ԿարևորՎերլուծական

Աշխարհաքաղաքական «խաղեր» ռուս-թուրքական բանակցությունների հայ-ադրբեջանական կողմը

Ռուս-թուրքական վերջին հանդիպումը  վերլուծաբանները  համադրում են նաև հայ-ադրբեջանական և հայ-ռուսական շփումների հետ։

Փաստ է, որ հայաստանյան և արցախյան վերջին իրադարձությունների վրա մեծապես ազդում են նաև աշխարհաքաղաքական զարգացումները, հարց է, սակայն, թե ինչ չափով են հայկական շահերն այս համատեքստում պաշտպանվում։

Հայ վերլուծաբաններից շատերն են արդեն փաստում, որ հայկական կողմը դարձել է օբյեկտ․ միջնորդներն իրենց հարցերը փորձում են լուծել հենց հայկական կողմի շահերի հաշվին։ Եթե զուգահեռներ անցկացնենք, ապա վերջին՝ Բերձորի խնդիրն  ու շփման գծում լարվածության նոր սրումն առաջացավ Պուտին-Էրդողան հանդիպման օրերին։ Այստեղ վերլուծաբանները հատուկ շեշտում են՝ չմոռանանք, որ Բերձորը նոյեմբերի 9-ից հետո ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է։ Կարծես ոչ մեկի համար այլևս տարօրինակ էլ չէ, թե ինչու է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընթացքին ակտիվորեն միջամտում Թուրքիան։

Նախօրեին Էրդողան-Պուտին հանդիպման տեսանելի արդյունքն, ըստ վերլուծաբանների, հետևյալն է․թուրքական բանկերն արդեն ներդրում են անում ռուսական «Միր» քարտի մեջ․ Պուտինի խնդրանքն է։ Էրդողանը Ռուսաստանից գազը մասամբ գնելու է ռուսական ռուբլով․ էլի Պուտինի խնդրանքն է։ Հացահատիկով բեռնված երեք նավ ուկրաինական նավահանգիստներից դուրս է եկել դեպի Թուրքիա, այնտեղից՝ Տրիպոլի, ինչը Ռուսաստանի ու ՄԱԿ-ի ուզածն է հացահատիկային միջանցքի առումով։ Սրանք հանդիպումից առաջ և հետո հայտարարված տնտեսական և առևտրային թեմաներն են, բայց  ակնհայտ է, որ խնդրանքները բավարարվում են «քաղաքական առևտրի» նախապայմաններով։ Միջազգայնագետ Արարատ Կոստանյանն առանձնացրել է․

«Պուտինի և Էրդողանի վերջին հանդիպմանը շեշտը դրվել է մասնավորապես առևտրային և տնտեսական խնդիրների վրա՝ գազի հարց, սևծովյան ծովային անցքերի հարց, ցորենի հետ կապված Թուրքիայի՝ միջնորդ հանդիսանալու հարցը և այլն, և այլն։ Բայց հիմնական մեծ խնդիրը, որն այսօր Մերձավոր Արևելքում կա, մեր արցախյան խնդիրն է և Սիրիայի խնդիրը։ Վերջերս Էրդողան-Պուտին-Ռայիսի հանդիպման ժամանակ շեշտը դրվել էր հենց այդ թեմաների վրա»։

Բնական է, որ Թուրքիայի նախագահը մոսկովյան «խնդրանքներին» ի պատասխան ունի նաև իր «խնդրանքները»։ Դրանց թվում է օդանավում Էրդողանի արած հայտարարությունը, թե Սրցախն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում է։ Արդյո՞ք սրա մեջ տեղավորվում է Բերձորի հանձնումն առավելագույն երեք տարվա փոխարեն մինչև երկու տարին լրանալը, հայ վերլուծաբանները չեն բացառում։ Առավել ևս, երբ հանդիպումից երկու օր անց թե «մոսկովյան», թե «թուրքական» խնդրանքներն առարկայական զարգացումներ են ստանում։ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, օրինակ, «քաղաքական առևտրում» կարող է լինել Սիրիայի հարցում կամ ՆԱՏՕ-ում միմյանց աջակցելու տարբերակը։

«Այս հարցերից բացի՝ Սիրիան շատ լուրջ քննարկվեց և Լիբիան, կարծես թե Ղարաբաղն այդքան առաջին պլանում չէր։ Իրոք, Ռուսաստանը հիմա շատ դժվար կացության մեջ է, պատժամիջոցները «ջարդում» են, կատաստրոֆիկ վիճակ է, հիմա Պուտինը չի ցանկանում ինքն ասել, որ պատրաստ է Զելենսկու հետ հանդիպել, Էրդողանի միջոցով է ասում։ Դա նշանակում է, որ Թուրքիայի պահանջած գինը շատ մեծ է, ու այստեղ Պուտինը հարցրեց՝ ինչ է դրա դիմաց ուզում։ Ես հուսով եմ, որ հիմա Էրդողանի համար Ղարաբաղն այդքան էլ կարևոր չէ, մենք շատ բան կորցրինք, Ադրբեջանը ստացավ, ու հուսով եմ, որ ինքը (Թուրքիան-խմբ․) Ղարաբաղը այդ ցանկի մեջ չմտցրեց։ Բայց ամեն ինչ կարող է լինել։ Մենք պետք է դառնանք սուբյեկտ, օբյեկտ չլինենք։ Սուբյեկտ կդառնաս, եթե խելոք, հավասարակշռված, բայց կտրուկ քայլեր կանես։ Օրինակ՝սառեցնել ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը»։

