Մտքի ուժը

Խուսափել օքսիդային սթրեսից․ ինչ են առաջարկում հայ գիտնականները․ «Մտքի ուժը»

Գիտության մեջ անհնարին ոչինչ չկա։ Որպեսզի օրգանզիմն օքսիդային սթրեսի մեջ չընկնի, էվոլյուցիայի ընթացքում ինքն իր համար ձևավորել է հակաօքսիդային պաշտպանություն, որը չեզոքացնում է թթվածնի ակտիվ ձևերը: Հակաօքսիդանտը դա ազատ ռադիկալների վտանգավոր ազդեցությունը խոչընդոտող մոլեկուլ է։ Այն հանդիսանում է օրգանիզմի բնական պատնեշ։

Օրգանիզմի բջիջներում միշտ առկա են ազատ ռադիկալներ՝ մոլեկուլներ ազատ էլեկտրոնով և օժտված այլ մոլեկուլների հետ փոխազդելու բարձր ունակությամբ։ Թթվածնի ակտիվ ձևերի ավելցուկը կարող է սպանել բջիջը։

Գիտնականները դա անվանում են օքսիդային սթրես։ Թթվածնի ակտիվ ձևերը տարբեր հիվանդությունների պատճառ են հանդիսանում։ Որպեսզի օրգանիզմը չընկնի օքսիդային սթրեսի մեջ, էվոլյուցիայի ընթացքում այն ձևավորել է հակաօքսիդային պաշտպանություն, որը չեզոքացնում է թթվածնի ակտիվ ձևերը։

Նվարդ Պահության

Հակաօքսիդանտը դա ազատ ռադիկալների վտանգավոր ազդեցությունը խոչընդոտող մոլեկուլ է։ Այն օրգանիզմի բնական պատնեշն է։

Եվ ահա, ԳԱԱ Մնջոյանի անվան օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի դեղաբանության և պաթոհիսթոլոգիայի լաբորատորիայում նաև որոշվում է նոր սինթեզված միացությունների հակաօքսիդանտային ակտիվությունը։ Սա կարևոր է նյութի հետագա կլինիկական հետազոտության համար։

Հիմնականում երիտասարդներից կազմված աշխատանքային խումբն ընդգծում է՝ մեթոդը հետաքրքիր, միաժամանակ բարդ է, տևում է երեք օր։ Փորձը կատարվում է in vivo և in vitro պայմաններում։

Նվարդ Պահությանը դեղաբանության և պաթոհիսթոլոգիայի լաբորատորիայում կրտսեր գիտաշխատող է․պատմում է՝ հետազոտությունները կատարվում են արու, սպիտակ առնետների վրա՝ 180-200գր քաշով։ Փորձերի համար հենց արու առնետ են ընտրում։ Պարզաբանում կա, թե ինչու. էգ առնետները կարող են հղի լինել և տապալել փորձը մի պարզ պատճառով՝ տվյալներն այլ պատկեր կունենան։ 180-200 գրամ քաշն էլ հարմար է աշխատելու համար։ Փորձի արդյունքները գնահատվում են ստուգիչ հանդիսացող կենդանիների հյուսվածքներից ստացված տվյալների համեմատությամբ։

«Ներարկումից 24 ժամ հետո երկրորդ փուլն է կատարվում։ Մենք վերցնում ենք լյարդից ու ուղեղից հյուսվածքներ, պատրաստում ենք հոմոգենատ։ Ավելացնում ենք համապատասխան ռեակտիվներ։ Տերմոստատում որոշակի ժամանակ մնալուց հետո անցնում ենք հաջորդ փուլին։ Սպիտակուցներն ենք նստեցնում, ավելացնում ենք համապատասխան ռեակտիվներ։ Փորձը հաջող է, եթե գունավորում է կատարվում։ Հաջորդ փուլում սպեկտրոֆոտոմետրիկ չափումներ ենք կատարում։ Սա արդեն երրորդ օրն է։ Չափումներից հետո սկսում ենք հաշվարկները։

Ճշգրտության համար փորձը կատարվում է մի քանի անգամ»,– ասում է Նվարդ Պահությանը։ Գիտությամբ զբաղվելը որքան հետաքրքրիր ու առանձնահատուկ է, այնքան էլ՝ բարդ բոլոր առումներով, նաև՝ հոգեբանական ու մարդկային։ Երբեմն այնքան էլ հեշտ չէ կենդանիների վրա փորձեր կատարելը։ Նույն խմբի երիտասարդ գիտաշխատող Քրիստինե Նավոյանը պատմում է.

«Կենդանիները մեզ ավելի հարազատ են դառնում։ Ամբողջ հոգով փորձի մեջ ես մտնում ու վերջնական արդյունքը տեսնում ես փորձից հետո։ Ավելի լավ ես զգում քեզ, երբ տեսնում ես, որ քո արածը արդյունք տվել է»։

Պարզվում է՝ նյութերն էլ են լինում հետաքրքիր կամ ոչ հետաքրքիր։ Այս դեպքում հետաքրքրության բարձր աստիճանը պայմանավորվում է հակաօքսիդանտության աստիճանի հետ։ Վերջին փորձը, որը կատարվում էր այս խմբում ոչ միայն հաջող էր անցել, այլ նաև արդյունքներից պարզ էր, որ նյութը հետաքրքիր է, քանի որ ունի ուժեղ հակաօքսիդանտային ակտիվություն։ Իսկ բարձր ակտիվությունը տոկոսային հարաբերությամբ են պարզում. եթե հակաօքսիդանտությունը 50 տոկոսից բարձր է, ուրեմն նյութը ակտիվ է, բայց այս դեպքում մինչև 90 տոկոս է՝ ասում է Նվարդ Պահությանը․ «Տվյալ նյութը շատ հետաքրքիր է, արժի, որ հետագա կլինիկական փորձաքննություն անցնի»։

Թե որքան կմնան գիտության մեջ այս խմբի երիտասարդ անդամները, դեռ պարզ չէ։ Գուցե՝ միշտ, գուցե՝ ոչ։ Մի բան, սակայն, ակնհայտ է. գիտական այս խմբում այս պահին երիտասարդներն առավելագույն ջանք են ներդնում՝ գիտության մեջ իրենց մասնաբաժինն ունենալու համար։

Back to top button