ԿարևորՀասարակություն

Անցյալում՝ ՈւնիվերՄագ, ապագայում՝ Ունիվեր Բիզնես Հաբ. ներդրումային նախագիծ Վանաձորում

Վանաձորցիների սիրելի Ունիվերմագի կլոր շենքն առաջիկայում կներկայանա արդիականացված ու յուրօրինակ ճարտարապետական լուծումներով՝ որպես նոր տեխնոլոգիական և բիզնես հաբ: Բացի ՏՏ ու կրթական ուղղվածությունից՝ «Ունիվեր Բիզնես Հաբ»-ը նաև տուրիզմը կխթանի. շենքի տանիքից բացվում է հրաշալի համայնապատկեր դեպի Վանաձորի տեսարժան վայրեր։  

70-ականներին Կիրովական-Վանաձորի կենտրոնական հանրախանութի, ինչպես վանաձորցիներն են ասում՝ Կլոր Ունիվերմագի շենքը զարդարում էր եվրոպական ճարտարապետական ամսագրերի շապիկները: Առաջիկայում շենքը նոր ճարտարապետական լուծումներով կներկայանա արդեն որպես «Ունիվեր Բիզնես Հաբ»: Նախագծի անվանումից սկսած՝ ամեն դետալ մանրակրկիտ մշակված ու համապատասխանեցված է ունիվերսալ ու բազմաֆունկցիոնալ, կրթական համալիրի չափանիշներին։ Ամիսներով «հունցված» բիզնես-ծրագիրն, անկասկած, հաջողելու է՝ ասում է նախագծի հեղինակ Քրիստ Մարուքյանը, ով լուրջ փորձ ունի կրթական, զարգացման ծրագրերի ու, ընդհանրապես, կառավարման ոլորտում:

«Մտածում էի, որ դա պետք է լինի բիզնեսի ու կրթական ծրագրերի համադրությամբ: Էս մտքերը խմորելով, տարբեր մարդկանց հետ քննարկելով, մտածում էի, որ էդ միջավայրը կարող էլինել էն տեղը, որտեղ IT կամպանիաները կունենան գրասենյակային տարածքներ, այսինքն՝ տարբեր դասընթացների միջոցով կվերապատրաստվեն տարբեր մարդիկ, որոնցից IT կամպանիաները կընտրեն իրենց համար կադրեր»:

Վերջին 4 ամսում Մարուքյանն ակտիվ աշխատել է գաղափարի մշակման վրա, քննարկել բիզնես ու ՏՏ ոլորտի հայաստանյան առաջատարների հետ, մտքինը թղթին հանձնել ներդրումային առաջարկի՝ IT-բիզնես հաբի տեսքով: Շենքի արդիականացումը կակտիվացնի Կիրովական-Վանաձորի ճարտարապետական դիմագիծը: Սա Վանաձորի ուրբան դիմագծի սիմվոլիկ կետերից է, որին նոր շունչ հաղորդելը նաև ընդհանուր միջավայրը կփոխի։ Մայրաքաղաք «արտագաղթած» վանաձորցի ծրագրավորողներն էլ գուցե վերադառնան հարազատ քաղաք՝ ասում է «Ունիվեր Բիզնես Հաբ» նախագծի հեղինակը։

«Մարդկանց համար, ովքեր հետ կվերադառնան Երևանից, նախագիծը կարևոր կարող է լինել նրանով, որ նույն աշխատավարձը ստանալով Վանաձորում, կյանքն ավելի մատչելի կարող է լինել, և բնակարան վարձակալելու խնդիրներից կարող են խուսափել և ստացած գումարի արդյունավետությունը շատ ավելի մեծ կարող է լինել»:

Նախագիծը վանաձորցիների բուռն արձագանքն է ստացել: Անհամբեր սպասում են: «Լավ կլինի, որ քաղաքի այդ սիմվոլիկ շենքը վերջապես օգտագործվի»,-գրել է քաղաքացիներից մեկը, մյուսն էլ թե՝ «տուրիզմը կզարգանա, նոր աշխատատեղեր կբացվեն, քաղաքում շարժ կլինի»: Արձագանքների մեծ մասը դրական է հատկապես շենքի յուրօրինակ ճարտարապետական տեսքը պահպանելու առումով։

 «Ինձ համար մեծ պատիվ էր հեղինակել շենքի արդիականացման նախագիծը: Ամենակարևորը շենքի սկզբնական տեսքը պահպանելն էր»,-ասում է «Դելտա արչի» ճարտարապետական արվեստանոցի տնօրեն, վանաձորցի ճարտարապետ  Տիգրան Գալստյանը:Կարծում է՝ սա քաղաքի մյուս շինություններին նոր շունչ հաղորդելու օրինակ կարող է ծառայել։

Ճարտարապետ Տիգրան Գալստյան․ «Շենքը նախագծելիս, արդիականացնելիս միանշանակ կարևոր է գնահատել, թե ի՞նչ ճարտարապետական արժեք ունի շենքը, ի՞նչ ժառանգություն է իրենից ներկայացնում: Արդիականացումը, միանշանակ, քաղաքի տեսքը կփոխի, քաղաքին նոր շունչ կհաղորդի: Կարծում եմ՝ այդ շենքի արդիականացումը կարելի է հաջողված օրինակ համարել այլ շենքեր նույնպես վերականգնելու և օգտագործելու»:

Բազմաֆունկցիոնալ շենքում կտեղակայվեն ՏՏ մարզային գրասենյակներ, կոնֆերանս- դահլիճ, քննարկումների սենյակներ, ֆիթնես սրահ ու լողավազան՝ նկուղում,  ռեստորան-սրճարանային հատվածն էլ՝ տանիքում: Տանիքից կբացվի հրաշալի քաղաքային պատկեր դեպի Թագավորանիստ հնավայր ու Վանաձորն օղակող Գուգարքի ու Փամբակի լեռնաշղթաներ։ Այս առումով շենքի ընտրությունը պատահական չէ՝ ասում է Քրիստ Մարուքյանը։

«Սիմվոլիկ շենք լինելով, սիմվոլիկ տեղակայում ունենալով և իր շրջապատում բավական մեծ հոսք ունենալով՝ էդ շենքի նորացումն ու թարմացումը բավական լուրջ տուրիստական գրավչություն կարող են ապահովել նաև Վանաձորի համար»:

Տնտեսական ակտիվությունից զատ, գաղափարը սոցիալական լուրջ ազդեցություն կունենա, տուրիստական գրավչություն կհաղորդի  հանրապետության 3-րդ քաղաքին: Գյումրուց, Դիլիջանից, Ծաղկաձորից  հետո Վանաձորը կարող է դառնալ Հայաստանում ներդրումների և զարգացման հաջորդ ուղղությունը՝ արժանի պետական աջակցության: Նախագծի արժեքը 4,1 մլն.  դոլար է, բուն գործարկման տևողությունը՝ մինչև 8 ամիս։ Ունիվեր Բիզնես Հաբ-ն Invest in Armenia հարթակում սպասում է ներդրողների։ Վերջիններիս համար այն շահութաբեր բիզնես կարող է լինել, իսկ վանաձորցիների համար՝ քաղաքին ներարկվող  նոր շունչ։

Back to top button