ԿարևորՀասարակություն

Երբ երևակայությունը «թխվում է» ջեռոցում․ հայրը երեխայի խաղն իրական է դարձրել

Գովազդի և IT ոլորտներում աշխատող ընկերները որոշել են մուտք գործել խոհարարական աշխարհ։ Բիզնեսի սկսելու պատճառը ցանկալի ուտեստը այլ տեղում իրենց ուզած տարբերակով չգտնելն էր։ Լուծումներ գտնելու հարցում օգնեց համացանցային սերնդի առաջին խոհարարական խաղերից մեկը․ հայրը երեխայի խաղն իրական դարձրեց։

«Պիցցա Այո»-ն մի անբեկանելի կանոն ունի․ չսահմանափակել հաճախորդի համային ճաշակը։

«Մեզ մոտ «չէ» բառը չկա, մարդն ինչպիսի պիցցա ուզի, մենք ասում ենք՝ այո։ «Հնարավո՞ր է սրա հետ սա դնել»․ այո՛, հնարավոր է»,- ասում է համահիմնադիր Հովհաննես Մարգարյանը։

Նա որոշեց պիցցայի հետ կապված բոլոր ցանկություններին «այո» ասել այն պահից, երբ սննդի կետերից մեկում իրեն մերժեցին։ Գովազդի մասնագետն այնքան լրջորեն մտածեց այդ մասին, որ այսօր արդեն իր ստեղծած՝ բոլորի ճաշակը բավարարող պիցերիայում է․

«Ընկերներով պիցցա պատվիրեցինք, մի տեղ բաղադրիչը հանեցինք, մի տեղ խնդրեցինք, որ ավելացնի։ Ու վերջում, երբ եկավ հաշիվը, այն ինչ ավելացված էր՝ ավելացված էր արժեքին, այն ինչ մենք պակասեցրել էինք՝ գինը չէր պակասել։ Իրենց հետ հումարային քննարկում սկսվեց՝ «բայց որ հանել ենք, խի՞ չի իջել» տրամաբանությամբ։ Ավելի շատ հոգի ուտել էր։ Ու ասեց՝ չէ դե, ո՞նց կարա գինն իջնի։ Սկսեցինք մտածել՝ ի՞նչ է նշանակում չի կարա լինի, եթե փաստացի մենք հանում ենք, ինչի՞  չպիտի լինի»։

Խաղն իրական դարձնող հայրը

Համացանցային սերնդի երեխաներն իրենց խոհարարական առաջին փորձերն Pizza maker և նմանատիպ խաղերով են արել։ Այստեղ խաղացողն ընտրում է բաղադրիչներն ու պատրաստում իր երազանքների ուտեստը։ Սա նաև Հովհաննեսի որդու սիրելի խաղերից էր։ Հայրը որոշեց խաղն իրականություն դարձնել։

«Տղաս խաղում էր, վերջում ասեց՝ այ սենց հանեիր միջից ու ուտեիր։ Ասի՝ բայց կուզեի՞ր սարքեիր ու ուտեիր, բա՝ հա, որ սենց սարքե՜ս, հանե՜ս, ընտիր, համո՜վ պիցցա կլինի։ Այս պատմությունը գումարվեց նախորդին, ցանկությունը սկսեց միս ու արյուն ստանալը։ Հետո մտածեցի, սկսեցի երկար գրել-ջնջել ու արդեն պատկերացրի՝ ինչ եմ ուզում ստանալ։ Բայց հասկացա, որ լավ երազ տեսնելը կարևոր է, բայց պետք է այդ երազն իրականացնող մարդ գտնել։ Ու սկսեցինք փնտրել»։

Գտան Ռաֆիկ Ավետիսյանին։ IT մասնագետը դարձավ ընկերության համահիմնադիրը։ Իր թիմի հետ վիրտուալ խաղը իրական կյանք բերելու համար իրական խոհանոցը վիրտուալ հարթակ փոխադրեց։

Ռաֆիկը պատմում է, որ բավական է բացել իրական խաղ-հավելվածը և այն կհուշի՝ ինչ անել։ Սկզբում, օրինակ, առաջարկվում է խմորի երեք տեսակ՝ բարակ, դասական, և քաղցր․

«Իմ ամենասիրելի պիցցան ստացվում է քաղցր խմորով։ Այս դեպքում լրիվ այլ բաղադրիչներ են առաջարկվում՝ քաղցր սոուս, քաղցրավենիք, մրգեր և այլն»։

Դասական պիցցայի դեպքում էլ կարելի է ընտրել խմորի տեսակը, սոուսը, պանրի, մսամթերքի տեսակները, ծովամթերք կամ այլ հավելումներ՝ ըստ ճաշակի։ Այսպես րոպեների ընթացքում պատվերը փոխանցում ենք խոհանոց ու սպասում, որ մեր երևակայությունը համ ստանա։

Երևակայությունն իսկապես եփվում է ջեռոցում

Նորաստեղծ ընկերության հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ դեռ չեն պատկերացնում, որ սա պարզապես խաղ չէ։ Աշխատելու առաջին օրերին, օրինակ, 16 500 դրամանոց՝ ամենատարբեր մթերքներով պիցցայի պատվեր են ստացել, առանց ժամանակ կորցնելու պատրաստել, զանգահարել պատվիրատուին։ Պարզվել է՝ նա պարզապես խաղացել է չիմանալով, որ ինչ–որ խոհանոցում իր խաղն իրական է դառնում։

Ռաֆիկը պատմում է, որ առաջիկայում ռուսախոս հասարակությունը ևս կկարողանա ամբողջովին իր ճաշակով պիցցա փորձել

«Այս պահին աշխատում ենք նոր լեզու՝ ռուսերենն ավելացնելու վրա, ունենք հայերենն ու անգլերենը, շուտով կլինի ռուսերենը։ Անընդհատ աշխատում ենք կայքի ու բջջային հավելվածների արագագործության վրա»։

Պլաններն ավելի մեծ են։ Ասում են՝ մի օր «Մի հատ «այո» անեմ»-ը դառնալու է «իմ ուզածը սարքեմ»-ին համարժեք արտահայտություն։ Այդ ժամանակ կարող են իրական դառնալ, օրինակ, մեր երևակայած սուշին, բուրգերը, տորթը կամ այլ ուտեստ։

Կարդացեք նաև
Close
Back to top button