Երաժշտական եռանկյունի

Լևոն Էսկենյանի` Գյուրջիևյան երաժշտական ընթացքը․ «Երաժշտական եռանկյունի»

«Գյուրջիև» անսամբլը վաղուց իր ուրույն տեղն է գրավել հայկական երաժշտական իրականության մեջ: Առաջին իսկ ներկայացված ստեղծագործական հայտը՝ Գյուրջիևի դաշնամուրային ստեղծագործությունների փոխադրությունը հայկական և արևելյան ավանդական նվագարանների նվագախմբի համար, նկատվեց միջազգային փառատոների և երաժշտական գործակալությունների կողմից:

Հյուրախաղերը եվրոպական բազմաթիվ երկրներում, ամենահեղինակավոր բեմերում և միջազգային բարձր կարգավիճակ ունեցող փառատոներում անսամբլին բերեցին համաշխարհային ճանաչում:

«Մինչքովիդյան շրջանում մենք ապրում էինք կանոնավոր հյուրախաղային ստեղծագործական ռիթմով, նախապատրաստել էինք բազմաթիվ նոր երաժշտական նախագծեր՝ կատարելով Կոմիտասի, Մանսուրյանի ստեղծագործությունները, ձայնագրվելով ստուդիայում և հրատարակելով ձայնասկավառակներ»,- ասում է «Գյուրջիև» անսամբլի հիմնադիր, դաշնակահար և գործիքավորող Լևոն Էսկենյանը:

Մենք առիթ ունեցել ենք զրուցելու Լևոնի հետ քովիդյան շրջանում, երբ նա կիսվում էր իր մտահոգություններով՝ կապված բեմական կյանքի դադարի հետ և պատմում նոր նախաձեռնությունների և նախագծերի մասին:

Երաժիշտը համոզված է, որ զուր չի վատնել ժամանակը և այսօր ամեն բան պատրաստ է արդեն թվով երրորդ սկավառակի հրատարակման համար՝ ECM աշխարհահռչակ լեյբլի կողմից: Այս տարվա մարտ ամսին «Գյուրջիև» անսամբլը մասնակցեց «Հայկական շաբաթ» նախագծի շրջանակում «Մոնակո» գարնանային երաժշտական փառատոնին:

Բարձր ընդունելության արժանանացավ Հանովերի արքայադուստր Կարոլինի և փառատոնի գեղարվեստական տնօրեն կոմպոզիտոր Բրունո Մանտովանիի կողմից: Իսկ վերջերս՝ հուլիսին, «Գյուրջիև» անսամբլը մասնակցեց «Էսպինհո» միջազգային երաժշտական փառատոնին Պորտուգալիայում՝ նույնպես արժանանալով ջերմ ընդունելության և հիացական արձագանքների մամուլում:

Լևոն Էսկենյանը որպես կազմակերպիչ մեծ միջազգային փորձ է ձեռք բերել տարիների ընթացքում՝ աշխարհին ծանոթացնելով ոչ միայն իր յուրօրինակ մշակումներին, Գյուրջիևյան և Կոմիտասյան երաժշտությանը, այլ նաև անդրադառնալով ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին:

Հաղորդման ընթացքում հնչում են բազմաթիվ հատվածներ «Գյուրջիև» անսամբլի համերգային կատարումներից:

Back to top button