ԿարևորՏնտեսական

Հակակարկտային կայաննե՞ր, թե՞ գյուղապահովագրություն. Լոռիում կարկուտի վնասներն են գնահատում

Լոռու մարզում այս տարվա մայիս-հունիս ամիսները խիստ անբարենպաստ էին գյուղատնտեսության համար: Մարզի շուրջ 30 համայնքներ մեծապես տուժել են ուժգին կարկուտից: Անգամ հակակարկտային կայաններն են անզոր եղել տարերքի դեմ: Մինչ գյուղատնտեսները փորձում են ուշքի գալ, կառավարությունից փոխանցել են՝ փոխհատուցում չի լինելու: Ապահովագրական ընկերություններն էլ այժմ ակտիվ գնահատումների փուլում են՝տուժած գյուղացիներին փոխհատուցում տալու նպատակով:

«3 անգամ շիթիլ դրեցի, 3 անգամն էլ կարկուտը տարավ, հայրիկիս տնամերձն ամբողջը սրբեց»,- Լոռու մարզի Լոռի Բերդ խոշորացված համայնքի Բովաձոր բնակավայրից Վարդուհի Այվազյանը կարկուտի հասցրած վնասներն է թվարկում ու սրտնեղում.

«Մեր մոտ գյուղում 3 անգամ եկավ: Ասենք 3.5 հա-ից ես պետք է վերցնեի մի 500-600 տուկ, վերցրել եմ ուղիղ 215 տուկ, ես մի 400-ից ավել տուժել եմ»:

Ցանածը չի ապահովագրել Վարդուհին: Գյուղում շատերն են տուժել, ասում է: Տնամերձում եղածը մի կերպ է պահել: Ամենաշատն, ասում է, վաճառքի համար ցանած առվույտն է տուժել: Լավ կերային բույս է, տարին 2 անգամ ենք հնձում՝ ասում է, լավ էլ գին ունի: 1 հակը՝ նվազագույնը 1500 դրամով կվաճառեր, հիմա նստել վնասներն է հաշվում: Կես միլիոն  դրամից ավելի եկամուտ կունենար. կարկուտը «խմբագրեց» պլանները: Եթե կարկուտ չգա՝ 2-րդ հունձը լրիվ կվերցնեմ՝ հույսը չի կորցնում Վարդուհին:

«Դա 2 անգամ են հնձում,  մի հատ հունիսին, մի հատ էլ սեպտեմբերին, հիմա որ անձրև եկավ, նորմալացավ,  որ կարկուտ չգա, նորից  500-600 հատ  կվերցնեմ»:

Լոռու մարզպետարանի տվյալներով՝ 2022 թվականի մայիս-հունիս ամիսների ուժեղ կարկտահարությունից տուժել են 6 խոշորացված համայնքների23 բնակավայրեր: Վնասվել են հիմնականում հացահատիկի ու կարտոֆիլի ցանքատարածությունները` ընդհանուր մոտ 3000 հա մակերեսով: Անգամ հակակարկտային կայանները չպաշտպանեցին բերքը: Մարզի 79 հակակարկտային կայանները, ինչպես վստահեցնում են մարզպետարանից գործում են: Դրանք 33 բնակավայրերում  են տեղակայված: 65-70 % արդյունավետություն ունեցող գերժամանակակից կայանների համեմատ՝ մարզի հիմնականում «Զենիթ» տեսակի կայանները կիսով չափ են արդյունավետ: Եթե շրջակա գյուղերում էլ լինեն, արդյունավետությունն ավելի կբարձրանա՝ վստահ է Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը: Ամենաշատ կայանները մեր համայնքում են,-ասում է,-4 պետական ու 29 համայնքային ենթակայության: Բոլորը Դսեղից են կառավարվում: Հունիսյան ուժգին կարկուտին, սակայն, կայանները չկրակեցին. մեծ բարձրության վրա ձևավորված  կարկտաբեր ամպերը չափազանց հզոր էին:

Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյան. «Ըստ մասնագետների եզրակացության՝ էն հզորության ու ուժգնության կարկուտ էր, որ 0 արդյունավետություն կարար լիներ էդ կայանների արդյունավետությունը: Կրակեն, չկրակեն՝ պտի թափի: Ցանկալի կլիներ, որ կողքի համայնքներն էլ կայանների ցանցով պատված լինի, որ 40 % արդյունավետություն ունենանք մենք»:

