Սփյուռքի ձայնը

Բնության և կենդանական աշխարհի կանադահայ պահապանները Հայաստանում․ «Սփյուռքի ձայնը»

Շինարար, հաշվապահ, ուսուցիչ, այսօր Հայաստանում արդեն բնապահպան Շահեն Արթունին և նրա դուստր՝ խոհարար, կենդանասեր և կենդանապաշտպան Աննա Արթունին Կանադայում են ապրում։ Հայրենիքում են «Դեպի Հայք» կազմակերպության կամավորական ծրագրով։

Շահեն Արթունին ծնունդով Իրանից է, այնտեղ է ապրել երկար տարիներ, աշխատել թե ուսուցիչ, թե հաշվապահ։ Շինարարությամբ զբաղվել է Կանադա տեղափոխվելուց հետո։

«Իրանում երկար տարիներ աշխատեցի իմ մասնագիտությամբ, սակայն, երբ տեղափոխվեցինք Կանադա, նոր մասնագիտություն պետք է ունենայի՝ ընտանիքս պահելու համար: Ինչպես ամենուր, Կանադայում ևս ծանոթությունները կարևոր են՝ լավ աշխատանք ունենալու համար: Բարեբախտաբար, ինձ հանդիպեց մեկը, որը օգնեց այս հարցում և ես սկսեցի շինարարական ոլորտում աշխատել»,- ասում է զրուցակիցս:

Նկարը՝ 1tv.am

Շահեն Արթունիին մտահոգում է հատկապես Երևանի շինարարական անհամաչափությունը: Ասում է, որ եթե տարիներ առաջ թերթում անգամ որևէ շենքի նկար էինք տեսնում, ճանաչում էին Երևանին հատուկ շենքերը:

«Այսօր դրանք կորցրել են իրենց գույնը, քարի տեսակն ու ճարտարապետությունը»,- նշում է Շահեն Արթունին:

Նրա դուստրը՝ Աննան, նման խնդիրների չի բախվել, քանի որ ավելի փոքր տարիքում է հայտնվել Կանադայում: Ասում է, որ թեև հաճախել է հայկական դպրոց և ծնողների շնորհիվ հայկական միջավայրից չի կտրվել, այնուամենայնիվ կանադական հասարակության լավ ու վատ կողմերին ավելի հեշտ է ընտելացել:

Նկարը՝ 1tv.am

«Ես երբ հայկական եկեղեցում կարդացի այս կազմակերպության («Դեպի Հայք» խմբ.) մասին, շտապեցի մասնակցել: Այստեղ աշխատում եմ կենդանիների համար նախատեսված կլինիկայում։ Հայաստանում անտուն կենդանիների հանդեպ հասարակության վերաբերմունքը այնքան էլ դրական չէ, շատերը կենդանիներ բերում են դրսից, այնինչ այստեղ շատ են անխնամ կենդանիները: Սակայն մի դրական բան էլ նկատեցի. կլինիկա իրենց կենդանիներին բերում են հատկապես երիտասարդները»,- ասում է Աննան:

Աննան առաջին անգամ է եկել Հայաստան, ի տարբերություն հոր, որ հայրենիքում հաճախ է լինում։

«Ես օրվա մեծ մասը խոսում էի Հայաստանի մասին, պատմում նրանց մեր պատմության ու մշակույթի մասին: Նրանց գիտակցությունը հասցրել եմ այնտեղ, որ իրենք որոշեն գալ ու ծանոթանալ իրենց արմատների հետ»,- ասում է Շահեն Արթունին:


Նկարը՝ 1tv.am

Աննա Արթունին, որ խոհարարությունը թողել է՝ հասկանալով, որ բնության ու կենդանիների պաշտպանությունն իր համար ավելի կարևոր է, նկատում է, որ Հայաստանում կազմակերպություն ստեղծելու ցանկություն ունի, որի միջոցով հատկապես դպրոցահասակների հետ հանդիպումներ ու զրույցներ կունենա, քանի որ, վստահ է, որ բնության ու կենդանիների նկատմամբ սերը պետք է սկսել փոքրերի հետ աշխատանքից:

Back to top button