ԿարևորՏնտեսական

Կարկատել փոքր հողերը․ հողատարածքների խոշորացման դեպքում կառավարությունը կկիսի ծախսերը

Միավորել ցաքուցրիվ կտրտված հողերը՝  բարձրացնել արդյունավետությունը․ սա կառավարության նոր բանաձեւն է՝ խթանելու գյուղոլորտի աճը։ Գործադիրը կստանձնի այն գյուղատնտեսների ծախսերի 50 տոկոսը, որոնք կմիավորվեն ու  30-ից մինչև 200 հա հողատարածք կստեղծեն։  Գործադիրում վստահ են՝ հողերի խոշորացման, այդպիսով նորագույն տեխնոլոգիաների ներդրման և գիտիքահեն գյուղատնտեսության վարմամբ հնարավոր է շուրջ 2 անգամ ավելացնել համախառն արտադրանքը։   

Ինչպե՞ս  արդյունավետ դարձնել գյուղատնտեսությունը՝ պատասխանը կառավարությունը փնտրում էարդեն մի քանի տարի՝  կանխելու ամենահանրայինը համարվող ոլորտի ցնցումները։ Այս տարվա առաջին կիսամյակում  ոլորտում 5․5 տոկոսի անկում է գրանցվել։ Երկար քննարկելուց  հետո հաստատվել է  անելիքը՝ միավորել անկանոն կտրտված ու անկանոն էլ մշակվող հողերը։ Հիմքում վիճակագրություն է․ 2014-ի  հաշվառմամբ՝ մեր երկրում հողամասերը միջինում 1.48 հա են։ Տնտեսությունների 45 տոկոսը երեք և ավելի հողամաս ունի, 20 տոկոսը՝ հինգ և ավելի։ Հուսով են՝ եթե այս  ցաքուցրիվ  տարածքները միավորվեն,  կբարձրացվի արտադրողականությունը եւ կնվազեցվի բերքի ինքնարժեքը, հողերն ավելի նպատակային կօգտագործվեն ու կկառավարվեն, ներդրումները կավելանան։ Էկոնոմիկայի նախարարը թվային տվյալներ է մեջբերում․

Վահան Քերոբյան․«Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ 320 հազար գյուղացիական տնտեսություններ ունեն մոտ 1 մլն  100 հազար հողակտոր, և միջին գյուղացիական տնտեսությունն ունի մեկուկես հեկտար ընդհանուր հողային տարածք, որը միջինում բաղկացած է 4 կտորից, և, բնականաբար, տեսնում ենք, թե գյուղատնտեսությունն ինչպիսի ցածր արտադրողականություն է այս պայմաններում դրսևորում, և մարդիկ չեն մշակում իրենց ունեցած հողակտորները»։

Հողակտորների խոշորացման նպատակով  հաստատվում է գյուղնշանակության հողերի միավորման աջակցության 2023-2025թթ. ծրագիրը։ 30 հա և ավելի մակերեսով հողերը միավորելու և դրանցում ծրագրով նախատեսված աշխատանքների  փաստացի ծախսերը կփոխհատուցվեն 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 200 հա հողի համար։ Ակնկալվում է, որ 2023թ կմիավորվի շուրջ 1000 հա, 2024 թ.` շուրջ 1500 հա, 2025 թ.` շուրջ 2000 հա, ընդհանուր առմամբ՝ 4500 հա հող կխոշորացվի։ Նախնական հաշվարկով՝ 1․3-2,7 մլրդ դրամ կհատկացվի ըստ տարիների։ Ոլորտի պատասխանատուները կարծում են՝ կոոպերատիվների ձեւավորման կողքին սա գյուղացիների թիմով աշխատանքի եւս մեկ տարբերակ կլինի։

Պաշտոնական վիճակագրությամբ՝ երկրում մշակվում է վարելահողերի մոտ 50 տոկոսը, մնացած 50 տոկոսը կամ լքված է, կամ չի մշակվում: Կառավարությունում նկատել են՝ երբ ներդրում է արվում 50-հա եւ ավելի հողի վրա, որպես կանոն, դա արվում է բարձրորակ սերմերով, ավելի հմտորեն և առավել գիտելիքահեն։  Վահան Քերոբյանը հույս ունի տարեկան մոտ 1500 հա հող միավորել։

