Երաժշտական եռանկյունի

«Կադանս». արգենտինական ռիթմերը՝ երևանյան բեմում. «Երաժշտական եռանկյունի»

«Կադանս» անսամբլը միշտ  հանդիպման առիթներ է ստեղծում` խոսելու նոր ծրագրերի, համերգների ու հյուրախաղերի մասին։

«Երաժշտական եռանկյունու» տաղավարում զրուցում ենք կոլեկտիվի հիմնադիր, պրոդյուսեր Նիկա Բաբայանի հետ անսամբլի միջազգային համագործակցության ու հյուրախաղերի մասին։

««Կադանսը» հայտնի է իր յուրօրինակ «արգենտինյան» ուղղվածությամբ։ Մեր մշակումները և հայտնի ստեղծագործությունների կատարումները որոշակի գեղագիտական ձև ունեն և օրինաչափ է, որ գտանք ընդհանուր եզրեր լեգենդար արգենտինյան երաժիշտների՝ բանդոնեոնահար Վալտեր Ռիոսի և երգչուհի Մարիել Դյուպետի հետ»,- ասում է պրոդյուսերը։

Արգենտինյան երաժշտությունը, հատկապես արմատներով ժողովրդական տանգոն, իր գեղագիտական գագաթնակետին ու միջազգային հանրահռչակման հասցրեց Աստոր Պիացոլան, որի հետ երկար տարիներ համագործակցել է Վալտեր Ռիոսը։ Ակորդեոն հիշեցնող բանդոնեոն նվագարանը համապատասխան է հենց տանգոյի երաժշտական ձևին և հաղորդում է այդ երաժշտությանը հատուկ արգենտինյան հմայք։

Ռիոսի համագործակցությունը «Կադանսի» հետ վաղուց է սկսվել և ահա նա դարձյալ Հայաստանում է և հանդես է գալիս ևս մի լեգենդի՝ երգչուհի Մարիել Դյուպետի հետ, Հայաստանի ազգային օպերային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան, և «Կադանս» անսամբլի երաժիշտների հետ։

Օպերային թատրոնի բեմը համերգի ժամանակ շնչում էր արգենտինյան օդով, ապրում պիացոլայական բուռն հույզերով և փայլում վիրտուոզ երաժիշտների կատարումներով։

Երևանյան համերգից հաշված օրեր անց «Կադանսը»,  արգենտինացի մենակատարների հետ մեկնեց Սիրիա և Սիրիական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ հանդես եկավ Դամասկոսում։

Նիկա Բաբայանը մի քանի տասնամյակ զբաղված է երաժշտական պրոդյուսերությամբ, հսկայական կազմակերպչական փորձ, գործնական կապեր և բարի  համբավ է ձեռք բերել մասնագիտական միջազգային շրջանակներում և այսօր էլ շարունակում է արդյունավետ աշխատել հայկական և արտասահմանյան մի շարք երաժիշտների հետ, մնալով բացառապես ազատ և ինքնակազմակերպվոր արվեստի տիրույթում։

Նա իր մտահոգությունն է հայտնում օրենսդրական բացերի, կազմակերպչական բարդությունների և բազմաբնույթ խոչընդոտների կապակցությամբ, որոնք շատ են բարդացնում հայկական երաժշտական կոլեկտիվների մուտքը միջազգային համերգային և փառատոնային ասպարեզներ։

Հաղորդման ընթացքում հնչում են Մարիել Դյուպետի և Վալտեր Ռիոսի կատարումները «Կադանս» անսամբլի և  Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Back to top button