Գոյության ծածկագիր

Կյանք տվող ու կյանք վերցնող նյութը․ «Գոյության ծածկագիր» հավելված

Մի օր Վիլհելմ Ռենտգենը հասկացավ, որ սենյակում իր թողած աղը իրեն անծանոթ ճառագայթներ է արձակում։ Իր հետաքրքրությանն ընդառաջ գնալով` գիտնականը ուսումնասիրեց այդ ճառագայթները և արեց գիտական կյանքը հեղաշրջող բացահայտում։ Մի ատոմաչափ երկարությամբ ռենտգենյան ճառագայթն այդ ժամանակ սպանեց հարյուրավոր, հետո՝ փրկեց միլիոնավոր մարդկանց։

Ձայն, բույր, մակերևույթ, պատկեր․ այն ամենը, ինչ ընկալում է մարդն իր զգայարաններով՝ նյութ է։ Նյութ է մեր կյանքը, մեր մարմինն ու աշխարհը, որում ապրում ենք։ Գիտնականների մի խումբ այսօր կանգնած է քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության ու ինժեներիայի մեջտեղում ու նյութն է ուսումնասիրում։

Այս թողարկմանը պարզելու ենք՝ ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ, որ նյութագետը հաջողի իր գործում և ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Վիլհելմ Ռենտգենը աշխատեր ու բացահայտեր ռենտգենյան ճառագայթները։

Գիտնականները մի քիչ խենթ են, իրենք չեն վախենում, եթե ինչ-որ բան հետաքրքրում է՝ վախի զգացումը վերանում է։

«Վիլհելմ Ռենտգենը ճառագայթները շատ պատահաբար է հայտնաբերել, երբ պարզապես աղը թողել է կատոդի կողքին ու տեսել, որ ինչ-որ ճառագայթներ են դուրս գալիս։ Ձեռքը տարել է այդ ճառագայթներին ու տեսել, որ ճառագայթներն իր մաշկի միջով անցնում են, մեր լեզվով ասած՝ ոնց որ մսի միջով անցնի, բայց ոսկորը չի թողնում, որ ճառագայթներն անցնեն ու ստեղծվում է ստվեր, այսինքն՝ կարելի է տեսնել ոսկորի կառուցվածքը»։

Նյութագետ Մարիա Աղայանը պատմում է՝ ռենտգենյան առաջին նկարի «հերոսը» հենց Ռենտգենի կնոջ ձեռքն էր։ Բոլորովին նոր բացահայտումը՝ մաշկի տակ եղածը տեսնելու հնարավորությունը, մարդկանց սարսափեցրել էր։ Չիմացությունը՝ հետաքրքրության, հետաքրքրությունը՝ անփութության էր հանգեցրել, ինչը ճառագայթներն ուսումնասիրող մի շարք գիտնականների մահվան պատճառ դարձավ։

«Շատ գիտնականներ սկսեցին ուսումնասիրել ճառագայթները և դրանք շատերի մահվան պատճառ դարձան, քանի որ շատ վտանգավոր են, առաջացնում էին այրվածքներ, մաշկի քաղցկեղ և եթե ընդունումը ինչ-որ սահմանից անցնում էր, արդեն հանգեցնում էր մահվան։ Հենց իր լաբորատորիայի աշխատակիցը մի քանի տարի անց մահացել է ռենտգենյան ճառագայթներից։ Գիտնականները մի քիչ խենթ են այդ առումով, եթե իրենց ինչ-որ բան հետաքրքրում է, վախի զգացողությունը լրիվ վերանում է»,- պատմում է Մարիա Աղայանը։

Գիտնականի էությունն այն է, որ ինքը գիտի՝ ինչից ինչ պատրաստել ու  ինչ ուղու վրա դնել ամեն ինչ, որ իրար հետ փոխազդեն:

«Մենք կարող ենք փոխազդեցության մեջ դնել ատոմները և ստանալ նոր նյութեր, որակական նոր հատկություններով։ Իհարկե՝ մեզ համար նոր։ Բնությունն այդ հատկությունները վաղուց բացահայտել, իսկ մենք բնությանն ենք բացահայտում։ Մենք նմանակում ենք բնությանը»։

Քիմիկոս, ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի փոխդեկան Արմեն Գալստյանը գիտությամբ է զբաղվում 20 տարուց ավել։ Այժմ ղեկավարելու է նորաբաց «Նյութագիտություն» մագիստրոսական ծրագիրը և ուսանողներին սովորեցնելու է ուսումնասիրել տեսականորեն ամեն ինչ․

«Նյութն այն ամենն է, ինչ ազդում է մեր զգայարանների վրա։ Օրինակ՝ հոտը մասնիկային նյութ է, որը գրգռում է մեր ռեցեպտորը, ազդանշանը գնում է ուղեղ և ուղեղը հուշում է, թե ինչ նյութի հետ գործ ունես։ Մենք իրականում քիմիական լաբորատորիա ենք՝ մեծ անալիզի հնարավորություններով․ բնության կողմից ստեղծված՝ ֆոտոդետեկտորներով, հոտային ընկալիչներով, ձայնի, համի վերլուծության լաբորատորիա ենք, որը փոխազդում է արտաքին միջավայրի հետ, ստանում համապատասխան ինֆորմացիա, վերլուծում այն և տալիս համապատասխան վերլուծություն»։

