

Մանուշակագույն պղպեղը, կանաչ լոշտակը, Նռնաքարը, բոլորիս հայտնի Անահիտ լոլիկը, Զսպանակ տաքդեղն ու ոչ միայն, դրանք բոլորը սելեկցիայի արդյունք են։ Ծնվել են էկոնոմիկայի նախարարության Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում։
1949 թվականից մինչ օրս այստեղ ծնվել ու բազմացվել է ավելի քան 4 հազար նմուշ, որոնք պահպանվում են գիտական կենտրոնի գենբանկում։ Գյուղացու հողին հասել է դրանցից 150–ը։ Նրանց մեծ մասը բացառիկ է՝ գույնով, բույրով, արտաքին տեսքով։ Այս պահին գիտական կենտրոնը զբաղվում է 18 մշակաբույսով։ Գիտական կենտրոնն ունի 45 աշխատող, որից մոտ 30-ը գիտնականներ են։ Հատկապես գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանում ընդունում են նաև սեզոնային բանվորներ։
Բանջարեղենն ու ոչ միայն աճեցնում են կենտրոնին պատկանող 21 հա տարածքում`՝ բաց դաշտում, 6 000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող փորձարարական ու 1000 քառակուսի մետր թաղանթապատ ջերմատներում։
Բացի այդ, բույսերի ու սերմերի «առողջական» վիճակը պարզում և հիվանդություններն ախտորոշում են ֆիտոպաթոլոգիայի, կենսատեխնոլոգիայի և ֆիզիոլոգիայի լաբորատորիայում՝ ՊՇՌ եղանակով՝ ԴՆԹ մակարդակում։
Ախտորոշումը կատարվում է սերմերում, բույսերի օրգաններում, հողում: Հենց այստեղ էլ, սպեկտրոֆոտոմետրի միջոցով, որոշում են ածխաջրերի, չոր նյութերի, շաքարների ու վիտամինների պարունակությունը բանջարային մշակաբույսերի պտուղներում։ Լաբորատորիայի վարիչ Իրինա Վարդանյանը հենց մեր ներկայությամբ փորձում է հասկանալ արդյո՞ք լոլիկը, այսպես ասենք, տառապում է քաղցկեղով։
Էկոնոմիկայի նախարարության Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանն առանձնացնում է հայկական բանջարեղենի համն ու հոտը։ Կարծրություն չկա, պտղամիսը կարմիր ու հյութեղ է, իսկ ստացված առաջարկները գիտական տարիների արդյունք են՝ ասում է գիտնականը։
Հաջողված ամեն մի նոր տեսակ այն ստեղծած գիտնականի երեխան է, և ինչպես երեխայի ծննդյան դեպքում է, այնպես էլ այս դեպքում՝ զգացողություններն աննկարագրելի են։ Գոհարը նման 4 երեխա արդեն ունի։ Ծածկած գրունտի բաժնի վարիչ Գոհար Կիրակոսյանը 2010 թվականից է աշխատում գիտական կենտրոնում Լոբու ջերմատնային 2 նոր սորտեր է ստացել։
Գիտական կենտրոնում աչքի լույսի պես են պահում բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի՝ Հայաստանի ամբողջ գենոֆոնդը՝ հավաքածուն ընդգրկում է ավելի քան 4 հազար նմուշ։
Հավաքածուն պահպանվում է հատուկ պայմաններում՝ սառնարաններում։ Տվյալ բույսի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը պահպանվում է ժամանակակից մեթոդների կիրառմամբ, դրանք գտնելու համար բավական է ունենալ հեռախոս, իսկ փաթեթի վրա նշված է QR կոդը:
Գիտական այս կենտրոնում խոստանում են՝ կանգ չեն առնելու, գիտական միտքը զարգանում է, նոր փորձերով զարմացնելու են հայ ու արտասահմանցի ֆերմերներին։