Վերնատուն

Հայերը՝ սրճախմության մշակույթի տարածման ակունքներում․ «Վերնատուն»

Հովհաննես Թումանյանի տուն –թանգարանում մեկ տարուց ավել անց է կացվում «Սուրճ, սեր, թանգարան» նախագիծը։

Այս նախագիծը հետազոտություն է, ցուցահանդես, սրճախմություն՝ մատուցման բոլոր նրբություններով։ Այն ցույց է տվել, որ աշխարհում հայերը կանգնած են սուրճի ու սրճախմության մշակույթի տարածման ակունքներում։

Հայաստանում, սակայն, սուրճի մշակույթի հետազոտություն և ուսումնասիրություն մինչ օրս չի եղել։ Թանգարանագետ Տաթև Սարոյանն առաջինն էր, ով փորձեց հետազոտել այս նյութը։ Եվ շուտով իր հետազոտությունը ներկայացնելու է ԻԿՕՄ –ի՝ Թանգարանների միջազգային կոմիտեի գիտաժողովին, որին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրների 2000- ից ավելի թանգարաններ։

Նա ներկայացնելու է, թե ինչպես պատերազմից և քովիդից հետո այս նախագիծը հանրության համար բուժիչ միջոց դարձավ։

«Առիթը սուրճն էր, բայց դրա շուրջ պտտվում էին պատմական, հայագիտական փաստարկներ, արվեստ, մշակույթ։ Այս միջավայրում մարդիկ կտրվում էին իրենց առօրյա խնդիրներից՝ առավել ևս պատերազմից հետո, ճգնաժամային իրավիճակներում», – ասում է Տաթև Սարոյանը։

Թանգարանագետն ասում է, որ այս էմոցիաները հնարավորություն տվեցին, որ բացվի լայնածավալ ցուցահանդես, որը ներառում էր 238 ցուցանմուշ 32 թանգարաններից ու հինգ մասնավոր կոլեկցիոներներից։

Տաթև Սարոյանը նշում է, որ իրենք կարծես Թումանյանի «Վերնատունն» էին վերականգնել թանգարանում։ Խոսելով իր բացահայտումների մասին՝ թանգարանագետն ասում է, որ երբ ուսումնասիրում էր վաճառականության պատմությունը, հասկանում էր, որ հայերն եղել են ամենուրեք։

Back to top button