Մոռացված ֆիլմերի ստվերները

Բագրատ Հովհաննիսյանի ծանոթ և անծանոթ ֆիլմերը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի ստեղծագործությունները կրկնեցին իրենց հեղինակի կյանքի ճակատագիրը. մերժում, դժվարությունների հաղթահարում..

Կինոյի մեծագույն վարպետ Անդրեյ Տարկովսկու հետ պատահական հանդիպումը գլխիվայր շրջեց Մոսկվայի Գորկու անվան Համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտ Բագրատ Հովհաննիսյանի կյանքը։ Հայ գրականության, արվեստի փայլուն գիտակը քառասունն անց էր, երբ սկսեց զբաղվել կինոռեժիսուրայով։

Տարկովսկու առաջարկով նա ռեժիսորական փորձաշրջան անցավ «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմում, ապա էպիզոդիկ դերով հանդես եկավ «Սոլյարիս»-ում։

Կինոաշխարհին ավելի մոտիկից ծանոթանալուց հետո, Բագրատ Հովհաննիսյանը վերադարձավ Հայաստան և «Հայֆիլմում» նկարահանեց իր առաջին կարճամետրաժ՝ «Աղքատի պատիվը» ֆիլմը։

1969 թվականին Հայաստանում պատրաստվում էին մեծ շուքով նշել Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակը։ «Հայֆիլմ» կինոստուդիայի ղեկավարությունը որոշում է նկարահանել մի կինոալմանախ, որտեղ ընդգրկվելու էին գրողի երեք ստեղծագործությունները, դրանց թվում էր «Աղքատի պատիվը» պատմվածքը։ «Ֆիլմ» թերթի նորանշանակ խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը որոշում է պարզել՝ ինչպես է կինոստուդիան նշելու բանաստեղծի հոբելյանը։ Ստուդիայի սենյակներից մեկում նա հանդիպում է ալմանախի ռեժիսորներից Դմիտրի Կեսայանցին և Բագրատ Հովհաննիսյանին, որոնք նոր-նոր էին սկսում կարճամետրաժ ֆիլմերի նկարահանումները։

Ռոբերտ Մաթոսյան

«Մտնում եմ «Հայֆիլմ »կիոնստուդիայի սենյակներից մեկը, որտեղ աշխատում էին Բագրատ Հովհաննիսյանն ու ալմանախի մյուս ՝«Չախ-չախ թագավորը» կարճամետրաժի ռեժիսոր Դմիտրի Կեսայանցը: Բագրատ Հովհաննիսյանի հետ զրույցի ենք բռնվում։ Ինձ շատ հետաքրքրեց այն հանգամանքը, որ նա բավականին հասուն տարիքում կինոյի աշխարհ մուտք գործած նորահայտ ռեժիսոր է: Մեր զրույցի ընթացքում նա մեծ ոգևորությամբ պատմում էր իր առաջին կարճամետրաժ ֆիլմի ստեղծման աշխատանքների մասին: Այս ֆիլմը դարձավ Բագրատ Հովհաննիսյան կինոռեժիսորի այցետոմսը»,- ասում է Ռոբերտ Մաթոսյանը։

Չնայած առաջին կարճամետրաժը՝ «Աղքատի պատիվը» ֆիլմն աննկատ մնաց, սակայն դրանով Բագրատ Հովհաննիսյանն ինքնուրույն լիամետրաժ ֆիլմ նկարահանելու հայտ ներկայացրեց։ Նրա հաջորդ աշխատանքը Ռուբեն Հովսեփյանի սցենարով նկարահանված «Հնձան» գեղարվեստական ֆիլմն էր, որն էկրան բարձրացավ 1973-ին։ Այս կինոնկարը Բագրատ Հովհաննիսյանի և «Հայֆիլմ» կինոստուդիայի աննխադեպ հաջողություններից մեկն է։ Այն համարվեց Խորհրդային Միության՝ տարվա լավագույն կինոնկարներից մեկը։

ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Հակոբ Ազիզյանը «Հնձան» ֆիլմում հանդես է եկել գլխավոր հերոսի՝ Սահակի դերում։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի երկարամյա դերասանին հանդիպեցինք իր հարազատ թատրոնում։ Մի քիչ հուզմունքով, մի քիչ էլ թախիծով նա վերհիշում էր ավելի քան կես դար առաջ նկարահանված ֆիլմի ստեղծման պատմությունն ու նշում, որ «Հայֆիլմում» մի չգրված օրենք կար. ցանկացած կինոռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմը պետք է ունենար գեղարվեստական ղեկավար: Բագրատ Հովհաննիսյանը «Հայֆիլմ» կինոստուդիայի ղեկավարությանն առաջարկեց, որ «Հնձան» ֆիլմի գեղարվեստական ղեկավարը լինի Անդրեյ Տարկովսկին։ Հենց Տարկովսկու խորքային զգացողության շնորհիվ էլ նկարահանվեց կինոնկարի ամենահուզիչ տեսարանը։

Հակոբ Ազիզյան

«Ըստ սցենարի` հորը պատերազմ ճանապարհած երեխան ամեն օր գնում է կայարան, դիմավորում քաղաք եկող գնացքներն այն հավատով, որ մի օր էլ իր հայրը այդ գնացքներից մեկով պիտի վերադառնա տուն: Եվ, երբ  ընդամենը մի օր նա չի գնում կայարան գնացքը դիմավորելու, հենց այդ օրն էլ հայրը գալիս է: Հոր գալստյան լուրը առնելուն պես երեխան շունչը կտրած վազում է տուն, թռնում ու կախվում հոր վզից: Տեսարանի նկարահանման ժամանակ, երբ փոքրիկ հերոսը՝ Արայիկը վազելով եկավ, թռավ ու փաթաթվեց վզիցս` այդ պահին լսվեց Տարկովսու ձայնը: Նա բարձրախոսով ասաց․ «Հենց այդպես էլ բարձրացեք և տուն մտեք»: Երեխան վզիցս կախված, աստիճաններով բարձրացա երկրորդ հարկ, ներս մտա տուն: Հետագայում՝ կիոննկարի պրեմիերայի օրը, ֆիլմը դիտելիս հասկացա, որ  պահի զգացողությամբ  նկարահանված այդ տեսարանը գտնված հանգուցալուծում էր ֆիլմի համար»,-տարիներ անց Հակոբ Ազիզյանը այսպես է հիշում «Հնձան» ֆիլմի տեսարաններից մեկի նկարահանումը։

«Հնձանի» էկրան բարձրանալուց չորս տարի անց, Բագրատ Հովհաննիսյանը Հրանտ Մաթևոսյանի գործերի հիման վրա նկարահանեց «Աշնան արև» և «Տերը» ֆիլմերը։ Երկուսում էլ նա աշխատել է հարազատ մնալ Հրանտ Մաթևոսյան արձակագրին, մյուս կողմից էլ` փորձել ստեղծել էկրանային իր տարբերակը։ Ստեղծագործական նման աշխատանքը բնորոշ էր Բագրատ Հովհաննիսյանին։ 

«Աշնան արև» ֆիլմի ստեղծման ընթացքում վիպակի հեղինակ Հրանտ Մաթևոսյանն ու ֆիլմի ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանը ստեղծագործական որոշ տարաձայնություններ ունեցան, բայց «Աշնան արև» ֆիլմի պրեմիերայից հետո նրանք հաշտվեցին։ Գրողը խոստացավ, որ նրա հաջորդ ֆիլմի համար յուրահատուկ սցենար կգրի և կատարեց խոստումը. գրեց, Բագրատ Հովհաննիսյանն էլ նկարահանեց ֆիլմը… բայց  դրանից հետո նրանք այլևս երբեք չշփվեցին։

Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը, պատմում է, որ «Տերը» ֆիլմի նկարահանումներն սկսելուց առաջ հայրը Բագրատ Հովհաննիսյանի առջև մի պայման է դնում. ֆիլմը չպետք է նկարահանվի Ահնիձոր գյուղում։  

Դավիթ Մաթևոսյան

«Աշնան արև»-ը ֆիլմի նկարահանումներից հետո մեր և հարևան գյուղեր էին ներխուժել այսպես ասած «հայֆիլմական» բոհեմիկ փոխհարաբերություններ: Մասնավորապես,  գյուղատնտեսական ծանր աշխատանքի փոխարեն գյուղացիները նախընտրում էին հեշտ փող աշխատել նկարահանվելով ապագա ֆիլմի մասսայական տեսարաններից մեկում, հետագայում նաև անհոգ կյանքի որոնումներով մեկնել Երևան: Այդ հանգամանքը շատ մտահոգում էր հորս և նա Բագրատ Հովհանիսյանի հետ զրույցներում բազմիցս բարձրաձայնում էր նկարահանման արդյունքում գյուղում թափ առնող այդ արատավոր երևույթի մասին, հորդորում նրան , որ «Տերը» ֆիլմը նկարահանվի այլ վայրում: Այդ խոսակցությունների արդյունքում նրանք պայմանավորվում են, որ ֆիլմը չի նկարահանվի Ահնիձորում, բայց Բագրատը խախտում է իր խոստումը, ինչն էլ դառնում է հորս զայրույթի և Բագրատի հետ այլևս երբեք չշփվելու պատճառ»,-պատմում  է Դավիթ Մաթևոսյանը:

Վերջին՝ «Եվ կրկնվելու է ամեն ինչ» ֆիլմը, Վահագն Գրիգորյանի «Ադամամութ» վեպի հիման վրա, Բագրատ Հովհաննիսյանը նկարահանեց անցյալ դարի 80-ականների վերջին։ Եղբոր և քրոջ սիրային պատմության մասին երկսերիանոց ֆիլմն էկրան բարձրացավ Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած տարիներին։ Իհարկե, սա խորհրդային երկրում փակ թեմա էր համարվում, մեզ համար էլ այն արտառոց է անգամ հիմա։

Նկարահանումների ամբողջ ընթացքում Բագրատ Հովհաննիսյանի կողքին է եղել կինոռեժիսորի դուստրը՝ Նունե Հովհաննիսյանը։ Նշում է, որ պրեմիերայի օրը ֆիլմի ցուցադրման ավարտին հանդիսատեսից շատերը վրդովված քննարկում էին և դեմ էին ֆիլմի թեմայի ընտրությանը, ինչն էլ պատճառ դարձավ, որ ֆիլմը հետագայում չցուցադրվեց։

Նունե Հովհաննիսյան

«Այս ֆիլմը նկարահանվեց մեր երկրի համար բավականին անհանգիստ մի ժամանակահատվածում: Երբ նկարահանման ու մոնտաժային աշխատանքներն ավարտեցինք,  և ֆիլմը պետք է դուրս գար վարձույթ, անսպասելի մահացավ հայրս: Այդ հանգամանքին գումարվեց նաև Խորհրդային Միության փլուզումը, որին հաջորդեցին խառը ժամանակներ և դրանով պայմանավորված կինոնկարը ունեցավ սահմանափակ վարձույթ: Չցուցադրվեց հեռուստատեսությամբ և ժամանակի ընթացքում էլ մոռացվեց »,-ափսոսանքով նշում է Նունե Հովհաննիսյանը:

Բագրատ Հովհաննիսյանի գրեթե բոլոր ֆիլմերը ստեղծագործական անհարթ ճանապարհ են անցել՝ կարծես կրկնելով հեղինակի ճակատագիրը։ Սկզբում չէին հասկացվում, մերժվում էին, անցնում դժվարությունների միջով, բայց ի վերջո ընդունվում, ճանաչվում էին:

Back to top button