ԿարևորՏնտեսական

Լողում է փոխարժեքը, թռչում են գները, ցատկում է վերաֆինանսավորումը. բայց ԿԲ-ն լավատես է

Կենտրոնական բանկի խորհուրդը հերթական անգամ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0․25%-ով․ այսպիսով բանկերին տրամադրվող շրջանառու միջոցների տրամադրման տոկոսադրույքը հասնում է 9․5%-ի։ Հիմնական նպատակը գնաճը թիրախին՝ 4+/-1․5 տոկոսին մոտեցնելն է։

Տնտեսական նոր կանխատեսումներ գլխավոր դրամատանն այս պահին չկան, բայց արձանագրում կա՝ եթե անակնկալներ չլինեն, տարեկան տնտեսական աճի միտում կունենանք։ Նախորդ անգամ կենտրոնական բանկը վերանայել էր ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ ակնկալելով 4․9 տոկոս 1․6-ի փոխարեն։ Կենտրոնական բանկում նաեւ կանխատեսել են՝ տարին կփակվի երկնիշին ձգտող 8․5 տոկոս գնաճով։

ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական ակտիվության դանդաղում, միջազգային ապրանքահումքային շուկայում  գնաճային ճնշումների որոշակի թուլացում, բայց պատմականորեն բարձր մակարդակ, զարգացած երկրներում դրամավարկային պայմանների խստացում՝ հենց այս գործոնները հաշվի առնելով է ԿԲ-ն որոշում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 9․5 տոկոսի։ Վերջին 1 տարում ԿԲ-ն բանկերին տրամադրվող շրջանառու միջոցների վերաֆիանանսավորման տոկոսադրույքը բարձրացնում է արդեն 8-րդ անգամ։  Գլխավոր դրամատան նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը բացատրում է՝ ինչու, ասում է՝ որպեսզի գնաճը նախանշված՝ 4+/-1․5 %-ին մոտեցնեն։

«12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի ու միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նախանշված ուղենիշին»։

ԿԲ կոշտ քաղաքականությունը գնաճը զսպելուն է ուղղված։ Բայց գները նահանջելու մտադրություն չունեն։ Գնաճն արդեն երկնիշ է, առաջին վեց ամսում՝ 10․3 տոկոս։ Հունիսին 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 18 տոկոսով թանկացել են ալյուրը, հացը` 20,  մակարոնեղենը՝ գրեթե 30 տոկոսով, տավարի միսը` շուրջ 20, ավելի քան 25 տոկոսով` պանիրը։ ԿԲ-ում կարծում են՝ եթե դրամր չարժևորվեր,  գնաճն ավելի բարձր կլիներ․ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը օրինակով է ներկայացնում.
«Եթե վերցնենք հունիսին արձանագրված 10․3 տոկոս գնաճը, ապա մենք կունենայինք մոտավորապես 1 տոկոսով ավելի բարձր գնաճ»։

ԿԲ-ն նաեւ արձանագրում է՝ 2022-ի 2-րդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում դիտվել է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն հատկապես ծառայությունների ճյուղում: Դրական զարգացումներ են արձանագրվել նաեւ արդյունաբերության եւ արտահանման ոլորտներում: Տնտեսական բարձր աճի ձեւավորման գործում գերակշռում են պահանջարկի գործոնները՝ մեծամասամբ պայմանավորված միջազգային այցելուների եւ ՌԴ-ից դրամական փոխանցումների զգալի ներհոսքով: Միջազգային այցելուների թվով պայմանավորված պայմանավորված դրամի արժևորումը եւս շարունակվում է, քանի որ դրսից եկողներն իրենց հետ արտարժույթ բերում Հայաստան։ ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը  որոշ տվյալներ է մեջբերում ՝ բանկերը փետրվարից սկսած 650 մլն դոլարի  արտարժույթ են գնել։

«Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդները փետրվարից մինչև հունիսի 30-ն աճել են 70․4 տոկոսով»։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը հիշեցնում է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 2020-ի տարեվերջին 4․25 %-էր, այժմ՝ դարձել 9․5 %։ Ձեռնարկված կտրուկ քայլերով հանդերձ՝ ֆինանսական շուկայի արձագանքը դանդաղում է՝

«Տոկոսադրույքի բարձրացումը ֆինանսական շուկայում փողի գնի էական թանկացման չի հանգեցրել։ ԿԲ-ն այսպես շարունակաբար հերթական բարձրացումների է գնում, որպեսզի ի վերջո դրա մասշտաբը բավարար լինի ֆինանսական շուկայի վրա ներգործելու վրա»։

Բայց ֆինանսական շուկայում մի կարեւոր ցուցանիշ կա, որը կայուն է մնացել․ այս ընթացքում՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը շուրջ 5 տոկոսով  բարձրանալով հանդերձ, վարկերի ու ավանդների տոկոսադրույքները գրեթե չեն փոփոխվել՝ նկատում է տնտեսագետը։ Բայց տարեսկզբի համեմատ բանկերին վստահված գումարների ընդհանուր ծավալն է պակասել․ ավանդները նվազել են 42 մլրդ դրամով՝ ընդգծում է բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։

Բացատրություն կա․ «Արտարժույթով, աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ որոշ միջոցներ վերադառնում են այն երկրներ, որտեղից եկել էին»։

ԿԲ-ն իր հնարավորության չափով առավելագույնն է անում ՝ ընդգծում է տնտեսագետ Նարեկ Կարապետյանը։ Իր հերթին գլխավոր դրամատունը հիշեցնում են՝ վարում են լողացող փոխարժեքի քաղաքականութուն՝ կարևորելով քաղաքացիների համար  կարեւորը՝ կայուն ու ցածր գնաճը։ Ամսեամիս ահագնացող գնաճի պայմաններում էլ մխիթարանք կա՝ սա միայն հայկական ֆենոմեն չէ։ Գնաճը մոլեգնում է ողջ աշխարհում։

Back to top button