Միաձուլման արդյունքում գործառույթները կհստակեցվեն․ միգրացիոն ծառայության պետը՝ միգրացիայի և քաղաքացիության ծառայության մասին


Նոր ստեղծվելիք ներքին գործերի նախարարության կազմում ձևավորվելու է միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ իր մեջ ներառելով միգրացիոն ծառայությունն ու ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Արդարադատության նախարարությունն առաջարկում է նաև ներքին գործերի նախարարության կազմում ներառել արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում միաձուլումն արդարացված է համարում։ Բացատրում է՝ միգրացիոն քաղաքականության մշակման ու իրականացման մասով ոչ ստանդարտ իրավիճակ է․ միգրացիոն քաղաքականությունը մշակվում և իրականացվում է մեկ մարմնի՝ միգրացիոն ծառայության կողմից՝ չնայած իրականացման բաղադրիչներ առկա են նաև պետական համակարգի այլ մարմիններում ևս։
Ղազարյանի դիտարկմամբ, քաղաքականությունների մշակումը որպես գործառույթ վերապահված է նախարարություններին, սակայն, այս պահին միգրացիոն քաղաքականության մշակումը որևէ նախարարության գործառույթը չէ։ Ուստի միգրացիոն քաղաքականության մշակման գործառույթը պետք է փոխանցվի ներքին գործերի նախարարությանը, իսկ քաղաքականության իրականացման գործառույթը՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։ Ղազարյանը նշում է՝ միգրացիոն գործառույթների էական հատված իրականացնում է միգրացիոն ծառայությունը, մյուս հատվածն էլ՝ անձնագրերի և վիզաների վարչությունը։ Երկու մարմիններն էլ ունեն գործառույթներ, որոնք բնորոշ չեն միգրացիոն ծառայություններին։
Որպես օրինակ մատնանշում է․ «Միգրացիոն ծառայությունն ունի մի շարք սոցիալական բնույթի գործառույթներ (ԲԳՎ–ների տրամադրում Բաքվից բռնագաղթած փախստականներին), որոնք առավել բնորոշ են աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը, սոցիալական գործառույթներ իրականացնող մարմիններին։
Օտարերկրացիներին տրամադրվող կացության կարգավիճակի հետ կապված «կիսված գործառույթներ» կան՝ ասում է միգրացիոն ծառայության պետն ու բացատրում՝ աշխատանքի հիմքով կացության կարգավիճակը տրամադրում է միգրացիոն ծառայությունը, մինչդեռ մնացած հիմքերով կացության կարգավիճակները՝ ուսման, ընտանիքի վերամիավորման հիմքով կարգավիճակները տրամադրվում անձնագրերի և վիզաների վարչության կողմից։ Այս գործառույթները պետք է միավորվեն ու օտարերկրացիներին տրամադրվող բոլոր տեսակի կացության կարգավիճակները կտրամադրի նոր մարմինը։ Միաձուլման արդյունքում գործառույթները կհստակեցվեն։
Կավելանա, թե ՞ կնվազի բյուջեն
Բյուջեի մասով խնդիրը հարաբերական է։ Այժմ միգրացիոն ծառայության բյուջեի էական մասը կազմում են սոցիալական ծախսերին ուղղված հատկացումները։ Այս մասով կփոխանցվի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը, սակայն, կապահովվի մարմնի բնականոն գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները։
Ի ՞նչ է հուշում միջազգային փորձը
Այս ոլորտում Հայաստանն ունի միջազգային գործընկերների փորձը։ ԵՄ–ն օժանդակում է բարեփոխմանը։ Ուսումնասիրվել է շուրջ 30 երկրի փորձ, 22–ի պարագայում միգրացիայի գործառույթները իրականացնող մարմինները գտնվում են ներքին գործերի նախարարությունների կազմում, 4 երկրների դեպքում (օրինակ՝ Նիդեռլանդներ) դրանք գտնվում են արդարադատության նախարարությունների կազմում։ Լիխտեյնշտեյնի կամ Տաջիկստանի դեպքում միգրացիայի գործառույթները գտնվում են աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների կազմում։