Հակակարկտային կայանները մարզում տեղադրվել են 2011-2022թթ.-ին: 1 կայանի շուկայական միջին գինը 2-2,5 մլն. դրամ է: Բոլոր ծախսերով հանդերձ՝ 1 կայանի պահպանումը համայնքային բյուջեի վրա մինչև 100.000 դրամ է նստում: Ստացվում է՝ տարիներով պետությունը շռայլ ծախսեր է արել, հակակարկտային կայաններ տեղադրել, այժմ էլ դրանց պահպանման ու գործարկման համար համայնքային բյուջեներից բավական կլորիկ գումարներ են ծախսվում, բայց այդ կայանների տված օգուտն այնքան էլ տեսանելի չէ: Տարիներ շարունակ մարդիկ բնական աղետներից վնասներ են կրել ու չնչին փոխհատուցումներ ստացել: Վերջին անգամ մարզում 2019-ին է փոխհատուցում տրվել: Լոռու բնակավայրերում կարկուտի պատճառած վնասները տեղում գնահատվել ու ներկայացվել են Էկոնոմիկայի ու ԱԻ նախարարություններ,- ասում է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը: Փոխատուցում չի լինելու,- պատասխանել են 2 գերատեսչությունից:

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյան. «Էկոնոմիկայի նախարարությունն ասում, է քանի որ ՀՀ-ում ներդրվել է գյուղատնտեսական ապահովագրությունը, նմանատիպ դեպքերի համար փոխհատուցում չի նախատեսվում»:

«ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերության Վանաձորի գրասենյակի տնօրեն Վահե Կռոյանի խոսքով՝ աշխատում են մարզի գրեթե բոլոր համայնքների հետ:  Ներկայում վնասի չափերն են գնահատում Օձուն խոշորացվածում: Ինչքա՞ն ապահովագրական փոխհատուցում կստանա՝ գյուղացին է ընտրում՝ ասում է և ընդգծում՝ փոխհատուցումը հաշվարկվում է ոչ թե ակնկալվող եկամտի, այլ արված նախնական ծախսերի հիման վրա:

 «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերության Վանաձորի գրասենյակի տնօրեն Վահե Կռոյան. «Գյուղացին նախապես է ընտրում իր ապահովագրական գումարի սահմանաչափը՝ 300.000 դրամից մինչև 700-800.000 դրամ, որն աշնանացան ցորենին է վերաբերում: Հիմնականում ապահովագրում են մինչև 350.000 դրամի սահմաններում՝ 1 հա-ի համար: Փոխհատուցումը տրվում է ոչ թե տվյալ բերքից ակնկալվող եկամտի չափով, այլ թե ինչքան ծախս է արվել տվյալ ցանքատարածության վրա՝ սերմ, գյուղտեխնիկա, աշխատանք»:

Իսկ ինչ անեն այն մարդիկ, ովքեր կարկուտի հետևանքով գույքային վնաս են կրել,-հարցնում է Ախթալա խոշորացված համայնքի Շամլուղ բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Աղաբաբյանը: Ամենաշատը 2 թաղամաս է տուժել: Տուն առ տուն շրջել, վնասները չափել ու թղթին են հանձնել: Սեփական օրինակն է բերում. կարկուտի պատճառով չնախատեսված ծախսերի առաջ է կանգնել ու որևէ պետական աջակցություն չի ստացել; Իր նման տուժածները շատ են, մեկի մեքենան են վնասվել, մյուսի՝ տանիքը:

Ախթալա խոշորացված համայնքի Շամլուղ բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Աղաբաբյան. «Վնասն էնքան մեծ էր, որ հնարավոր չէր էդ տանիքով ապրելը, հույսը կտրեց, վարկ վերցրեց, փոխեց: Ես էլ էմ էդ վնասը կրել անձամբ՝ ՈւԱԶ մեքենայիս դիմապակին է վնասվել, կողային հայելին ջարդել, տանիքը մի 70 %-ով վնասվել»:

Գյուղերում սկսել են կարևորել ապահովագրությունը: Պետությունը 50-60 %-ով համաֆինանսավորելով ապահովագրավճարները՝ իր իսկ հողի ապահովության գործում գյուղացու մասնակցությունը խրախուսելու, նաև գյուղատնտեսությամբ զբաղվելը խթանելու քաղաքականություն է վարում:  1 հա ցանքատարածություն ապահովագրելը միայն գյուղացու վրա տարեկան միջինը 7000-8000 դրամ է նստում,- ասում է Վահե Կռոյանը: Արթուր Աղաբաբյանին ու նրա նման տուժածներին էլ Կռոյանն առաջարկում է ապահովագրել գույքը ցանկացած ռիսկից՝ անգամ երկրաշարժից:

Back to top button