ԿարևորՀասարակություն

Լաչինին այլընտրանք․ ե՞րբ պատրաստ կլինի ճանապարհը

Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները սկսվել են՝ այս մասին օրերս  հայտարարել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Երեք փուլանոց շինաշխատանքներն իրականացնող «Ճանապարհ» ընկերության տնօրեն Էդուարդ Բեզոյանը «Ռադիոլուր»ին շինարարական աշխատանքների ընթացքի մասին  որոշ մանրամասներն է ներկայացրել։ 

Ահավոր դժվար ճանապարհ՝ ռելիեֆով պայմանավորված

Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիայի նախագահ, «Ճանապարհ» ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Բեզոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում այսպես է բնութագրում Լաչինի միջանցքին որպես այլընտրանք կառուցվող նոր ճանապարհը։ Նրա պարզաբանմամբ՝ նոր ուղին սկսվում է Տեղ գյուղից, որն էլ միանալու է այսպես կոչված այլընտրանքային միջանցքին։ Սա է լինելու Հայաստանից Արցախ գնացող ճանապարհը։ Բեզոյանն ասում է՝ այդ տարածքում որևէ նորմի չհամապատասխանող ու չօգտագործվող արահետ էր, որի հաևրակից տարածքում գյուղացիները հող էին մշակում։

Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի՝ Հայաստանի տարածքում շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերության տնօրենն ասում է, որ շրջանցելու են Կոռնիձորը՝ միանալով Հագարի գետի վրա Ադրբեջանի արդեն կառուցած կամրջին։ Ճանապարհն անցնելու է Արցախի Հին Շեն բնակավայրով ու Շուշիի տեղամասով՝ միանալով ընդհատված ճանապարհին։ Այլընտրանքային ճանապարհի ընդհանուր երկարությունը միջպետական ճանապարհից սկսած 12 կմ է, կամուրջներ, թունելներ չի ներառում։

Ո՞ր փուլում  են աշխատանքները

«Ճանապարհ» ընկերության գլխավոր տնօրենն ասում է, որ ինտենսիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, այժմ հողային աշխատանքներ են  արվում։ «Առավելագույնն անում ենք, որ մինչև տարեվերջ հողային աշխատանքներն ավարտվեն, եթե այլ բարդություններ չառաջանան»,-վստահեցնում է։ Էդուարդ Բեզոյանի խոսքով՝ գարնանն արդեն կսկսեն ասֆալտապատման, ինչպես նաև ճանապարհի կահավորման աշխատանքները։

Հայաստանի վարչապետը նախորդիվ հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ M12 ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց, իսկ դրանից առաջ հրապարակային մրցութային ընթակացարգ էր տեղի ունենում շինարարական կազմակերպության ընտրության նպատակով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ հայտարարել էր, որ մինչև գարուն ճանապարհի կառուցումը կավարտվի։

Back to top button