ԿարևորՎերլուծական

Ինչի՞ց է զգուշանում Իրանը հենց լարվում է իրավիճակն Արցախում

Արցախում իրավիճակի սրման ֆոնին Իրանն Ադրբեջանի սահման է տեղափոխում ռազմական տեխնիկա, ինչը տեսանյութերով փաստում են իրանական որոշ տելեգրամյան ալիքներ։ Սա հերթական անգամ է, երբ հայ-ադրբեջանական շփման գծում լարման ֆոնին Իրանն անմիջապես ուժեր է կենտրոնացնում Ադրբեջանի հետ սահմանին։ Ինչի՞ց է զգուշանում Բաքվի հետ երբեմն-երբեմն բարիդրացիությունից խոսող Թեհրանը, որը նաև հստակ քաղաքական մեսիջ է հղել՝  թույլ չի տա իր հարևան պետությունների սահմանների փոփոխություն և սպառնացել է Ադրբեջանին պատասխան միջոցներով Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում:  

Դեպի Արդբեջանի հետ սահման իրանական զորքի և ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասով Բաքվի բռնապետի քարոզչամեքենան լուրջ և հիմնավոր անհանգստություն ունի և դա դիտարկում է ուղղակի մարտահրավեր՝ ազդելու իր հասարակության ներքին տրամադրությունների վրա՝ նկատում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Ըստ «Ռադիոլուր»-ի զրուցակցի՝ Իրանի համար բավական մեծ մարտահրավեր կստեղծվի, եթե Բաքվի բռնապետական վարչախմբին հաջողվի կլանել Արցախը։ «Արցախի ուղղությամբ ծախսվող ռազմական ռեսուրսներն  անմիջապես կուղղվեն Իրանի դեմ հենց Ատրպատականի ուղղությամբ․ սա Թեհրանի համար լրջագույն մարտահրավեր է»,- ասում է իրանագետը` շեշտելով`այս տարածաշրջանում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգությամբ փաստացի շահագրգռված է երկու պետություն` Ռուսաստանը և Իրանը։

«Հետևաբար, Հայաստանը կարող է դառնալ հատկապես անվտանգային համագործակցության եռակողմ հարթակ՝ ըստ էության Իրանի և Ռուսաստանի  շահերի համընկման  կետերում։ Սա Հայաստանից պահանջում է բավական մեծ ջանք, եռանդ, մեթոդական քայլեր՝ առանց տարերայնության»,- ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Ինչ վերաբերում էԲաքվի կողմից «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի շրջանառմանը, ապա այն, ըստ իրանագետի, ունի մեկ նպատակ` Բաքվի բարբարոսական վարչախմբի համար ապահովել պատմական լեգիտիմություն՝ արդարացնելու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ռազմաքաղաքական նկրտումները։

«Մերձավորարևելյան տարածաշրջանում տարածքային նվաճումներին շատ հաճախ նախորդում են պատմական լեգիտության ապահովման քարոզչական գործողությունները, ուստի այս գործողությունն, ըստ էության, թշնամական քայլ է՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է իրանագետը՝ նկատելով՝  ներկա իրողության պայմաններում Հայաստանն Իրանի հետ   հրատապ քայլեր պետք է  ձեռնարկի  անվտանգային և տարածքային շահերից ելնելով։

Back to top button