ԿարևորՀասարակություն

Արմավիրում բերքի եկամուտը հարկերը չի փակում․ բյուջեի կատարողականից դժգոհ են

Արմավիր խոշորացված համայնքի առաջին կիսամյակի կատարողականը չի գոհացրել համայնքի ղեկավարին. ավագանու արտահերթ նիստում քննարկվել է համայնքային բյուջեով աշխատանքների ընթացքը: Բյուջեն կատարվել է 67.2 տոկոսով՝ նախորդ տարիների համեմատ ավելի ցածր ցուցանիշ,  է, եւպայմանավորում են համայնքների խոշորացմամբ, սխալ պլանավորմամբ և բնակավայրերի վարչական ղեկավարների վատ աշխատանքով:

Սեփական եկամուտների հավաքագրման մասով Արմավիրի խոշորացված համայնքի բյուջեի առաջին կիսամյակի կատարողականը 67 տոկոս է։ Հողի հարկի ամենաշատ մուտքերն ապահովել են Հացիկ և Խանջյան գյուղերը, իսկ Սարդարապատ և Լուկաշին համայնքներում գանձումներ չեն եղել: Արմավիր խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը գոհ չէ արդյունքներից.

«Միջին համայնքային կտրվածքով 67.2 % վատ ցուցանիշ չէ, բայց գոհացուցիչ էլ չէ: Այս հարցը քննարկել ենք վարչական ղեկավարների և պատասխանատուների հետ: Քանի որ առաջին կիսամյակում դեռ չէր մեկնարկել բերքի իրացման գործընթացը, իսկ գյուղական համայնքներում վճարումներն արվում են բերքի իրացումից ստացված գումարով, կարծում եմ՝  հաջորդ՝ երրորդ եռամսյակում պատկերն ավելի լավ կլինի»:

Առաջին կիսամյակում իրացված բերքը ծիրանն էր ու կեռասը: Արմավիրի գյուղերում ջերմոցային տնտեսությամբ գրեթե չեն զբաղվում. բանջարեղենը մշակում են բաց դաշտերում: 10 գյուղի մեծ մասը այգեգործական տնտեսություններ են: Լենուղի գյուղի վարչական ղեկավար Վաղուշ Մուրադյանի խոսքով՝ այս տարի ծիրանի բերքատվությունից  դժգոհ չեն, բայց իրացման դժվարություններ են ունեցել.

«Մի փոքր դժվարությամբ, բայց ամբողջովին իրացվեց: Ծիրանը մեծամասամբ արտահանվել է Ռուսաստան: Համայնքի բյուջեն հիմնված է միայն գյուղատնտեսությունից ստացված եկամտի վրա, ուրիշ եկամուտ համայնքը չունի»:

Բերքն արտահանվել է, գումարը՝ վճարվել՝ վստահեցնում է համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը: Գյուղատնտեսական տարին հաջող է, ոռոգումից էլ չեն դժգոհում.

«Համայնքներում մինչև հիմա ոռոգման լուրջ խնդիրներ չենք ունեցել: Ջրամատակարարման թեթև խնդիրներ են եղել, որոնք լուծվել են: Առաջիկայում ևս մի մեծ փորձություն ունենք՝ խաղողի իրացումը։ Կառավարության մեր գործընկերների հետ քննարկմամբ, վստահ եմ, որ խաղողի բերքի իրացումը ևս հաջող ընթացք կունենա»:

Արմավիր համայնքի հողերը ոռոգվում են Արմավիրի մայր ջրանցքից և խորքային հորերից: Մինչև համայքների միավորումը՝ անցած տարի գյուղերում նոր խորքային հորեր են շահագործվել, կառուցվել են ոռոգման համակարգեր: Անցած տարի Լուկաշինում 3 խորքային հոր է մաքրվել ու վերագործարկվել՝ մեղմելով ոռոգման ջրի սակավությունը։ Բնակիչներն են պատմում.

«Կաղամբ ենք մշակում, ծիրան, սալոր, դեղձ. բոլորս էլ ունենք, մշակում ենք:» «Ծառերն այդքան ջուր չեն պահանջում, բացի դա՝ արդեն արտեզյան ջրհորներ կան»։ «Ոռոգման ջրերը շատ լավ ունենք, արտեզյաններով ջրելու հողերն այս տարի ավելացել է»:

Ոռոգման խնդիրները մեղմվել են, բայց Լուկաշինում առաջին կիսամյակում հողի հարկ չեն վճարել: Խոշորացումից հետո Արմավիր համայնքում ևս 12 խորքային հոր է հիմնանորոգվել,  մի մասը ոռոգման նպատակով, մյուսը՝ խմելու ջրի՝ ասում է համայնքապետը: Ծրագրերը կշարունակվեն նաև այս տարի կառավարության աջակցությամբ.

«2022 թ այլ հատվածներում ևս նախատեսված է խորքային հորերի հիմնանորոգում, մաքրում, գործարկում: Մենք խորքային հորերով համայնքի չոռոգվող հատվածները ոռոգելի դարձնելու ծրագիր ունենք, որը հաջողությամբ իրականացնում ենք»:

Խորքային հորերով է ոռոգվում նաև Արմավիրի կենդանաբուսաբանական այգին՝ 8 հա: Ավագանու վերջին նիստում 50 տոկոսով զիջվեց ոռոգման վարձը: Բուսաբանական այգում շուրջ 50 տեսակի դեկորատիվ ծառ կան:

Տնօրեն Արմեն Թադևոսյան. «Մեկ ժամվա դիմաց վճարում եմ 1600 դրամ, ջրելը տաժանակրություն է: Կարող եք մի գյուղացու հարցնել, թե 8 հա տարածքն ինչպես են ջրում: Հողերը ոռոգելիս իրենք գոնե եկամուտ են ստանում, իսկ ես դեկորատիվ ծառեր եմ ջրում, որպեսզի մեր համաքաղաքացիները մաքուր օդ շնչեն»:

Արմեն Թադևոսյաի խոսքով՝ նախկինում այգին անվճար ոռոգել է մայր ջրանցքից: Ոռոգման պատճառով Արմավիրում չմշակվող հողեր կան Մայիսյան և Մյասնիկյան համայնքներում:

Back to top button