

«Կադանս» անսամբլը միշտ հանդիպման առիթներ է ստեղծում` խոսելու նոր ծրագրերի, համերգների ու հյուրախաղերի մասին։
«Երաժշտական եռանկյունու» տաղավարում զրուցում ենք կոլեկտիվի հիմնադիր, պրոդյուսեր Նիկա Բաբայանի հետ անսամբլի միջազգային համագործակցության ու հյուրախաղերի մասին։
««Կադանսը» հայտնի է իր յուրօրինակ «արգենտինյան» ուղղվածությամբ։ Մեր մշակումները և հայտնի ստեղծագործությունների կատարումները որոշակի գեղագիտական ձև ունեն և օրինաչափ է, որ գտանք ընդհանուր եզրեր լեգենդար արգենտինյան երաժիշտների՝ բանդոնեոնահար Վալտեր Ռիոսի և երգչուհի Մարիել Դյուպետի հետ»,- ասում է պրոդյուսերը։
Արգենտինյան երաժշտությունը, հատկապես արմատներով ժողովրդական տանգոն, իր գեղագիտական գագաթնակետին ու միջազգային հանրահռչակման հասցրեց Աստոր Պիացոլան, որի հետ երկար տարիներ համագործակցել է Վալտեր Ռիոսը։ Ակորդեոն հիշեցնող բանդոնեոն նվագարանը համապատասխան է հենց տանգոյի երաժշտական ձևին և հաղորդում է այդ երաժշտությանը հատուկ արգենտինյան հմայք։
Ռիոսի համագործակցությունը «Կադանսի» հետ վաղուց է սկսվել և ահա նա դարձյալ Հայաստանում է և հանդես է գալիս ևս մի լեգենդի՝ երգչուհի Մարիել Դյուպետի հետ, Հայաստանի ազգային օպերային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան, և «Կադանս» անսամբլի երաժիշտների հետ։
Օպերային թատրոնի բեմը համերգի ժամանակ շնչում էր արգենտինյան օդով, ապրում պիացոլայական բուռն հույզերով և փայլում վիրտուոզ երաժիշտների կատարումներով։
Երևանյան համերգից հաշված օրեր անց «Կադանսը», արգենտինացի մենակատարների հետ մեկնեց Սիրիա և Սիրիական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ հանդես եկավ Դամասկոսում։
Նիկա Բաբայանը մի քանի տասնամյակ զբաղված է երաժշտական պրոդյուսերությամբ, հսկայական կազմակերպչական փորձ, գործնական կապեր և բարի համբավ է ձեռք բերել մասնագիտական միջազգային շրջանակներում և այսօր էլ շարունակում է արդյունավետ աշխատել հայկական և արտասահմանյան մի շարք երաժիշտների հետ, մնալով բացառապես ազատ և ինքնակազմակերպվոր արվեստի տիրույթում։
Նա իր մտահոգությունն է հայտնում օրենսդրական բացերի, կազմակերպչական բարդությունների և բազմաբնույթ խոչընդոտների կապակցությամբ, որոնք շատ են բարդացնում հայկական երաժշտական կոլեկտիվների մուտքը միջազգային համերգային և փառատոնային ասպարեզներ։
Հաղորդման ընթացքում հնչում են Մարիել Դյուպետի և Վալտեր Ռիոսի կատարումները «Կադանս» անսամբլի և Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ։