Ծովահայեր

Վարդավառ, Վրթիվեր, Վարթևոր․ «Ծովահայեր»

Ինչպիսի՞ մեկնաբանություններ ունի տոնը հազարամյակների խորքից մինչև մեր օրեր, գաղափարագրերից մինչև ավանդազրույցներ, տոնի կենցաղավարման ծեսեր ու Քրիստոսի պայծառակերպության խորհուրդ։

Վարդավառի՝ քրիստոնեական մեկնաբանությունը

Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է։

«Պայծառակերպությունը», ըստ ավետարանիչների, հետևյալն է՝ Թաբոր կոչված լեռան վրա Քրիստոսի պայծառացած կերպարանքը երևում է առաքյալներից երեքին՝ Պետրոսին, Հովհաննեսին, Հակոբոսին:

Տոնը նշվում է Զատիկից 98 օր հետո և 35 օրվա շարժունություն ունի՝ հունիսի 28-ից  մինչև օգոստոսի 1-ը։

Վարդավառի հնագույն  արմատները՝  հայոց ավանդույթներում։

Տոնի մեջ արտացոլվում են հայոց պատմության և ամառային տոնակատարությունների բոլոր դրվագներից՝ Նոյի պատմությունը, Հայկ ու Բելի ավանդազրույցը, Անահիտ-Աստղիկ դիցուհիների կերպարները, հնագույն նավասարդյան տոնակատարությունները, բուն ժողովրդական պատկերացումները:

Ավանդազրույցը պատմում է, թե Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում (այստեղից էլ` Վարդավառին միմյանց ջրելու սովորությունը): Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն:

Որպեսզի Աստղիկն աննկատ մնար դաշտը պատվում էր մշուշով, ինչի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ: Մեկ այլ ավանդապատումի համաձայն` Վիշապները գողանում են Աստղիկին ու պահում իրենց մոտ: Երկրին պատում է չարն ու մութը: Եվ Վահագն աստվածը հաղթում է Վիշապին, ազատում է իր սիրեցյալ Աստղիկին ու շրջելով երկրի վրա` վարդի ջուր է ցողում` կրկին հավաստելով սիրո և գեղեցիկի հաղթանակը: 

Սա՝ ավանդազրույցում, ավանդազրույցից էլ հին պատումներ ունեն գաղափարագրերը, նշում է հայագիտական հետազոտություններով զբաղվող Համլետ Մարտիրոսյանը։

Համլետ Մարտիրոսյան

Մարտիրոսյանն ասում է, որ ուսումնասիրել է գրեթե բոլոր հայտնի կրոնները, շումերական, աքքադական, խեթեկան, խուռիական, ուրարտական սեպագրերը, եգիպտական հիերոգլիֆներն ու հնագույն քաղաքակրթությունները։ Ջրի պաշտամունքը շումերական դիցաբանության առանցքային նյութերից մեկն է, կապված է դիցարանի եռյակից մեկի՝ Էնկի-Էյա-Հայա աստծո պաշտամունքի հետ, որը ստորգետնյա քաղցրահամ ջրերի աստվածն էր, իր ուսումնասիրությունների արդյունքներն է ներկայացնում Մարտիրոսյանը։

Պատկեր գրերի հուշումներով, այն համադրելի է Վահագն աստծո հետ։ Նա տոնի անվանումը «Որդիվառ» դրսևորմամբ կապում է նաև Որդի աստծո պայծառակերպության հետ, հենվելով հնագույն պատկերագրերի վրա։

«Սկսած պատկերագրության ժամանակներից, մոտ 6000 տարի առաջ, իր անունը գրվել է հորթի և ծագող արևի պատկերներով՝ կողք-կողքի։ Հորթի պատկերը գաղափարագրության միջոցով արտահայտել է որդի բառը, իսկ արևը՝ վառ, պայծառ իմաստն է արտահայտում»։

Այս գաղափարագրերից 4000 տարի անց ավետարանիչները խոսում են Քրիստոսի պայծառակերպության մասին. այս փաստը Համլետ Մարտիրոսյանը համադրում է «Որդիվառի» հետ։

Վարդավառը ուխտագնացությունների տոն էր, ընդ որում՝ ուխտագնացությունների համար ընտրվում էին գլխավորապես լեռները, ջրերի ակունքները:

Վարդավառի տոնն ունի մի ընդհանրություն՝ միմյանց վրա ջուր ցողելը, աղավնիներ թռցնելը, միմյանց վարդ նվիրելը, եկեղեցում հասկերի օրհնությունը, ուխտագնացությունները, զոհաբերությունները։ Տոնի կարևոր բաղադրիչն էր Խնդումի ծեսը։

Զարդարված խաչաձև փայտը Խնդում էր կոչվում, իսկ ծեսը՝ «խնդում տօք» (ժողովրդական ստուգաբանությամբ՝ «ուրախություն տալ»)։

Մի ամանի մեջ ցորեն կամ գարի էին աճեցնում: Վարդավառի օրը ածիկի մեջ ամրացնում էին խաչաձև փայտ`«խնդում»,  որն էլ զարդարում էին մանր վարունգներով, խնձորներով ու վարդերով և շուրջը պարում:

Վարդավառին խաչ-փնջերից պատրաստվում էին ծաղկե «կսկանքներ», «խաչբուռներ»։ Թե «խաչ փնջերը», թե «կսկանքը», թե «խաչբուռը» ստացող տանտիկինները, որպես օրվա գլխավոր զարդ ու խորհրդանիշ, այն դնում էին ցորենի կամ ալյուրի ամբարի վրա և պահում մինչև հաջորդ Վարդավառ։

Ընդհանրացված սովորույթ էր, որ մինչև Վարդավառ խնձոր չուտեին, այսպես կոչված՝ «խնձորի պաս» էր, տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին, ինչպես առաջին խաղողը՝ Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին։

Հասմիկ Աբրահամյան

Վարդավառի տոնածիսական համակարգը, թե ինչպե՞ս են այն տոնում Հայաստանի տարբեր մարզերում, ո՞ր աղբյուրներն են համարվում սրբավայրեր և ուխտատեղեր, ինչպիսի՞ համադրումներ կան Վարդավառի և հարության տոնի միջև. այս և շատ այլ հարցերի մասին Ծովահայերի տաղավարում ուշագրավ տեղեկություններ է ներկայացնում ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու Ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հասմիկ Աբրահամյանը:

Back to top button