ԿարևորՀասարակություն

Առաջին նիստը՝ բոլոր համայնքապետերով․ Սյունիքի խնդիրները՝ մարզխորհրդում

3 ժամից ավելի՝ մարզի տասնյակ խնդիրների շուրջ․ Սյունիքի մարզի երկու համայնքում ավագանու ընտրությունների կազմակերպչական հարցեր, համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացք, բերքահավաք, նաև գաղտնի ռեժիմով  հարցեր։ Սյունիքի մարզի խորհրդի նիստի օրակարգը հագեցած էր:

Սյունիքի մարզի 8 համայնքների ղեկավարներն են մարզի խորհրդի նիստին ներկայացել։  44-օրյա պատերազմից հետո սա առաջին նիստն էր, որին մասնակցում էին համայնքների բոլոր ղեկավարները․ չկային կալանավորված համայնքապետեր։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասում է՝ առաջիկա նիստն ավելի լայն շրջանակով կլինի՝ նաև ուժային կառույցների ներկայացւոցիչներով։ Բայց այսօր էլ քննարկվող թեմաները շատ լայն օրակարգով ու շրջանակով են։  

«Եկող շաբաթների ընթացքում արդեն ընդլայնված նիստ կլինի՝ մարզի ուժային կառույցների ղեկավարների և այլ օղակների մասնակցությամբ։ Բայց նախ և առաջ պիտի քննարկենք ՏԻՄ ու կառավարության հետ կապված բազմաթիվ խնդիրներ։  Վստահ եմ որ օրակարգը շատ խիտ է, շնորհակալ եմ, որ բոլորդ եկել եք, մասնակցում ենք, սկսենք, տեսնենք, թե ոնց կստացվի»։  

Օրակարգի առաջին հարցը սեպտեմբերի 25-ին Սիսիան ու Քաջարան համայնքներում համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրությունների կազմակերպչական հարցերն են։ Ըստ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների համակարգման վարչության պետ Սեյրան Ավետիսյանի՝ այս պահին որևէ խնդիր չկա։ Կա մի հարց, որը մինչև քվեարկության օրը հնարավոր չի լինի շտկել։  Սեյրան Ավետիսյան․

«Գյուղական շատ համայնքներում չկան թեքահարթակներ, սա միշտ ֆիքսում ենք որպես թերություն, ու չի լուծվում հարցը»։

Մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասով՝  ֆինանսական և սոցիալ-տնտեսկան զարգացման վարչության պետ Նարեկ Դավթյանը նկատում է՝ հունիսի 30-ի դրությամբ  նախատեսված 1, 4 մլրդ դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 1.3 միլիարդ դրամ կամ նախատեսված եկամտի 94 տոկոսը։

«Աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 24 տոկոս, բացարձակ թվով 62 մլն դրամ։ Սեփական եկամուտները 5 հարկատեսակների գծով, մոտ 1 մլդ դրամի փոխարեն հավաքագրվել է 905 միլիոն դրամ։ Համեմատաբար ցածր տոկոսի հավաքագրում ունենք Տաթև  ու Գորայք համայնքներում։ Տաթևում  ցածր հավաքագրման տոկոսը կապված է տեղական տուրքերի հետ, Գորայքինը՝ հողի հարկի հետ»։

Տաթև համայնքի ղեկավար Սևադա  Լալայանը պարզաբանում է՝ եթե բերքն իրացնեն, հարկերը կվճարեն։  Սակայն հուլիսի 1-ից փոխվել է հարկերի վճարման ընթացակարգը։ Գումարները պետք է վճարվեն բանկերում կամ վճարային տերմինալներով։ Նախկինում հարկերը  հնարավորություն ունեին վճարելու համայնքապետարանում։

Սևադա Լալայան․«Ստեղից պետք է գնան քաղաքում մուծեն։ Մենք կանգնում էինք՝ հարկերը վերցնում։ Հիմա պիտի ստիպենք, ասենք, գնա քաղաք, մուծի, չեկը բերի։ Ամեն մուծելուց էլ 300 դրամ բանկը գանձում է»։

Սյունիքում ընթացքի մեջ է հացահատիկային ու կերային կուլտուրաների բերքահավաքը։  Բերքն այս տարի առատ է՝ հավաստիացնում է գյուղատնտեսության բաժնի պետ Էդիկ Բունիաթյանը։ Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանն էլ հարց է բարձրացնում՝ այդ դեպքում ինչպե՞ս մեկ լավաշի գինը 60 դրամից  դարձավ 100։ Պարզաբանվում է՝ դեռ չեն հնձել ցորենը։

Էդիկ Բունիաթյան․ «Կերային կուլտուրաների մասով՝ բազմամյա չոր խոտը լրիվ պահեստավորված է, խնդիր չենք ունենա ձմռանը, հացահատիկային կուլտուրաների մասով, մինչև 70 ցենտեր բերք ենք ունեցել հեկտարի նկատմամբ։  Վերջին 30 տարվա մեջ նման բերք չենք ունեցել»։

Չնայած խոտն այս տարի առատ է, սակայն մարզի խորհրդի նիստում՝ արձանագրվեց  անցած տարի մարզում հաշվառված էր 90 հազար մանր եղեջերավոր կենդանի, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ 82 000, իսկ 53000 խոշոր եղջերավորների թիվն այս տարի 43.000 է։ Խատն ավելացել է, անասնագլխաքանակը՝ նվազել։

Ի դեպ, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը ցանկացողներին անվճար ծղոտ է առաջարկում․ կարող են գալ ու տանել։  

Օրակարգային այս հարցերը քննարկելուց հետո՝ Սյունիքի մարզպետը լրագրողներին նիստից դուրս է հրավիրում։ Մյուս հարցերը՝ գաղտնի ռեժիմով։

Back to top button