ԿարևորՀասարակություն

Բերձորից տեղափոխվող ընտանիքները կհանգրվանեն Սյունիքում․ գույքագրվում է ազատ բնակֆոնդը

Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներից կազմված տարբեր խմբերն այս օրերին քարտեզագրում են մարզի բնակավայրերում ազատ տները՝ առկա հարմարություններով, տնամերձ հողամասերով, գոմերով եւ այլն։ Աշխատանքներն ավարտվել են Գորիս քաղաքում, Տեղ համայնքի տարբեր բնակավայրերում։ Գույքագրվող բնակֆոնդը արցախցինեի համար է․ Սյունիքի բնակավայրերում պիտի բնակություն հաստատեն Աղավնոյից և Բերձորից տեղահանված ընտանիքները։

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյան

Նախնական տեղեկություններով՝ խոսքը 114 ընտանիքի մասին է՝ ընդհանուր առմամբ 316 մարդ, որոնք առաջիկա օրերին իրենց բնակության վայրը լքելու են։ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը «Ռադիոլուրի»  հետ զրույցում դեռ դժվարանում է որեւէ թիվ նշել․ ասում է՝ դեռ ճշգրտումներ են արցում։

-Սյունիքի մարզպետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է Բերձորի շրջանից Սյունիք տեղափոխվող ընտանիքների խնդիրներով։ Խնդիրները տարբեր են, հիմնականում ունեն տեղափոխման, կեցության եւ կենցաղային այլ խնդիրներ։ Փորձելու ենք նաեւ կարգավորել նրանց աշխատանքի տեղավորման հարցերը։

-Իսկ մարզում կա՞ն ազատ աշխատեղեր։

-Ներկա պահին ունենք ճշտված ցուցակներ, հիմնականում կրթօջախներում եւ բժշկական հաստատություններում՝ այո, ունենք ազատ աշխատեղեր, որտեղ պատրաստվում ենք տեղավորել մարդկանց, ովքեր ցանկություն կհայտնեն աշխատելու։

-Կա՞ ցուցակ, թե քանի ընտանիք է ցանկություն հայտնել  տեղափոխվելու Սյունիք։

-Դեռ հստակ ցուցակ չունենք, ցուցակագրման աշխատանքներն ենք կատարում, որպեսզի ունենան հստակ թվեր եւ ովքեր որ օրերին կտեղափոխվեն։

Back to top button