Կյանքին ասել այո՛

2020-ի սեպտեմբերի 27-ը եղել է ծննդյան վերջին օրը, որը նշել եմ․ Անդրանիկ Ջուլյան․ «Կյանքին ասել այո՛»

Պատերազմը սկսվեց նրա ծննդյան օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Նախորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին «Մարտունի 3» զորամասի տղաները մասնակցում էին մարտավարական դասերի։ Շարքն առաջնորդում էր առաջին դասակի ՋՕԿ-ի հրամանատար Անդրանիկ Ջուլյանը։

Ավանդաբար խստապահանջ սերժանտ Ջուլյանը որոշեց, որ այդ օրը տղաներին «տանջելու» փոխարեն պիտի ձմերուկ գնեն, միասին նստեն, ձմերուկ ու տորթ ուտեն, հանգստանան, ապա՝ լուսանկարվեն։ Շատերի համար այդ լուսանկարը դարձավ վերջինը։

7-րդ վաշտի 72 տղաները զոհվեցին Հադրութում։ Մարտական պատրաստություն չանցած, զինատեսակներին չտիրապետող նորակոչիկներին տարել էին մի տարածք, որը օրեր առաջ անցել էր թշնամուն։

«Ցավն այն էր, որ 7-րդ վաշտում իմ ընկերներն էին, ու 7-ի անձնակազմին տվել էի ես։ Սիրտս մի քիչ հանգիստ էր նրանով, որ 26-ին թողեցի, որ տղերքը հանգստանան»,-պատմում է Անդրանիկը։ 2020-ի սեպտեմբերի 27-ին ծննդյան օրը նա նշել է վերջին անգամ՝ տղերքի հետ․․․

Ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում։ Կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղ։ Մինչ զորակոչվելն ընդունվել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։ Զորակոչվել է 2019-ի հունվարին, ծառայել է Արցախի «Մարտունի 3» զորամասում։

Back to top button