Վերնատուն

Արվեստի հարցերին պատվիրատուն չպիտի խառնվի, եթե Մեդիչի չէ․ «Վերնատուն»

Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը խոսում է հայստանյան մոնումենտալ կամ քանդակային իրողությունների շուրջ անվերջանալի աղմուկի, Հատիս լեռան գագաթին Հիսուսի արձանի տեղադրման դեմ ընդվզման պատճառների մասին։

«Որտեղի՞ց է գալիս մարմին պատկերելու և չպատկերելու բախումը։ Մեր եկեղեցիներում մենք չենք տեսնի ֆիգուրատիվ արձաններ, ինչպես գոթական եկեղեցիներում է։ Հայ եկեղեցում ամեն ինչ զուսպ է, ֆորմաները սխեմատիկ են, դեկորատիվին մոտ։ Սա է մեր արվեստի գեղագիտական հիմքը, որը միջնադարում թելադրեց եկեղեցին», – ասում է Լիլիթ Սարգսյանը՝ խոսելով հայ կերպարվեստի ավանդույթներից։

Անդրադառնալով Հիսուսի արձանին՝ Լիլիթ Սարգսյանը նշում է, որ արձանը էսթետիկորեն արդիական չէ, և հետո՝ հայ կերպարվեստը չի ունեցել արձանագործության նմանատիպ ավանդույթ և այսօր՝ 21-րդ դարում անդրադառնալ վաղուց հնացած գեղագիտական ավանդույթին, հետադիմական քայլ է։

«Ընդվզումը էսթետիկական և իրավական է, չի կարելի միանձնյա որոշել՝ ես հովանավորում եմ, ես որոշում եմ, ես ընտրում եմ քանդակագործին ու նաև պարտադրում եմ քանդակագործին՝ ինչպիսին պիտի լինի արձանը։ Արվեստի հարցերին պատվիրատուն չպիտի խառնվի, եթե, իհարկե, Մեդիչին չէ, իսկ Մեդիչիներ մեր օրերում, ցավոք, չկան», – ասում է Լիլիթ Սարգսյանը։

Նա վստահ է, որ մինչև իրավական կարգավորումներ չլինեն, և դրանց խստորեն չհետևվեն, նման խնդիրները լուծում չեն կարող ստանալ։ Արվեստաբանը կարևորում է նաև կրթության խնդիրը․ «Մեր հանրությունը խորհրդային շրջանի տրադիցիոն քանդակներից դուրս, այլ քանդակ չի տեսել։ Կարևոր է արվեստի պատմությունը դպրոցներում»։

Back to top button