Վերնատուն

Gyumri Art Week․ մշակույթի լեզվով՝ աշխարհին համաքայլ․ «Վերնատուն»

Մեկնարկում է Gyumri Art Week կամ «Գյումրի արվեստի շաբաթ» ժամանակակից արվեստի միջազգային նախագիծը։ Նախագծի համադրող, արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանն ասում է, որ այն միջազգային մոդել է․ նմանատիպ արվեստի «շաբաթներ» կան աշխարհի մի շարք քաղաքներում՝ Բեռլինում, Վիեննայում, Սինգապուրում, Լոնդոնում և այլուր։

Սարգիս Հովհաննիսյանը պատմում է, որ այս գաղափարը ծագել է 2000-ականներին, երբ դեռ ուսանող էին ու արվեստագետ ընկերներով հիմնեցին «5–րդ հարկ» ստեղծագործական խումբը։

«Աշխարհն այդ ժամանակ երիտասարդ արվեստագետներիս համար փակ էր: Գյումրիի Բիենալեն մեզ համար լավ օրինակ եղավ, թե ինչ ենք մենք ուզում։ Մենք ուզում էինք զարգացնել ժամանակակից արվեստի մտածողությունը, լեզվամտածողությունը, խմբային աշխատանքի ու խմբային նախագծեր իրականացնելու փորձը։ Այդ ժամանակ մենք փորձեցինք համախմբվել և հանդես գալ խմբով թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս»,– ասում է Սարգիս Հովհաննիսյանը:

Սարգիս Հովհաննիսյանն ասում է, որ այս նախագիծը իրենց 20 տարիների փորձի, ինստիտուցիոնալ ու անձնական կապերի ու շփումների արդյունքն է։ «Բուխարեստում մասնակցում էի մշակութային քաղաքականության մասին մի կոնֆերանսի, ներկայացրեցի Gyumri Art Week–ը և շատ մեծ արձագանք ստացա։ Մենք մտավոր և գաղափարային առումով աշխարհից հեռու չենք, մենք կարող ենք աշխարհի հետ համաքայլ լինել, իսկ աշխարհի հետ քայլելու մեր միակ ճանապարհը մշակույթի լեզվով ու հատկապես ժամանակակից արվեստի լեզվով խոսելն է։ Փառատոնը կարող է իրականում դառնալ Անդրկովկասում արտ հետազոտական տարածք և կարող է դառնալ լավագույն մոդելներից մեկը», — նշում է Հովհաննիսյանը:

Gyumri Art Week –ը տեղի է ունենալու օգոստոսի 6–11 –ը, Գյումրիում. Երևանում, Հայաստանի տարբեր մարզերում։ Նախատեսվում են ցուցահանդեսներ, ներկայացումներ, վիդեոարտեր, ինստալյացիաներ, համերգներ, արվեստի ռեզիդենցիաներ, պանելային քննարկումներ, արվեստի միջամտություններ հանրային տարածքներում և այլն։

Back to top button