Հայ վերլուծաբանների համար տարակուսանքի առարկա է նաև ՌԴ ՊՆ հաղորդագրությունը։ Առաջին հայացքից այդ գերատեսչությունն արձանագրում է, որ օգոստոսի 6-ին Ադրբեջանը Գեղարքունիքի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով հայկական կողմն ունի մեկ վիրավոր։ Մյուս կողմից հաղորդագրության մեջ օգտագործված «շփման գիծ» ձևակերպումը զարմանալի է։ Փաստորեն, Հայաստանի սահմանը «շփման գիծ է», իսկ դրա խախտումը կոչվում է «շփման գծի խախտում», այլ ոչ թե Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանի խախտում։ Ռուսական կողմի քայլերի առնչությամբ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ուշադրություն է հրավիրում վերջին շրջանում ստորագրված փաստաթղթերի վրա։

«Ռուսաստանը իր «խաղերի» մեջ է, Ռուսաստանն ասում է՝ Ադրբեջանն իմ ռազմավարական գործընկերն է։ Ադրբեջանի հետ լրջագույն փաստաթղթեր ստորագրեց Ռուսաստանը փետրվարին ու հիմա, վերջին ժամանակներս՝ հետախուզական հարցերի հետ կապված, անվտանգության հարցերի հետ կապված։ Ուրեմն պետք է աշխատես աշխարհի հետ, ինչը ինչ-որ չափով հիմա արվում է, բայց պարզ է՝ բավարար չէ։ Պետք է պայքարես, բայց Ռուսաստանը անընդհատ օգտագործում է Ադրբեջանին մեր դեմ։ Ադրբեջանը պարզ է, չէր համարձակվի Բերձորում այս ձևի ռազմական գործողություն ծավալել այն գոտում, որը ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտին է»։

Միջազգայնագետ Արարատ Կոստանյանի կարծիքով՝ ադրբեջանական մարտավարության հիմքում կա նաև որոշակի գիտակցում․

«Նոյեմբերի 9-ից հետո և մասնավորապես այս վերջին օրերին ընթացքը վկայում է, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղությամբ և համերաշխությամբ ապրել այս տարածաշրջանում։ Առաջխաղացումներն Ադրբեջանի կողմից, իմ ընկալմամբ, ցույց են տալիս, որ նրանք նոյեմբերի 9-ից հետո փորձում են այնպիսի ստրատեգիական բարձունքներ վերցնել հայկական կողմից, որ հետագայում հայերը չկարողանան, ինչպես Ադրբեջանի նախագահն է ասում, «ռևանշիստական» գործողություններ իրականացնել՝ որոշ շրջաններ հետ վերցնելու ուղղությամբ։ Իհարկե, սա մտահոգում է Ադրբեջանին, մտահոգում է Թուրքիային, և դա լավ է, որովհետև հստակ երևում է, որ նրանք գիտակցում են, որ հայերն այսպիսի պարտության հետ չեն հաշտվի»։

Իրավիճակի հետ կապված վերլուծություններ արվում են նաև Ռուսաստանում։ МГИМО-ի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովի կարծիքով՝ Ադրբեջանը, օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությամբ, փորձում է ուժով հասնել իր նպատակներին Լեռնային Ղարաբաղում՝ գիտակցելով, որ Ռուսաստանը հավանաբար չի ցանկանա խոշոր զորակազմ նետել Լեռնային Ղարաբաղ, եթե այնտեղ լուրջ պատերազմ սկսվի: «Դա հնարավորություն կտա Ադրբեջանին վերջնականապես լուծելու ղարաբաղյան հիմնախնդիրը»,-կարծիք է հայտնել ռուս վերլուծաբանը «Regnum» գործակալության հետ զրույցում։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը զգուշացնում է՝ այս պայմաններում եթե արևմուտքն էլ շարունակաբար սոսկ վերահաստատի իր «հանձնառությունը» ոչինչ չանելով և սոսկ իմիտացիա ստեղծելով, նշանակում է՝ բոլորը մեկ մեծ ու կեղտոտ խաղի մեջ են։ Հերթական լուրջ թեսթն է լինելու, թե ինչպես են արձագանքելու Վաշինգթոնն ու Փարիզը Բերձորի միջանցքի  վերաձևմանը։ «Լռությունն էլ պատասխան է ընկալվելու»,-գրել է քաղաքագետը։

Back to top button