում, օրինակ, ջրօգտագործման թույլտվություն տալու համար, այսինքն՝ անընդհատ հանրությունը հնարավորություն էր ունենում վերահսկել և մասնակցել, հիմա ամեն ինչը հանում են ու ձեռնարկողին, ի վնաս բնության, տնտեսությունը զարգացնելու կանաչ լույս են տալիս»։

Վարդանյանն իր մտահոգությունները ներկայացրել է հանրային քննարկումներին։ Խոստացել են վերանայել նախագիծը, հայտնել, թե առաջարկներն ընդունվել են, սակայն, ասում է, այժմ արդեն կառավարությունում շրջանառվող նախագծում իր առաջարկներից եւ որևէ մեկը դիտարկված չէ․

«Մեկ տարի է անցել, բազմաթիվ քննարկումներ՝ պաշտոնական, ոչ պաշտոնական արվել են, մենակ ես մի քանի անգամ մի քանի էջանոց առաջարկ եմ արել ամեն հոդվածի վերաբերյալ, նստել, առանձին քննարկել ենք, շատ բաների հետ փոխնախարարը՝ Գայանե Գաբրիելյանը համաձայն է եղել։ Հիմա մի քանի օր առաջ լսում են անում, գնում ենք, փոխնախարարը հայտարարում է, որ Նազելի Վարդանյանի բոլոր առաջարկները հաշվի ենք առել։ Ոչ մի առաջարկ․․․ գոնե մի հատ նմուշի համար իմ առաջարկը հաշվի առած լիներ, կասեի՝ հա։ Այսինքն՝ դա հայտարարվում է՝ հաշվի առնելով, որ Նազելի Վարդանյանը երևի կալարի 101-րդ անգամ այդ օրենքը կարդա, ես չեմ զլացել, նորից կարդացել եմ, նորից գրել եմ, որ այս բաները, որ առաջարկել եմ, չեք արել, էս պայմաններում էլի չի գործելու, էլի բնության շահը չենք պաշտպանում»։

Վարդանյանը շեշտում է՝ եթե համայնքի ներկայացուցիչները մասնակցում են լսումներին և ասում՝ ոչ, դա պիտի փաստաթղթավորվի և հաշվի առնվի։ Հակառակ դեպքում հանրային լսումը վերածվում է շոուի։ Նախագծում նկատած կարևոր խնդիրներից մեկը ևս առանձնացնում է․

«Ժամանակին գրված է եղել, որ լսումներն արվում են համայնքներում, և այդ համայնքը համապատասխանել է մեկ բնակավայրի․ խնդիր չի եղել։ Հիմա մի 15-20 բնակավայր միավորվել՝ դարձել են համայնք։ Ու եթե այդ դրույթը մնում է, որ լսումներն արվում են համայնքներում, ստացվում է, որ ազդակիր բնակավայրի ձայնը կորելու է այդ ամբողջ 15-20-30 համայնքների շահի մեջ, որովհետև այդտեղ տարբեր բնակավայրեր տարբեր հետաքրքրություն, տարբեր շահեր ունեն։ Բայց պետք է հաշվի առնել այն բնակավայրի հետաքրությունն ու շահը, որն իրոք ազդեցություն է կրելու, որը ջրից է զրկվելու, որի ջուրը աղտոտվելու է, որը ճառագայթում է ստանալու, ոչ թե ուրիշ բնակավայրի, որը 150 կմ հեռու է գտնվում, ու հակառակը՝ կուզի, որ ինչ-որ գումարներ մտնեն, իր ճանապարհի ու լուսավորության հարցերն էլ լուծեն»։

Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները նշում են նաեւ սպասվող խստացումների, օրինակ՝ խախտումների դեպքում տուգանքների բարձրացման մասին։ Նախարարության իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանի խոսքով՝ պատասխանատվության չափը 100-150-ապատիկից  կբարձրացվի մինչեւ 5000-ապատիկի՝հիմնականում այն դեպքում, երբ Բնապահպանական ու ընդերքի տեսչական մարմնի հայտնաբերած խախտումը չի շտկվի․

«Եթե գործող օրենսգրքում, օրինակ, մինչև 100-ապատիկ կամ 150-ապատիկ է, այս նախագծով ընդուպ մինչև 5000-ապատիկ տուգանք կարող է նշանակվել այն դեպքում, երբ տեսչական մարմնի կողմից խախտումն արձանագրելու և զգուշացնելու դեպքում նորից չի ներկայացնում փորձաքննության։ Մարմինն անհրաժեշտության դեպքում առանց փորձաքննական դրական եզրակացության կամ բացասական եզրակացության գործունեություն ծավալելու համար կարող է կասեցնել տնտեսվարողի գործունեությունը»։

Բնապահպանական համայնքի որոշ ներկայացուցիչներ արդեն հույս չունեն, թե   որեւէ բան կփոխվի։ Սա համարում են ոչ թե օրենքի փոփոխություն, այլ նոր օրենք գրել, ինչն, իրենց բնորոշմամբ, պատշաճ չէ, խստացումները ձևական են և համեմատելի չեն հակաբնապահպանական գործունեություն ծավալողներին տրվելիք արտոնություններին։ Այնուամենայնիվ, կլինի եւս մեկ հանրային քննարկում,  եւ նախագծի հեղինակները պատրաստ են բոլորին լսել։

Back to top button