ԿարևորՄշակույթ

Արխիվացվում են Շիրակի բանավոր «նշխարները»

Ազգային ավանդական բառն ու բանը, ծեսերը, հավատալիքներն ու մոռացության գիրկն անցնող հիշողության պատառիկները Շիրակի մարզի գյուղական բնակավայրերից հավաքում ու արխիվացնում են Շիրակի պետական համալսարանի մասնագետները՝ «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագրի շրջանակում։ Այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն» ծրագրի շրջանակում։ Մասնագետները վստահ են՝  Շիրակի հեռավոր համայնքները որպես մշակութային ժառանգության կարևոր օջախներ ներկայացնելով ՝  նպաստելու են  նաև դրանց՝ զբոսաշրջային հասցեներ դառնալուն:

Թորոսգյուղից 91-ամյա Վարսիկ Մանուկյանը մոռացված երգերից տողեր, հետո գյուղի ավանդույթներ է հիշում․

«Առվի վրի են բարալիկ նավը,

Ես եմ սիրել տղոնց միջի լավը։

Առաջ ինչ էր, մի գառ, ոչխար կմորթեին, ջրալի ճաշը ափսեներով կբաժնեին, անունով էլ հարսանիք էր։ Բայց հին հայկական ադաթով էր, հարսնացու աղջկան «գլուխ կլավային» մոտ բարեկամները, իրիկունով կտանեին իրենց տուն․․․»։

Վարսիկ տատի դալկացած դեմքը երանելի տարիների հիշողությունից փոքր-ինչ պայծառացել է, հիշում է կյանքի լավագույն դրվագները։ «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագրի մասնագետները, տատի գեղեցիկ պատմությունը գրառելով, արխիվացնում են նշխարներ՝ մեր հին ու արդեն մոռացված երգերից, ավանդույթներից ու Բասեն գավառից սերնդեսերունդ փոխանցված բաղադրատոմսերից։

«Կաթը որ կզտեինք, հումսերն էդ օրը կթողնեինք պնդանար, հաջորդ օրը խավիծ կենեինք, հումսերով խավիծ»։

Էթնոհոգեբան, ՇՊՀ-ի հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Սահակյանի ուսումնասիրությունները ծրագրի շրջանակում Շիրակի տոնածիսական բանահյուսությանը և կենցաղին են վերաբերում։

Ասում է՝ Շիրակի գյուղերում ժողովրդական աղոթքներ ենք գրի առել վախ բռնելու, ծննդկանի, յուղ հալելու, վատ երազը բարի դարձնելու և նույնիսկ՝ ծննդկանի կաթնատվությունը բարձրացնելու մասին։

«Սպանդարյան գյուղում բացառիկ աղոթք գրի առանք, որը բանաձև է։ «Գելկապի աղոթք» է կոչվում, ասում են՝ «շունը կա, գլուխը չկա»։ Վատ երազը բարի դարձնելու աղոթքը Փանիկ գյուղում ենք գրի առել։ Կա նաև կնոջ ծննդաբերական ցավերը թեթևացնելու աղոթք և եթե կնոջ կաթնածիրությունը քիչ էր,կուրծքը պետք է սանրեր ջրերի մոտ, որոնց հետ ժողովրդական հավատալիքներ էին կապված, որպեսզի կաթնատվությունն ավելանար։ Այդ աղբյուրներից մեկը Սառնաղբյուր գյուղի «Զաղայի» ակունքն է»։

Ամասիայի որոշ գյուղերում գրեթե մոռացության է մատնվել ժողովրդական տոնածիսական համակարգի մի մեծ հատված։ Ալվար գյուղում, տեսնելով գերանդիով հունձ անող ծերունուն, ՇՊՀ-ի դոցենտ, պատմ. գիտ. թեկ., Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը նրա հետ զրույցի է բռնվում։  Ծրագրի շրջանակում բանահավաքության թեման Շիրակն է՝ որպես երկրագործական մշակույթի կենտրոն։

«Երկրագործության հետ կապված ինչ ասացվածքներ գիտեք, պատմություններ, երգեր, խաղեր։

-Տո չէ, այ մարդ, ես հեչ բան էլ չիդեմ։

Տոներ գիտե՞ք

Տո չէ այ մարդ, ես բան չիդեմ»։

Երբեմն երկար ժամանակ ու աշխատանք է պահանջվում, որ բանահավաքները մտերմիկ զրույցների, հուշումների օգնությամբ գյուղաբնակներից  կարողանան հավաքել ու գրի առնել արդեն իսկ մոռացության մշուշով պատված բանավոր մշակույթի պատառիկները։ Երկար զրույցից հետո քաղվորը հիշում է, թե ինչ էին շշնջում՝ հատիկը հողին պահ տալիս։

«Ասում էինք՝ էսիգ բնությանն էղնի, էսիգ Աստծուն,, էսիգ ծիտիկի փայ, էս էլ մեզի բերք ու բար տա»։

ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանն ասում է՝ մեր ոչ նյութական բանավոր մշակութային ժառանգությունն այսօր չգրանցելու դեպքում մատնվելու է կորստի։

«Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից ծրագիրն առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ մշակութային քաղաքականությամբ առաջնահերթություն է սահմանված  Հայաստանի ոչ նյութական մշակութային արժեքների գույքագրում իրականացնելը»։

Ծրագրի շրջանակում ուշագրավ տեղեկություններ են հավաքվում նաև Շիրակի՝«հիվանդություններ բուժող», «նպատակներ իրականացնող» աղբյուրների մասին։

Հուլիսի 1–ից մեկնարկած «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» եռամսյա ծրագիրը կավարտվի սեպտեմբերին։ Շիրակի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության մասունքները հավաքելու և հանրահռչակելու աշխատանքներում  կազմակերպիչները  ներգրավել են երիտասարդ կամավորների։ Համոզված են՝  Շիրակի հեռավոր համայնքները որպես մշակութային ժառանգության կարևոր օջախներ ներկայացնելով ՝  նպաստելու են  նաև դրանց՝ զբոսաշրջային հասցեներ դառնալուն:

Back to top button