Գերդաստաններ

Արյունը փոխանցվում է գեներով․ 47 բժիշկ՝ Յոլյանների տոհմում․ «Գերդաստաններ»

«Թվում է, թե սկիզբ ու վերջ չունի հրաշագեղ այս աշխարհը՝ Գորիսը։ Այս հողն ու ջուրն են մայրը մեր ժողովրդի տաղանդավոր գրողների, բանաստեղծների, երգահանների և գիտնականների», – Գորիսի մասին ասում էր Համո Սահյանը։

Գորիսը որպես շրջան կազմավորվել է 1930 թվականին, մինչ այդ այն Զանգեզուրի գավառի կենտրոնն էր, իսկ Կապանը, Սիսիանն ու Մեղրին գավառի մաս էին կազմում։

Անհիշելի ժամանակներից բնակեցված այս վայրը հայրենիքն է մի փառահեղ  գերդաստանի՝ Յոլյանների, որոնց թվում եղել են անվանի բժիշկ-գիտնականներ, ռազմական գործիչներ, հերոսներ, տարբեր բնագավառներում հմուտ մասնագետներ։

Ո՞րն էր գաղտնիքը լավագույն ավանդույթներով ճանապարհ անցած այս  գերդաստանի։ Նրանք համերաշխ էին ու ավանդապաշտ։ Այս գերդաստանի  իմաստուն մեծերը երիտասարդներին միշտ հիշեցնում էին Պողոս առաքյալի խորհուրդները.

«Հայրեր, մի՛ բարկացրեք ձեր որդիներին, այլ մեծարեցեք նրանց խրատով և տիրոջ ուսմունքով»։  

«Կրթի՛ր երեխային իր ճանապարհի սկզբումորպեսզի ծերության հասակում էլ չշեղվի նրանից»։

Այս գերդաստանի հայտնի դեմքերից մեկը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՀԽՍՀ  գիտության վաստակավոր գործիչ Ռուբեն Հովսեփի Յոլյանն էր։

Նրա նախաձեռնությամբ 1947 թվականին հիմնադրվել է հանրապետության  հեմատոլոգիայի և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը, որի տնօրենն է եղել մինչև իր կյանքի վերջը։ Նա եղել է վիրաբույժների համաշխարհային   ընկերության վարչության և վիրաբույժների միջազգային ասոցիացիայի անդամ։ Նրա  գիտական աշխատանքները վերաբերում են վնասվածքաբանությանը, ուռուցքաբանությանը, ինֆեկցված վերքերի և վիրաբուժական ինֆեկցիաների սուլֆանիլամիդներով բուժման ու այլ խնդիրների։  

Գորիսում շատ հաճախ կարելի է լսել նաև Գալուստ և Սահակ Յոլյան եղբայրների մասին, որոնք զբաղվում էին նավթամթերքի առևտրով։ Նրանք  ապրում էին երկհարկանի շքեղ առանձնատանը, սիրում էին նարդի խաղալ։ Երբ գալիս էին եղբայրներից նավթ գնելու, ասում էին. «Նավթն ինքդ լցրու, փողն էլ դիր կողքի տափակ քարին» ու շարունակում էին խաղալ։

Համո Յոլյան

Նույն գերդաստանից է Պետական և ռազմական գործիչ, ինժեներահրետանային ծառայության գեներալ- մայոր, սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի քառակի դափնեկիր Համո Սերգեյի Յոլյանը։

Ծնվել է Գորիսում, ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը, իսկ հետո Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1930 թվականին եղել է Բաքվի Կիրովի անվան գործարանի, իսկ 1940 թվականին Մոսկվայի 92-րդ հրետանային  գործարանի տնօրենը։ Հայրենական պատերազմի ժամանակ գործարանը թողարկել է 100 հազար տարբեր տիպի հրանոթներ։ Հարուստ է նրա կյանքը բազմաթիվ հետաքրքիր դրվագներով։

Ասում են՝ մի անգամ, գիշերվա կեսին նրան իր մոտ է կանչում Ստալինը և հարցնում, թե արդյո՞ք մի ամիսը բավական է, որպեսզի նա կարգավորի 57 միլիմետրանոց հրանոթների արտադրությունը։ Գործարանն անդադար աշխատում էր։ Երեք շաբաթ անց ձեռնարկության դարպասից դեպի Կարմիր հրապարակ ու հետո ռազմաճակատ ուղևորվեց կանաչավուն, նեղ, երկար փողերով հրանոթների առաջին շարասյունը։ Կուրսկի աղեղում հենց  57միլիմետրանոցները թշնամու հարյուրավոր տանկեր ոչնչացրին։

Հայրենասեր այս բարձրաստիճան ռազմական գործիչն անտարբեր չէր իր  հայրենակիցների նկատմամբ, օգնում էր իր գերդաստանի այն անդամներին, ովքեր հայրենի երկրի, քաղաքի, գյուղի համար հանրօգուտ աշխատանք էին կատարում։ Նամակագիրներին հարց ու փորձ էր անում Յոլունց տոհմի մեծ ու փոքրից։

Գուրգեն, Սուրեն և Գրիգոր Յոլյաններ

Սուրեն Յոլյանի կինը Ռոզա Յոլյանը պատմում էր, որ ամուսնու մայրն անչափ հայրենասեր, հյուրասեր ու բարի անձնավորություն էր։ Ամուսնու մահից հետո նա մենակ է մեծացրել երեխաներին։ Մոր խնամակալության տակ մնացած Սուրենը հաճախել է Գորիսի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոց։ Համառ բնավորությամբ պատանին նույնիսկ վիճաբանություններում իր խոսքի տերն էր։

Մանկությունից  սիրում էր սպորտը՝ հատկապես ֆուտբոլ։ Եվ պատահական չէ, որ որդին էլ՝ Լևոնը, հետաքրքրվեց սպորտով, բայց ոչ թե ֆուտբոլով, այլ շախմատով։ Տարիներ անց   դարձավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ։

Էդուարդ և Գուրգեն Յոլյաններ

Սուրեն Յոլյանը Երևանի բժշկական ինստիտուտում փայլուն ուսանող էր, նա իր ընդունակություններով հասավ բժշկական գիտությունների դոկտորի աստիճանի և պրոֆեսորի կոչման։ Մինչ այդ աշխատեց հեմատոլոգիայի և արյան փոխներարկման  ինստիտուտում, որի տնօրենը հորեղբայրն էր՝ Ռուբեն  Յոլյանը, և որպեսզի մարդիկ  չմտածեն, թե հորեղբոր պատվին իր նկատմամբ բարեհաճ վերաբերմունք են ցույց  տալիս, Սուրենն իր թեկնածուական դիսերտացիան պաշտպանում է Երևանից հեռու՝ Բաքվում։

Այսօր Բժշկական ինստիտուտում Սուրեն Յոլյանի  հիմնադրած ռևմատոլոգիայի բաժանմունքը անվանակոչված է նրա պատվին։ 

Յոլյան ազգանունով Գորիսում այլ ընտանիքներ ևս կան։ Նրանք, հավանաբար, մեր  ներկայացրած Յոլյանների հեռավոր ազգականներն են։ Ժամանակի ընթացքում  մոռացված արմատները հետո վերընձյուղվել են։ Մի բան պարզ է. Գորիս և Յոլյան անվանումները շաղկապվում են։

Back to top button