ԿարևորՏնտեսական

Ոռոգման ջրի վատ կառավարումից մինչև մասնագետների պակաս․ ինչո՞ւ գյուղոլորտում աճ չի գրանցվում

Տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը նվազել է 5,5 տոկոսով։ Փորձագետները գյուղոլորտի շարունակական անկումը մի քանի պատճառներով են բացատրում՝ ոռոգման ջրի բացակայությունից մինչև ոլորտում  որակյալ  կադրերի պակաս։ Նշում են, որ հենց այս գործոններով պայմանավորված  էլ վարելահողերի կեսից ավելին չի մշակվում։ Հայաստանում գյուղոլորտի, հետևաբար նաև պարենային անվտանգության խնդիրներն ավելի են սրվել Արցախյան վերջին պատերազմից հետո։  Հողատարածքների կորստից բացի՝ նաև ջրի, տեխնիկայի, գյուղատնտեսական ներուժի կորուստներ ենք ունեցել։

Ոռոգման ջրի բացակայություն, ջրային առկա ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարում, կտրտված հողատարածքներ, մաշված գյուտեխնիկա, թանկացած դիզվառելիք, պարարտանյութ  ու թունաքիմիկատներ, մասնագետների պակաս․ ոլորտի փորձագետ Գառնիկ Պետրոսյանը  գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալի 5,5 տոկոս անկման պատճառների ոչ ամբողջական շարքն է թվարկում։ Նաև նկատում է՝ գյուղոլորտն անկում է  ապրում ամբողջ աշխարհում՝ ճգնաժամով պայմանավորված։ Բայց հայկական գյուղատնտեսությունն ունի  իր խնդիրները

«Տարիներ շարունակ գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ միշտ մնացորդային վերաբերմունք է ցուցաբերվել։ Հետխորհրդային ամբողջ ժամանակահատվածում հին ռեսուրսները մաշվեցին, առանձին դեպքում ուղղակի մսխվեցին։ Հիմա մենք հայտնվել ենք շատ բարդ իրավիճակում»։

Գյուղացին դեռ խորհրդային տարիներից մնացած տեխնիկայով  է հող մշակում, տրակտորները հին են, ծախսերը՝ շատ։ Սրան ավելացել են  նաև դիզվառելիքի ու  պարարտանյութերի բարձր գները, ոռոգման ջրի վատ կառավարումը

«Եթե անցյալ տարի սակավաջրությունից էինք խոսում, որ ջրամբարներում ջրի պակաս կար, ապա այս տարի բոլոր ջրամբարներում ջրի պաշարներն ավելին են, քան անցյալ տարի,բայց  նորից կառավարման նույն թափթփվածությունն է այդ համակարգում»։

Միայն անցյալ տարի ոռոգման ջրի համակարգում շուրջ 40 տոկոս կորուստ է գրանցվել է՝ ասում է  ջրային կոմիտեի նախագահը։ Կարեն Դաղբաշյանի խոսքով՝ միայն վատ կառավարման պատճառով չէ, որ ջուրը գյուղացուն չի հասնում, էական են նաև կլիմայի փոփոխությունները։

«Չոր կլիմայական պայմաններով պայմանավորված՝ ջրի նկատմամբ բույսերի պահանջարկն ավելացել  է։ Տարբեր տարածքներում ունենք ստորգետնյա ջրերի մակարդակի նվազում, որը թույլ չի տալիս ստորգետնյա սնուցում իրականացնել»։

Ոլորտի մասնագետները որպես բացասական գործոն մատնանշում են նաև մթերվող բերքի ցածր գինը։ Օրինակ՝ մթերող կազմակերպությունները,  ըստ Գառնիկ Պետրոսյանի, խաղողի մթերման պայմանագրերը 100–120 դրամով են կնքում, մինչդեռ մոտավորապես այսքան բերքի ինքնարժեքն է։ Խաղողագործության ոլորտը, զրուցակցիս կարծիքով,  մարտահրավերների առջև է։ Գրեթե նույն պատկերը  նաև ծիրանի մթերման  դեպքում է։

«Արտահանող ընկերությունները ծիրանը մթերել են 200 դրամով։ Երբեմն, իհարկե, 500–600  դրամով են մթերել, բայց հիմնականում ավելի ցածր գնով են վերցրել, անգամ 50–60 դրամով»։

Հենց այս գործոններով պայմանավորված՝ վարելահողերի կեսից ավելին չի մշակվում՝  արձանագրում է գյուղոլորտի փորձագետը։ Այս ամենը հանգեցնում է  առաջին անհրաժեշտության ապրանքների ինքնաբավության ցուցանիշերի անկման։ Սա փաստում են  նաև ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտությունները։ Կենտրոնի ավագ փորձագետ Սամվել Ավետիսյանն առանձնացնում է հատկապես հացահատիկը, բուսական յուղը, հատիկընդեղենային մշակաբույսերը․

«Խոսքը վերաբերում է նաև շաքարին, խոզի մսին, իսկ հատկապես թռնչամսի  ինքնաբավության մակարդակը բավականին ցածր է։  Չունենք սեփական հումքի արտադրություն, ինչ էլ արտադրում ենք, ներկրված հումքով է։ Եթե  ինչ-որ լոգիստիկ խնդիրներ առաջանան, կկանգնենք փաստի առաջ։  Ամենակարևորը հացն է, որի ինքնաբավության մակարդակը տարեցտարի իջնում է՝ 2016-ին 53 տոկոս էր,  2020–ին՝ 24․4 տոկոս։ Կանխատեսում եմ, որ 2021–ին ավելի ցածր է եղել» ։

Հայաստանում պարենային անվտանգության խնդիրները, փորձագետի գնահատմամբ, ավելի են սրվել Արցախյան վերջին պատերազմից հետո։ Հողատարածքների կորստից զատ նաև ջրի, տեխնիկայի, գյուղատնտեսական ներուժի կորուստ ենք ունեցել։ Կտրուկ կրճատվել է անասնագլխաքանակը, այդպիսով՝ կաթն ու միսը։          

Գյուղոլորտում հողային, ջրային, նաև  մարդկային ռեսուրսները արդյունավետ չեն  օգտագործվում՝ «Ռադիոլուր»-ին ասում է տնտեսագետ Արմեն Քթոյանը։ Հիշեցնում է՝  գյուղատնտեսությունն էլ տնտեսական գործունեության տեսակ է, որը նորարարական մոտեցումներ  ու համապատասխան գիտելիքներ է պահանջում։ Գյուղատնտեսությունը պետք է  դիտարկել որպես արտադրություն, ոչ թե կենսակերպ՝ ասում է։

«Ավանդական պատկերացումը, որ եթե գյուղում ես բնակվում, պետք է գյուղատնտեսության մշակությամբ զբաղվես, ըստ էության, պետք է փոխվի։ Եթե մենք գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը միտված համալիր մոտեցումներ կարողանանք կիրառել, ապա հնարավորություն կտա եղած ռեսուրսներով ավելի շատ արտադրանք թողարկել, ունենալ ինտենսիվ գյուղատնտեսություն, ինչը աճի նախադրյալ է»։ 

Գերակա  համարվող ոլորտի համար կադրեր պատրաստող բուհը՝ Ագրարային համալսարանն այս տարի ընդամենը 38  առաջին կուրսեցի ունի։  Համալրվել է առաջարկվող 930 տեղերի միայն 4 տոկոսը, բուհում թափուր է մնացել գրեթե 800 վճարովի և 100 անվճար տեղ։ Սա մասնագետներն արդեն ոչ թե խնդիր, այլ լուրջ ահազանգ են համարում։ 

Back to top button