Ծովահայեր

Շիրակի աղբյուրների լեգենդը. «Ծովահայեր»

Որդի պարգևող, երազանքներ իրականացնող, հիվանդություններ բուժող ու նույնիսկ վատ գործ անելիս, ժողովրդական լեզվով ասած, «փորձանքի բերող» աղբյուրների մասին ժողովուրդը դարեր շարունակ առասպելներ է հյուսել` փոխանցելով այն սերնդից սերունդ, այդ հավատալիքները դարձնելով կենցաղի մասին։

Լուսաղբյուրների, կաթնաղբյուրների պարգևած զավակների, իրականացած նպատակների, բուժած հիվանդությունների մասին տարբեր վկայություններ են պատմում շատերը, շատերը` դրանք համարում սնահավատություն։

Մոտ ապագայում գուցե գիտությունը այս երևույթները կարողանա գիտականորեն բացատրել, իսկ մինչ այդ՝ ժողովուրդը հավատում է աղբյուրների զորությանը, բուժվում, պտղավորվում ու նոր վկայություններով հարստացնում իր հավատալիքները՝ փոխանցելով դրանք սերնդից սերունդ։

Հայոց աշխարհի հրաշագործ ակունքների մասին «Սասնա Ծռեր» առասպելազրույցում է ներկայացվում, երբ բուռ ու կես ջրից սկիզբ են առնում Սասնա մեր դյուցազունները։ Այդ զրույցները ժամանակի հետ որոշակի փոփոխություններով հասնում են մեր օրեր։

«Մտածել են, որ հայկական ջուրը «որձ» է, դրա համար էլ հղիացավ Ծովինարը։ Հավատալիք կա, որ «որձ ջուր է նաև Սառնաղբյուր գյուղի «Զաղի» ջուրը, տղաբերք, սերունդ ապահովող ջուր է։ Որպեսզի ծննդկանը հեշտ ազատվեր, բացում էին ջուրը և 3 անգամ մկրատով կտրում»,- ասում է Էթնոհոգեբան Կարինե Սահակյանը։

Կարինե Սահակյան

«Հրաշագործ» աղբյուների ակունքներին ծանոթանալու համար ուղևորվում ենք Հայաստանի հյուսիսի՝ Աշոցք խոշորացված համայնքի բնակավայրեր, որոնք հարուստ են սառնորակ ակունքներով։

Աշոցքի բնակիչների նախնիները մոտ 200 տարի առաջ Արևմտյան Հայաստանից գաղթելով և հիմնադրելով բնակավայրը, իրենց տները կառուցել են ակունքների մոտ և անվանակոչել աղբյուրները։

«Ակոն որ եկել է, ակոյենց աղբյուրն է շինել, Ադաշն էկել է, Ադաշենց աղբյուրն է շինել, Կիրեղենք եկել են մեկ ուրիշ աղբյուրի վրեժոժա են իրենց տունը շինել ու աղբյուրն էլ կոչել Կիրեղենց աղբյուր։ Այդպես մի 7 աղբյուր կա հիմա»,- պատմում է Ակոենց Միշա անվամբ հայտնի 74- ամյա Միշա Խաչատրյանը, հիշում է պապից ու հորից լսած պատմությունները, թե ինչպես են Ալաշկերտից եկել, Աշոցքում հաստատվել ու աղբյուրի ակունքի մոտ գերդաստանի տունը կառուցել։

Միշա Խաչատրյան

Աշոցքի գյուղերից Մեծ Սեպասարում բնակիչներն ակունքներին անուններ են տվել։  

Մեծ Սեպասարի բնակիչ 76- ամյա Պետրոս Մելիքյանն է պատմում «Տարբեր մարդկանց անուններով է կոչվել. Դվալի աղբյուր, Ըխեյի չաիրի աղբյուր։ Ըխեն էս գյուղի հիմնադիրներից մեկն է։ Մեր մարգագետիններում կան հանքային ջրեր, որոնք դուրս են գալիս գետնի տակից, «ջերմուկ» ենք ասում։ Սովորույթ կար, որ երբ մարդկանց ոտքերը ցավում էր, գնում էին, ոտքերը դնում այդ հանքային ջրերի մեջ ու ցավերը թեթևացնում։ Բոգդանովկայի շրջանից գալիս էին մեծ տարաներով այդ ջուրը տանում հիվանդին լողացնելու համար և որպեսզի ջուրն իր հատկությունները չկորցներ ճանապարհին, ջրի մեջ ասեղ էին գցում»։

Պետրոս Մելիքյան

Պետրոս Մելիքյանը մի հետաքրքիր դեպք էլ հոր պատմածից է հիշում, թե ինչպես է այս ջրերով սնված երիցուկը Մեծ Սեպասարից հասել Շանհայ ու դարմանել Նիկոլայ ցարի՝ Չինաստան հասած կայազորին։

Աշոցքում ու հարակից գյուղերում նաև եկեղեցիներն են ջրի ակունքների մոտ կառուցված։ Աշոցքում ամենատարածված ավանդազրույցներից մեկը սբ․ Գևորգ եկեղեցու աղբյուրի «խաչով ձկների» հետ է կապված։ Գյուղում գրեթե բոլոր բնակիչները գիտեն եկեղեցու աղբյուրի ու ձկների «զորության» մասին։

«Զորավոր ձուկ կար մեր եկեղեցու ջրի մեջ, կռնակին խաչ կար։ Եկան մեր եկեղեցու աղբյուրը սարքելու, վարպետներն ասին էդ ձուկը բդի բռնենք ուտենք, ասի՝ բալա ջան, էդպես բան չենեք, ըսիգ զորավոր ձուկ է։ Չհավատացին, բռնին ձուկը կերան, գիշերն էլ հեր ու տղա մեռան»,- պատմում է 87 ամյա Ջուլիետա Պողոսյանը։

Ջուլիետա Պողոսյան

Եվս մեկ, ժողովրդական լեզվով ասած՝ «հրաշաործ» աղբյուրի այցելեցինք Ջրաձոր գյուղում։ Ջրաձորի դիմացի սարին սառնորակ աղբյուրներ շատ կան, բայց դրանցից մեկին ժողովուրդն առանձնացրել է, անվանել Լուսաղբյուր ու վերագրել գերբնական հատկություններ։

Աշոցքի աղբյուրներից շատերն այսօր ուխտավայրեր են, կահավորված խաչքարերով։ Դրանք հավատացյալներն են նվիրել որպես կատարված ուխտի առհավատչա։

Back to top button