Ցանկացած մասնիկային բնույթի նյութ ատոմների համադրում է։ Աշխարհն ամբողջովին լցված է ատոմներով, և, Արմեն Գալստյանի խոսքով, գիտնականի խնդիրը դրանք ճիշտ համադրելը, խառնելն ու բաժանելը և արդյունքում նոր նյութ ստանալն է․

«Օրինակ՝ գիտենք, որ ջրածինն ու թթվածինը ջրի հիմնական բաղադրիչներն են, բայց եթե դրանք իրար կողքի դնես մի անոթի մեջ, ոչինչ տեղի չի ունենա։ Պատճառ է պետք, որ իրար հետ փոխազդեն․ սիրահար զույգի ստեղծման պես։ Տղամարդը կնոջը հանդիպելիս միանգամից չի սիրահարվում, ինչ-որ պահ պետք է լինի, ինչ-որ պատճառ, հետևանք․ լույս այսպես ընկավ, քամին փչեց՝ բույրը եկավ, ինչը խթան կհանդիսանա այդ գործընթացի համար։ Մեր մոտ նույնն է, մենք ընկալում ենք ատոմները որպես սիրահար զույգեր, այսինքն՝ գործողության, նոր բանի ստեղծման պատճառ ենք տալիս»։

Մարի Կյուրիի գլխավորած խումբը շարժական Ռենտգենային սարքավորումներ է ստեղծում, որոնք առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ փրկում են հազարավոր մարդկանց կյանքեր․

«Դրանից առաջ կոտրվածքների դեպքում հաճախ ամպուտացրել են՝ առանց որևէ միջոցի։ Եվ երբ ռենտգենային ճառագայթների միջոցով, թեկուզ դաշտային պայմաններում, հնարավոր է եղել նկարել, շատ մարդիկ փրկվել են»։ Սակայն այս հայտնագործության նկատմամբ նրա նվիրումը ողբերգական ավարտ է ունենում․

«Մարի Կյուրին փոքր տարայի մեջ ռադիոակտիվ տարրեր է պահել ու դա որպես զարդ կրել։ Եվ ինքն էլ է մահացել նույն ռենտգենյան ճառագայթների հետևանքով ստացած այրվածքներից»։

Այս հայտնագործության առաջին տարիներին մարդիկ անծանոթի վախով, բայց անխնա տրվում էին ճառագայթներին։ Մինչև 1900-ականների կեսեր կանայք ռենտգենյան ճառագայթներով նույնիսկ մազահեռացում էին իրականացնում՝ նպաստելով քաղցկեղի առաջացման բոլոր պայմաններին։ Բազմաթիվ սխալները ճանապարհ էին, որ հանգեցրին այսօր կարևորագույն գործածություն ունեցող սարքի ստեղծմանը։ Առանց ռենտգենյան ճառագայթների այսօր հնարավոր չէ ատոմակայանի շահագործումն, առողջապահական կարևոր խնդիրների վերհանումն ու կանխումը, նյութի ուսումնասիրությունն ու նոր նյութի ստեղծումը։

«Օրինակ՝ դիզայները գալիս, ասում է՝ մեզ պետք է աթոռի համար այնպիսի նյութ, որ դիմանա, օրինակ, 150 կգ քաշի, փայլի, թափանցիկ լինի ու արևի որոշակի անկյան տակ գունավորվի վարդագույն։ Այդ ժամանակ նյութագետները մտածում են, թե նյութին ինչ կառուցվածք տան, որ այդ հատկանիշները ցուցաբերի»,- իր աշխատանքի խիստ կիրառելի կողմը ներկայացնում է Արմեն Գալստյանը։

Աշխարհը ճանաչելու հնարավորությունից մինչև ցանկալի աթոռի ստեղծում։ Լաբորատորիայում գիտնականն աշխատում է կյանքն ուսումնասիրելու ու դրա նոր բաղադրիչ ստեղծելու համար։

Նրա գործը մեզ ու աշխարհը ճանաչելն է։ Ու հետո` ճանաչածը` աշխարհին ճանաչելի դարձնելը։

Սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում անցկացվելիք Ստարմուս 6-րդ փառատոնի աշխարհահռչակ գիտնականները արվեստի օգնությամբ մեզ ճանաչելի կդարձնեն անսահմանության աշխարհը` տիեզերքն ու այնտեղից մեզ հասնող ճառագայթներն ու նյութը։

Իսկ գիտության՝ մեր կյանքի անխուսափելի մասնիկը լինելու մասին հաջորդ ապացույցը մենք կգտնենք արդեն հաջորդ շաբաթ։

Back to top button