ԿարևորՀասարակություն

Արմեն Ամիրյանի «Նոյե»-ն զգոնության կոչ է անում ու պատմում հայի մասին

Մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանը հանրությանը ներկայացրեց իր նոր գիրքը՝ «Նոյե»-ն։ Գրքի իրադարձությունները տեղի են ունենում Առաջին համաշխարհայինից մինչև մեր օրեր։

Այն կինոպատմության ոճով է շարադրված, իսկ էջերի արանքում նաև ֆոտոպատմություն է, որի հեղինակը Վիգեն Մնոյանն է, գլխավոր հերոսների դերերում՝ Ավետ Բարսեղյանն ու Սեդա Աղբալյանը։ Գրքի խմբագիրը Կարինե Գևորգյանն է, սրբագրիչը՝ Գոհար Գևորգյանը, ձևավորումը կատարել է Արամ Ուռուտյանը։

Եթե ֆիլմի նկարահանումների մեկնարկը տալու համար կոտրվում է խորհրդանշական ափսե, ապա գրքի ծնունդն ազդարարելու համար դրա էջերին լցվում է գինի: Հենց այսպես եղավ «Նոյե» գրքի շնորհանդեսը: Այսօրվանից հայ ընթերցողի սեղանին նոր գիրք է, հեղինակը` Հանրային Ռադիոյի նախկին տնօրեն Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը: Գրելու ցանկություն միշտ է ունեցել, պարզապես ժամանակ չի եղել՝ մտքերը թղթին հանձնելու` ասում է հեղինակը։

«Իմ ձեռքի տակ հայտնվեցին նյութեր, որոնք իմ գործընկերների հետ պատրաստել էի դեռ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այդ տարի ապրիլի 24-ից ընդամենը 2 օր առաջ մեզ հանձնարարվել էր պատրաստել 8-ժամյա հեռուստատեսային եթեր։ Այս տարի, երբ թերթում էի այդ նյութերը, հասկացա, որ դրանք իրավունք ունեն կյանք ստանալու»,- նշեց Ամիրյանը։

Գիրքը գրելու ընթացքում վերհիշել է պապի` Արշակ Ղորղանյանի պատմած պատմություններն ու հասկացել, որ ավելի շատ գեղարվեստական ստեղծագործություն է ծնվում, քան փաստավավերագրական։Սկզբում գիրքը կոչվել է մեկ այլ հերոսի` Էլիզաբեթի անունով, բայց ընթացքում այնպես է ստացվել, որ Նոյեն եկել է առաջին պլան։Իսկ Նոյեն Ցեղասպանությունից փրկված ընտանիքի ժառանգ է, գերմանահայ փաստաբան, որն ուզում է փրկել հայ երիտասարդ ցեղասպանագետին, որը Մյունխենում մասնակցում է ցեղասպանության թեմայով գիտաժողովի։ Արամյանի ուսումնասիրությունների շնորհիվ նրա ձեռքին են հայտնվում նոր փաստաթղթեր, նամակներ, որոնք էլ պատրաստվում է ներկայացնել միջազգային գիտաժողովում։ Արդյունքում Արամյանը հայտնվում է թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման ուշադրության կենտրոնում։

«Սա Առաջին համաշխարհային պատերազմից մինչև մեր օրերի պատմությունն է, Հայոց ցեղասպանության մասին է․ շատ հուշեր կան այստեղ։ Պատմությունը թուրքական «Գորշ գայլեր» ռասիստական կազմակերպության գործունեության մասին է, որը մինչ օրս գործում է, կարծում եմ` հենց դա է պատճառը, որ Թուրքիան գործած ցեղասպանության համար ներողություն խնդրելու պատրաստ չէ։ Ցույց ենք տալիս, որ Թուրքիան պետականորեն շարունակում է աջակցել «Գորշ գայլեր»-ին։

Նաև անդրադարձ կա Ցեղասպանության հուշարձանի կառուցման պատմությանը, 88-ի ազգային զարթոնքին և այլն։ Ողջ պատմության ընթացքում մտովի տեղափոխվում ենք տարբեր ժամանակաշրջաններ, որոնք կապված են Ցեղասպանության թեմայի հետ»,-ասում է Ամիրյանը։ Գիրքը գրված է կինոսցենարի տարբերակով, ու նպատակն այն է, որ ներկայացնեն ոչ թե պարզապես գիրք, այլ կինոպատմություն, որպեսզի ամեն ընթերցող իր երևակայությամբ տեսնի այն ֆիլմը, որը ցանկանում են ապագայում նկարահանել։

 «Կինոն իմ առաջին մասնագիտությունն է, և եթե ընթերցողը հաստատի, որ, իսկապես, այս ստեղծագործությունը շարժում է իր երևակայությունը, ես պարզապես ուրախ կլինեմ։ Գրքում չկա ավելորդ հուզականություն, զուտ պատկերներ են և փաստեր»,-ասում է Ամիրյանը:

Սա իր երկրորդ գիրքն է, առաջինը «Գեներալի երազ»-ն էր, որը ևս գրվել է կինոսցենարի տարբերակով: Ի դեպ` «Գեներալի երազը» բեմադրվեց ԱՄՆ-ում, բայց առաջնախաղից մի քանի օր առաջ հայտարարվեց կարանտին, և ստեղծագործական կազմը ստիպված եղավ ներկայացումը դնել մի կողմ։ Իսկ արդեն 44-օրյա պատերազմից հետո որոշվեց, որ այլևս չպետք է խաղան։ Ամիրյանն ասում է,որ պատերազմից հետո զգացողություն է ունեցել,որ մենք ինքներս սպանեցինք մեր գեներալին ու հայրենասիրությունը։ Հետևաբար որոշվեց հրատարակել գրքի տեսքով, իսկ ներկայացման համար նախատեսված տեսանկարահանումները, որոնք ողջ նյութի 30-35 տոկոսն են, զետեղել գրքում՝ QR կոդի միջոցով,որը կարդալով կարող են տեսնել ներկայացումը։

«Նոյե» գրքի խմբագիր Կարինե Գևորգյանն առաջին անգամ չէ, որ գործակցում է Ամիրյանի հետ: Համագործակցությունը «սկսվել է դեռ տարիներ առաջ Հանրային ռադիոյի մասին երկու գրքից, այնուհետև գրվել է «Գեներալի երազը»:

Գրքի խմբագիրը նշում է, որ Ամիրյանի բոլոր գրքերը օրգանական կապ ունեն իրար հետ: «Երբ ես ստացա առաջարկ` խմբագրել Արմեն Ամիրյանի գրքերը, ինձ համար զարմանալի էր, քանի որ ես 19 տարի աշխատել եմ Արմեն Ամիրյանի հետ ռադիոյում, ու ավելի շատ մենք էինք գրում, նա մեզ խմբագրում էր, և այդ առաջարկն ինձ համար անակնկալ էր։ Թե ինչ ճակատագիր կունենա այս գիրքը նման թեմայով գրքերի շարքում, դժվար է ասել, դա ընթերցողը կորոշի, բայց այս բոլոր գրքերի ուղերձը միտված է դեպի ապագան, որ լինենք ավելի զգոն ու պատրաստ՝ գիտելիքով ու կրթությամբ, ոչ միայն տրվենք հուզականությանը, այլև գործենք՝ ավելի լավ ապագա ունենալու համար»,-ասաց Կարինե Գևորգյանը:

Գիրքն արդեն վաճառքում է:

Կարդացեք նաև
Close
Back to top button