Գերդաստաններ

Բժշկությունից մինչև ռազմական գործ, երաժշտություն ու գիտություն․ Ասլիբեկյաններ․ «Գերդաստաններ»

Հասան-Ջալալյանները պատմական Հայաստանի Արցախ նահանգի աչքի ընկնող իշխանական գերդաստաններից էին։ Այս տոհմի ներկայացուցիչներն աչքի են ընկել իրենց հերոսությամբ ու խիզախությամբ, եկեղեցական և աշխարհիկ ուշագրավ կառույցների շինարարությամբ։ Այս տոհմից են սերում նաև Ասլիբեկյանները։

1810-ական թվականներին այս տոհմի շառավիղները գալիս են Շամշադին, բնակություն հաստատում Արծվաբերդում, զբաղվում գյուղատնտեսությամբ, ծխախոտագործությամբ, խաղողագործությամբ։ Սովետական շրջանում շամպայն — գինիների հումքը պատրաստում էին Շամշադինում, ինչը խոսում է զարգացած խաղողագործության մասին:

Ասլիբեկյանների ու ընդհանրապես շամշադինցիների համար, ինչպես ասում են, քարից հաց քամելն այնքան էլ հեշտ չէր․ մի ձեռքում պետք էր բռնել բահը, մյուսում`զենքը։ Այստեղ ապրող թուրքերը` ներկայիս ադրբեջանցիների նախնիները, միշտ էլ փորձել են խլել հայ գյուղացու աշխատանքը, միշտ փորձել են խլել գեղեցիկ կանանց ու աղջիկներին։

Կենտրոնում՝ Անուշ Ասլիբեկյան, աջ թևում՝ Հենրիխ Ասլիբեկյան, ձախ թևում՝ Անուշի եղբայրը՝ Խորենը և Գևորգ Ասլիբեկյանը

Իսկ Ասլիբեկյանները կարող էին պաշտպանել իրենց ունեցվածքն ու ընտանիքը։ Մինչև այսօր էլ հիշում են քամանչաց Լևոնին, որն իր նվագով կարողանում էր շեղել թշնամու ուշադրությունը, մինչ կանայք, աղջիկներն ու երեխաները ապահով տեղ էին գնում պատսպարվելու։

Շատ հաճախ էին հայոց այս հողում ապրողները բժշկության կարիք էին զգում, հատկապես թշնամու հետ հերթական կռիվներից հետո։ Թատերագետ, գրող Անուշ Ասլիբեկյանը Իվան Ասլիբեկյանի որդիներից 8-րդի ՝ Տիգրանի շառավիղներից է: Նա հիշում է Արծվաբերդում ապրող ժողովրդական բժշկությամբ զբաղվող իրենց նախնիներից մի հեքիմ տատիկի, որը կարողանում էր տզրուկներով բուժել վնասվածքները, այն էլ`գլխի բաց վնասվածքները:

Անուշ Ասլիբեկյանը հայտնի է «Բարի գալուստ, իմ հեքիաթ» պատմվածքների ժողովածուով։ 2013 թվականին այս ժողովածուի հիման վրա բեմադրվել է «Քո մասին է» ներկայացումը, որն արժանացել է ԱրտՖեստ փառատոնի բրոնզե մեդալի։ Անուշի «Թռիչք քաղաքի վրայով» պիեսը 2010 թվականին բեմադրվել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, մասնակցել շուրջ 20 միջազգային փառատոների, գրավել գլխավոր մրցանակներ։

Ստեղծագործելու ջիղը, կարծես, այս գերդաստանի շատ ներկայացուցիչների մեջ կա, այդ թվում ռազմական գործիչ, գեներալ-մայոր Հենրիխ Ասլիբեկյանի։ Նա նկարիչ է, մի շարք հետաքրքիր ոսկեզօծ սրբապատկերների հեղինակ։

Այս գերդաստանի մարդիկ աչքի են ընկել տարբեր ոլորտներում, բժշկությունից մինչև ռազմական գործ, երաժշտություն, գիտություն։

Անուշ Ասլիբեկյանի ամուսինը բժիշկ է, երգիչ-երգահան Վահան Արծրունին։ Անուշի և Վահանի հանդիպումը ցուցահանդեսին ապագայում վերածվեց մեծ սիրո, հետո համատեղ կյանքի։

Back to top button