ԿարևորՄշակույթ

Մյունխենում կայացավ «Հովեր» երգչախմբի համերգը՝ նվիրված Հայաստան-Գերմանիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին

Գերմանիայի դաշնային հանրապետության Բավարիա երկրամասում՝ Մյունխենի «Բոլոր սրբերի պալատական տաճարում» (Allerheiligen-Hofkirche), տեղի ունեցավ «Հովեր» պետական կամերային երգչախմբի՝ «Առ քո թեւերին, տար ինձ ժամանակ» խորագրով համերգը, որը նշանավորում էր Հայաստան-Գերմանիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ինչպես նաեւ «Հովեր» երգչախմբի հիմնադրման եւ գործունեության երեսնամյա հոբելյանը։

Համերգն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի եւ ԳԴՀ Բավարիա երկրամասի Գիտության եւ արվեստի նախարարությունների հովանու ներքո։

Իրադարձության նախաձեռնողը եւ իրականացնողը EUROPAMUSICALE եվրոպական մշակութային հիմնադրամն էր՝ աջակցությամբ Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս դոկտոր Քրիստինե Զասսեի։

Համերգից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան ԳԴՀ Բունդեսթագի նախկին փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերը, EUROPAMUSICALE եվրոպական մշակութային հիմնադրամի ղեկավար Հելմուտ Պաուլին, ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ինչպես նաեւ Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս, դոկտոր Քրիստինե Զասսեն։

«Հովեր» երգչախմբի համերգային ծրագիրը բաղկացած էր երկու մասից, որն ընդգրկում էր հայ եւ եվրոպական ժամանակակից եւ դասական խմբերգային ստեղծագործություններ։ Երեկոյի ընթացքում հնչեցին Սբ․ Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Աննա Ազիզյանի, Արզաս Ոսկանյանի, էդգար Հովհաննիսյանի, Դավիթ Հալաջյանի, Տիգրան Ստամբուլցյանի, Վաչե Շարաֆյանի, համերգի երկրորդ բաժնում՝ Ք․ Պենդերեցկիի, Վ․ Տորմիսի, Վ․ Բուխենբերգի, Ա․ Պյարտի, Ռ․Մ․ Շաֆերի, Մ․ Օստրժիգայի, Հ․ Շանդերլի ստեղծագործությունները։ Դաշնակահար՝ Շահանե Աղաքարյան, խմբավար՝ Նարինե Ոսկանյան։

«Հովեր» կամերային երգչախումբը հիմնադրվել է 1992 թվականին, 2009-ին՝ ստացել պետական կարգավիճակ։ Երգչախումբը համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Թայվանում, Բելգիայում, Էստոնիայում, Լիտվայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Շվեյցարիայում, Սլովենիայում  («Teatro Dal Verme» (Իտալիա), “Тhéâtre Nanterre-Amandiers”, “Cité de la Musique”, “Le Quartz” (Ֆրանսիա), «Սթրաթմոր», «Քարնեգի Հոլ», «Լինքոլն Սենթըր» («Ալիս Թուլի Հոլլ») (ԱՄՆ), Թայբեի ազգային (Թայվան), «Էրմիտաժ» թատերական (Ռուսաստան) եւ այլ հեղինակավոր դահլիճներում):

Նախաձեռնել է մի շարք խմբերգային ներկայացումներ, մասնակցել բազմաթիվ մեծակտավ վոկալ-սիմֆոնիկ, օպերային նախագծերի։ Համագործակցել է մեծանուն երաժիշտների եւ կոմպոզիտորների հետ (Գ. Կրեմեր, Ա. Մուստոնեն, Ռ. Շերվինիկաս, Դ. Գերինգաս, Ջ, Նելսոն, Մ. Կլաուզա,  Բ. Կուտավիչյուս, Լ. Շամբադալ, Ֆ. Հելգաթ, Ա. Բոչելլի, Տ. Գուրտու): Համատեղ ծրագրերով հանդես է գալիս ՀՊՖՆ-ի, ԵԿՊՆ-ի, ՀՊԵՆ-ի, «Երեւանյան հեռանկարներ», «Ոսկե ծիրան», «Կոմիտաս» փառատոնների, «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության, ինչպես նաեւ հայաստանյան բոլոր նվագախմբերի եւ երգչախմբերի հետ: «Հովեր»-ը մասնակցել է մի շարք ներկայացումների եւ գեղարվեստական ֆիլմերի երաժշտական ձեւավորման աշխատանքներին։

«Հովեր» պետական կամերային երգչախումբը Առաջին համաշխարհային խմբերգային օլիմպիադայի Ոսկե մեդալակիր է (Լինց, Ավստրիա, 2000), 2012-ին պարգեւատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։ Ունի 7 ձայնասկավառակ։

Երգչախումբը հիմնադրել եւ ղեկավարում է Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ԵՊԿ ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Սբ․ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Սոնա Հովհաննիսյանը։

2022 թվականը «Հովեր» պետական կամերային երգչախմբի համար հոբելյանական է․ լրանում է հիմնադրման եւ գործունեության 30 տարին, որն այս տարվա մարտին նշանավորվեց «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» խմբերգային ներկայացման պրեմիերայով։

Երգչախումբը շարունակում է ներկայացնել նորանոր ծրագրեր, որոնք միտված են նպաստելու ժամանակակից խմբերգային արվեստի զարգացումներին` հարստացնելով հայ խմբերգային երաժշտության ներկապնակը:

Back to top button