Գերդաստաններ

Անվանի բժշկի պարտքը՝ հայրենիքին․ «Գերդաստաններ»

Արդեն ավելի քան 30 տարի է, ինչ նա օժանդակում է Հայաստանում ուրոլոգիայի  զարգացմանը, նրա շնորհիվ է Հայաստանը ստացել լազերային գերհզոր  սարքավորումներ։ «Եթե Հայաստանում ամեն ինչ  ուրոլոգիայի պես ըլլա, մենք հարց չունինք»,- սիրում էր ասել նա։

Կարո Դերձակյանի պապի եղբայրը՝ Թերզի Կիրակոսը, մեծ դեր է ունեցել Ուրֆայի ինքնապաշտպանական մարտերում, նա եղել է ինքնապաշտպանության առաջնորդներից, հետո ձերբակալվել է և կախաղան բարձրացվել։

Իսկ  Դերձակյանի պապը՝ Գրիգորը, թութունջի էր, որը բնականաբար վատ թութունը լավից տարբերում էր, համտեսում էր և գնահատում։ Գրիգորի ընտանիքի մի մասը նահատակվեց, մյուսների փրկության վերջին կայանը եղավ Բեյրութը, քանի որ  այնտեղ թուրքեր գրեթե չկային։ Իր ընտանիքի պատմությունը շարունակում է Կարո Դերձակյանը։

Բեյրութում Կարոն հաճախ էր գնում հոր արհեստանոցը, քանի որ այստեղ երիտասարդներ էին աշխատում, իսկ իրեն առաջին հերթին հետաքրքիր էր լսել այդ երիտասարդների սիրային արկածների մասին պատմությունները, նաև տեսնել «Զինգեր» մեքենաների աշխատանքը։

Նշան Փարաջյան վարժարանն ավարտելուց հետո, Կարոյին հաջողվեց ստանալ Գյուլբենկյան ընկերության հովանավորությունը, որպեսզի ուսումը շարունակեր  բժշկական համալսարանում։

Շուտով նրա կյանքում հայտնվեց Սիլվին, որը Իսրայելից եկել էր Բեյրութ՝ Ամերիկյան համալսարանում բժշկություն սովորելու նպատակով։

Հենց այստեղ էլ նրանք հանդիպում են, շուտով Կարոն ու Սիլվին ամուսնանում են ու մեկնում ԱՄՆ։ Այստեղ էլ հենց ծնվում են նրանց զավակները։

Դուստրը՝ Թալինը, բարձրակարգ իրավաբան է, ինքն է պատմում իր աշխատանքային  հաջողությունների, ծրագրերի և ընտանիքի մասին։

Որդին՝ Արամը, կինոպրոդյուսեր է, աշխատել է մի շարք հայտնի ֆիլմերում։  

Կարո Դերձակյանն աշխատել է Հայաստանում, վերապատրաստել շատ ուրոլոգների, ծանոթացրել նրանց ժամանակակից տեխնոլոգիաներին:

Ուզում եմ հաղորդումն ավարտել Գյուլբենկյան ընկերության այն աշխատակցի խոսքերով, որի շնորհիվ հիմնադրամը փոխհատուցեց Կարո Դերձակյանի ուսման ծախսերը և նրան հնարավորություն տվեց բժիշկ դառնալ. «Տղաս, երբ կրրնաս օգտակար ըլլալ հայրենիքիդ, այդ ժամանակ արդեն վերադարձուցած կըլլաս այսօր քեզ տրված գումարը»։

Back to top button