ԿարևորՀասարակություն

Անազատության մեջ պահվողների շուրջ 50%-ն ունի քրոնիկ հիվանդություն. ահազանգ և հակադարձում

Քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն, ի թիվս բազմաթիվ մտահոգությունների, անդրադարձել էր նաև անազատության մեջ պահվողների շուրջ 50%-ի մոտ առկա քրոնիկ հիվանդություններին, ինչը նվազման միտում չունի: Իրավապաշտպաններն էլ ահազանգում են քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի մասին, որոնք շատ հաճախ նաև ոչ պատշաճ բուժօգնության հետևանք են համարում: Քրեակատարողականբժշկությանկենտրոնն էլ իր հակադարձումն ու դիտարկումներն ունի։ Թեմայի տարբեր կողմերը համադրել ու հակադրել է Լուսինե Սարգսյանը:

Հուլիսի սկզբին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր մշտադիտարկման ընթացքում արձանագրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող անձանց բուժզննության ժամանակ չեն արձանագրվում նրանց վնասվածքները։ Խնդրահարույց պրակտիկայի մասին բազմաթիվ են նաև պաշտպանին հասցեագրված բողոքները։ ՄԻՊ-ն այդ առումով, մասնավորապես հայտարարել էր, որ այդ ամենը չի կարող չներառվել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժանձնակազմի արձանագրության մեջ  և չուղարկվել իրավապահներին։ Մտահոգությունների թվում էր և այն, որ անազատության մեջ պահվող անձանց 50%-ն ունեն քրոնիկ հիվանդություններ, ինչը նվազման միտում չունի:

Քրեակատարողական բժշկության կենտրոնի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը, սակայն, չի կիսում ՄԻՊ մտահոգությունները, թե ՔԿՀ-ներում պահվող անձինք պատշաճ բուժզննություն չեն անցնում, ինչի հետևանքով շատերն առողջական խնդիրներ են ձեռք բերում հենց կալանավայրում: Բաբայանի խոսքով՝ ներկայում Հայաստանի 10 ՔԿՀ-ներում 2300 ձերբակալված անձ կա, որոնց շուրջ 35 %-ն ունի քրոնիկ հիվանդություններ:

«2300 հոգուց ընդամենը 676 անձ կամ 35 %-ն են տառապում քրոնիկ հիվանդություններով՝ սրտանոթային անբավարարություն, աղեստամոսքսային տրակտի հիվանդություններ: ՔԿՀ մուտքի ժամանակ ազատազրկված անձը բուժզննություն է անցնում:

Ըստ Նաիրա Բաբայանի` առաջնակի բուժզննությունը նպատակ ունի առաջին հերթին կանխել զանազան վիրուսային հիվանդությունների մուտքը ՔԿՀ: Բացահայտված ամեն դեպքով բուժման պլան են կազմում:

Մոտավոր 330 ազատազրկված անձ ունենք, որոնց մոտ ռապիդ հետազոտման արդյունքում հայտնաբերվել է հեպատիտ Ց վիրուս: ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի հետ համագործակցելով՝ սկսել ենք բուժել Հեպատիտ Ց-ով ազատազրկվածներին : Այս պահին 77 անձ սկսել է բուժումը, մինչև օգոստոսի կեսը 30%-ը կավարտի բուժումը»:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն իր հերթին առաձնակի մտահոգիչ է համարում ՔԿՀ-ներում մահվան դեպքերի թիվը: Մարդիկ ստիպված գնում են ծայրահեղ միջոցի՝ այդկերպ բարձրաձայնելու իրենց խնդիրների մասին, որոնց թվում բավական բարձր ցուցանիշ ունեն առողջական հարցերը՝ ասում է

 Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյան․ «Շատ լավ կլիներ, որ արդարադատության նախարարությունը ՔԿՀ-ներում տեղի ունեցող բոլոր պրոցեսների մասին հանրությանը հաշվետու լիներ, որովհետև ՔԿՀ-ներում շարունակական մահերն արդեն իսկ խոսում են պետության վերաբերմունքի մասին։ 2021-ին գրանցվել է ինքնավնասումների 366, հացադուլի՝ 374 դեպք, որից 153՝ Արմավիր ՔԿՀ-ում միայն»:

Շաբաթներ առաջ դիտորդների խումբը հանդիպել է 6 հացադուլավորի հետ, որոնք բոլորն ունեն առողջական խնդիրներ, ոմանք՝ նաև հաշմանդամություն: Ներկայում ամենամեծ թվով կալանավորներ «Արմավիր» ՔԿՀ-ում են՝ 900 մարդ: Հանդիպել են նաև Քրեակատարողական բժշկության կենտրոնի ղեկավարության հետ, քննարկել կալանավորների առողջական խնդիրների կարգավորման հարցերը:

Զառա Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ մարդիկ բուժզննություն անցնելու հերթ են պահում, որովհետև ՔԿՀ-ները հագեցած չեն բուժսարքավորումներով ու լաբորատոր գործիքներով։ Իր հերթին Քրեակատարողական բժշկության կենտրոնի ներկայացուցիչ Նաիրա Բաբայանն է հակադարձում՝ դեղորայքի խնդիր չունեն, մասնագետների պակասն էլ աստիճանաբար լրացնում են: Առաջիկայում ուլտրաձայնային ախտորոշիչ սարքավորում ձեռք կբերեն՝  բարելավելու բուժծառայության որակը։

«Իհարկե, ցանկալի է, որ էլի հաստիքներ ունենանք: Էս պահին «Արմավիր» ՔԿՀ-ում ունենք 1-ական բժիշկ, 1-ական բուժակ ամեն մասնաշենքում, նեղ մասնագետների քանակն է ավելացել, նաև՝ հերթապահ բուժքույրերի թիվը»:

Հացադուլն, ասում է Բաբայանը, ինչ խոսք, դատապարտյալի որոշումն է, բայց անգամ այդ վիճակում փորձում են բուժզննություն ապահովել՝ հարգելով քաղաքացու իրավունքներն ու ցանկությունները: Սակայն, եթե մարդը հրաժարվում է ցանկացած բուժօգնությունից, իրենք անզոր են: Ներկայում առաջնորդվում են հացադուլավորների ուղեցույցով: Նաիրա Բաբայանը նաև անելիքներից է խոսում՝ առանձնացնելով օրենսդրական փոփոխությունների կարիքը՝ հատուկ ուղեցույցների առկայության մասով: Եթե օրենսդրությունը հստակեցվի ու համապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին, իրենց գործառույթները ևս կկարգավորվեն:

Back to top button