ԿարևորՄիջազգային

Խարկով վերադարձածները կրկին հեռանում են․ Ուկրաինայի հայերն ամփոփում են պատերազմական 5 ամիսները

Արդեն155 օր կամ ավելի քան 5 ամիս ռազմական գործողություններն Ուկրաինայի տարածքում շարունակվում են։ Թեև երկրի արևելյան հատվածում՝ Դոնբասի շրջանում, Խարկովի ու Խերսոնի մարզերում հրետակոծություններն ու ռմբակոծությունները չեն դադարում, բայց մյուս խոշոր քաղաքներում ու մայրաքաղաք Կիևում կյանքը քիչ թե շատ վերականգնվել է՝ «Ռադիոլուր»–ին պատմում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։

«Ապրիլ-մայիս ամիսներից սկսած կյանքը վերադառնում էր իր հուն, բայց մայիսի 10-ից հետո մենք պետությունում ունեցանք վառելիքի ճգնաժամ, որը մինչև հիմա շարունակվում է։ Իհարկե, քիչ թե շատ լուծվել է հարցը, հիմա արդեն լցակայաններում հերթերն ավելի քիչ են։

Սննդամթերքի ու դեղորայքի խնդիր, փառք Աստծո, չկա ամբողջ պետության տարածքում, որտեղ էլ որ ինչ-որ խնդիրներ են լինում, մենք հումանիտար օգնություն ենք ուղարկում»։

Ուկրաինայի հայերի միությունում արձանագրում են՝ պատերազմի հետևանքով հայերը, իհարկե, տուժել են, սակայն խոշոր նյութական կորուստներ իրենց տվյալներով չկան։ Այնուհանդերձ, պատերազմի առաջին օրվանից մինչ այսօր հայերի միությունը շարունակում է օգնություն տրամադրել կարիքավոր հայերին, ինչպես նաև օգնել ցանկացողներին երկրից դուրս գալու հարցում։ Դավիթ Մկրտչյանն ասում է՝ այս պահին մարդիկ առավելապես վերադառնում են Ուկրաինա։

«Այս պահին մարդիկ ավելի շատ վերադառնում են, քան հեռանում են։ Մարդիկ արդեն հոգնել են 4-5 ամիս է տարբեր տեղերում են ապրում, աշխատում են վերադառնալ իրենց տները, քանի որ վիճակը մի քիչ կայունացել է հատկապես խոշոր քաղաքներում, օրինակ Կիևում։ Բայց, իհարկե, մինչև հիմա էլ կան ընտանիքներ, որոնք դուրս են գալիս, երկու ընտանիք անցած շաբաթ մենք ուղարկեցինք Հայաստան»,– պատմում է Դավիթ Մկրտչյանը։

Պատերազմի ամենաթեժ կետերից մեկում՝ Խարկովում, տեղի պատվո հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանի խոսքով, կան մարդիկ, որոնք համեմատաբար հանգիստ շրջանում վերադարձել են բնակավայր և հիմա երկրորդ անգամ են ստիպված հեռանալ, քանի որ իրավիճակը օր օրի ավելի է լարվում։

«Վերջին մեկ ամսվա ընթացքում, ինչպես տեսնում ենք, իրավիճակը գնալով սրվում է, հրետակոծությունները, մարտական գործողությունները ակտիվանում են, հատկապես Խարկովը ամենօրյա ռմբակոծությունների է ենթարկվում»,– մանրամասնում է Հովհաննիսյանը։ 

Չնայած լարված իրավիճակին՝  ենթակառուցվածքները Խարկովի մարզում վերականգնվել են՝ պատմում է Համլետ Հովհաննիսյանը․ պարենի ու դեղորայքի խնդիր էլ չկա, բայց ամեն ինչ կտրուկ թանկացել է։

«Հումանիտար օգնություն է տրամադրվում կարիքավորներին, կամավորները փորձում են նաև օգնել, խանութներում ամեն ինչ թանկացել է։ Ընդհանուր առմամբ սննդի, դեղորայքի առումով իրավիճակը կրիտիկական չէ։ Եթե հրդեհների հետևանքով լինում են, օրինակ, էլեկտրաէներգիայի խափանումներ, պետությունը աշխատում է շատ արագ բոլոր հարցերը կարգավորել»։

Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչները պատմում են՝ մինչև այսօր իրենց չի հաջողվել ո՛չ Հայաստանից, ո՛չ էլ Ուկրաինայից տվյալներ ստանալ, թե պատերազմի սկզբից՝ փետրվարի 25-ից հետո քանի հայ կամ ՀՀ քաղաքացի է դուրս եկել Ուկրաինայից։ Հայաստանի միգրացիայի ծառայությունում ամփոփել են միայն սահմանահատումների կիսամյակային տվյալները․ ըստ դրանց՝ 2022–ի առաջին կեսին ՀՀ պետական սահմանը հատել է Ուկրաինայի ավելի քան 6000 քաղաքացի։ Միգրացիայի ծառայությունից «Ռադիոլուրին» հայտնում են, որ շուրջ 250 ուկրաինացի էլ դիմել է Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու համար։

Back to top button