Երաժշտական եռանկյունի

Աննա Մայիլյանի նոր մանկական նախագիծը․ «Երաժշտական եռանկյունի»

ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգչուհի Աննա Մայիլյանը հայտնի է իր ծավալուն երգացանկով, որը ներառում է և՛ բարոկ շրջանի կամերային երաժշտություն, գերմանական լիդ, ֆրանսիական և ռուսական ռոմանտիզմի շրջանի ստեղծագործություններ և, իհարկե, հայկական հոգևոր, ժողովրդական, և ակադեմիական վոկալ երաժշտություն:

Տարիների ընթացքում թե՛ Հայաստանում, թե՛ բազմաթիվ շրջագայությունների ժամանակ երգչուհին պրոպագանդում է առաջին հերթին հայկական երաժշտությունը, հիմնադիր է բազմաթիվ երաժշտական նախագծերի և տարբեր ձևաչափերի երգեցիկ կազմերի:

«Քովիդյան երկուսուկես տարիները դուրս մղեցին բեմարվեստով զբաղվողներիս համերգային ընթացքից և մղեցին դեպի ստուդիական աշխատանք: Եվ այս անգամ ես իմ ուշադրությունը կենտրոնացրեցի երկու նախագծերի վրա՝ կոմիտասյան մանկական շարքի և Վլադիլեն Բալյանի երգերի»,-ասում է երգչուհին:

Վլադիլեն Բալյանի 95-ամյակին նվիրված սկավառակը ներառում է սիրված երգահանի հանրաճանաչ և պակաս ճանաչված երգերը, որոնք 20-րդ դարի հայկական երգարվեստի բացառիկ նմուշներ են:

«Մենք հասցրեցինք հրատարակել ալբոմը և մաեստրոն մեզանից հեռանալուց առաջ տեսավ և լսեց այն»,-ասում է Աննա Մայիլյանը:

Հոբելյանական ձայնասկավառակը հրատարակվեց Բալյան ընտանիքի հովանավորությամբ և այսօր այն հանդիսանում է Մաեստրոյի վերջին հիշատակարանը:

Կոմիտասյան մանկական երգերը մեծ երգահանի այն գոհարներից են, որոնք նա փայփայելով հավաքել և մշակել է եկող սերունդների համար, և Աննա Մայիլյանի երկրորդ նախագիծը անշուշտ նպաստելու է այդ մեծ պատմական և մշակութային նշանակություն ունեցող ստեղծագործությունների հանրահռչակմանն ու տարածմանը:

Ալբոմը հասանելի է լինելու մանկապարտեզներում և դպրոցներում և նախատեսված է որպես ուսումնական ձեռնարկ: Աննա Մայիլյանը հետևողականորեն և անդրդվելիորեն հավատարիմ է հայ երգչուհու առաքելությանը և հիմնական նպատակ ունի՝ տարածել և հանրությանը հասանելի դարձնել այն մշակութային ժառանգությունը, որը մեծ դաստիարակչական և գեղագիտական արժեք ունի: Հաղորդման ընթացքում հնչում են Վլադիլեն Բալյանի երգերը և Կոմիտասի մանկական շարքը:

Back to top button