«Այն մարդիկ կամ ընկերությունները, որոնք մեզ հետ համաձայնեցնելով մեկ հողային միավորի մեջ կկոնսոլիդացնեն 30- 200 հա հողային միավոր,  կաջակցենք բարելավել այդ հողային միավորը մելորացիայի տեսքով և  ջրավազանի կառուցման համար։ Այսինքն՝ մենք այդ ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցենք»։

Խոշոր հողերում ներդրումներն էլ խոշոր կլինեն․շատերը  ցանկանում են ներդրում անել, բայց կառավարությունն իր տրամադրության տակ 50 կամ 100 հա վարելահող չունի, որ հատկացնի՝ խնդրի այլ կողմի մասին է խոսում վարչապետը։  

«Ենթադրենք 100 հա հող ձեռք բերելու համար մենք պետք է բանակցենք 900 սեփականատիրոջ հետ։ Պատկերացնու՞մ եք չէ, սա ի՞նչ գործընթաց է»։

Որքան հողերը մասնատված են, այնքան  տարածքի բերքատվությունն է ցածր։     2021թ․, օրինակ, կարտոֆիլի 1 հա-ի միջին բերքատվությունը 21․2 տ է,  միջին հողակտորը՝ 1․1 հա։ Իսկ երբ մշակվում է խոշոր հողակտոր՝ 50 հա և ավելի, միավոր հողից ստացվում է միջինը 35 տ բերք՝ 10 տոննայով ավելի։ 

Գյուղոլորտում ոչ միայն հողային, նաեւ ջրային ու  մարդկային ռեսուրսներն արդյունավետ չեն  օգտագործվում՝ «Ռադիոլուր»-ին ասում է տնտեսագետ Արմեն Քթոյանը։ Հիշեցնում է՝ գյուղատնտեսությունն էլ տնտեսական գործունեության տեսակ է, որը նորարարական մոտեցում ու գիտելիք է պահանջում։ Այն պետք է  դիտարկել որպես արտադրություն, ոչ թե կենսակերպ՝ ասում է։

 «Ավանդական պատկերացումը, որ եթե գյուղում ես բնակվում, պետք է գյուղատնտեսության մշակությամբ զբաղվես, ըստ էության, պետք է փոխվի։ Եթե մենք գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը միտված համալիր մոտեցումներ կարողանանք կիրառել, ապա հնարավորություն կտա եղած ռեսուրսներով ավելի շատ արտադրանք թողարկել, ունենալ ինտենսիվ գյուղատնտեսություն, ինչը աճի նախադրյալ է»։ 

Փորձագիտական դաշտում առանցքային այլ խնդիրներից էլ են խոսում՝ տեխնիկայի ողջ պարկը մաշված է։

Գյուղոլորտի փորձագետ Գառնիկ Պետրոսյան․ «Տարիներ շարունակ գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ միշտ մնացորդային վերաբերմունք է ցուցաբերվել։ Հետխորհրդային ամբողջ ժամանակահատվածում հին ռեսուրսները մաշվեցին, առանձին դեպքում ուղղակի մսխվեցին։  Հիմա մենք հայտնվել ենք շատ բարդ իրավիճակում»։

Գյուղոլորտն այս պահին մեկ այլ լուրջ խնդիր էլ ունի․մասնագետները ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Փաստ՝ այս տարի  Ագրարային համալսարան ընդունվել է  ընդամենը 38 դիմորդ։ Համալրվել է առաջարկվող 930 տեղերի միայն 4 տոկոսը, բուհում թափուր է մնացել գրեթե 800 վճարովի և 100 անվճար տեղ։ Սա մասնագետներն արդեն ոչ թե խնդիր, այլ  ահազանգ են համարում։   

Կարդացեք նաև
Close
Back to top button