

Անվանի կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը անժամանակ հեռացավ կյանքից 2022 թ.-ին, և նրա դասարանի սաները երիտասարդ կոմպոզիտոր Արփինե Կալինինայի նախաձեռնությամբ Կամերային երաժշտության տանը կազմակերպեցին համերգ` նվիրված նրա հիշատակին:
Կոմպոզիտորը ծնվել է 1946 թ. Երևանում: 1969 թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան, Էդվարդ Միրզոյանի ստեղծագործական դասարանը:
1970-ից սովորել է նաև դաշնամուրի բաժնում՝ Գեորգի Սարաջևի դասարանում: Արդեն 1988 թ․-ին նրա երրորդ կվարտետը ներկայացվեց Լենինգրադի միջազգային փառատոնին:
1986-1991թթ․ նա Հայաստանի կոմպոզիտորների միության փոխնախագահն էր, իսկ 1994 թ.-ին հիմնում և գլխավորում է հայ կոմպոզիտորների համաժողովը:
Նա աշխատել է Միացյալ նահանգներում, Բելգիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հունգարիայում, Պորտուգալիայում և Հունաստանում: Մինչև կյանքի ավարտը դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում:
«Ես հպարտանում եմ իմ սաներով»,- ասում էր կոմպոզիտորն իր ուսանողների, իր դասարանի շրջանավարտների մասին:
Արփինե Կալինինան, Մարտին Ուլիխանյանը, Հասմիկ Հակոբյանը և Արսեն Բաբաջանյանը «Երաժշտական եռանկյունու» տաղավարում կիսվում են մաեստրոյի մասին իրենց հիշողություններով:
«Չաուշյանի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ նա երբեք չէր «բռնանում», տալիս էր լիարժեք ստեղծագործական ազատություն, թույլ էր տալիս սխալվել: Նրա հետ շփումը ոչ միայն մասնագիտական, այլ նաև կյանքի մեծ դպրոց էր:
Նրա լայնախոհությունը, խորը իմացությունները և անսահման հումորը օգնում էին ցանկացած ուսանողի հետ հաստատել ջերմ, մտերմիկ հարաբերություններ, որոնք առավելագույնս նպաստում էին կրթության արդյունավետությանը»,- ասում են հաղորդման մասնակիցները:
Հրաշալի ավանդույթ է, երբ արվեստագետի սաները իրենց հարգանքի տուրքն են մատուցում նաև ստեղծագործությամբ, և կայացած համերգը դրա վառ ապացույցն էր:
Համերգի ընթացքում հնչեցին Լևոն Չաուշյանի ստեղծագործությունները՝ պիես դաշնամուրի համար Անահիտ Չաուշյանի՝ կոմպոզիտորի դստեր կատարմամբ, վոկալ շարքը սոպրանոյի և դաշնամուրի համար՝ Ավ.Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա և 7-րդ լարային կվարտետը՝ «Երևան լարային քառյակի» կատարմամբ։ Ներկայացվեցին նաև նրա սաների՝ Արսեն Բաբաջանյանի, Հասմիկ Հակոբյանի, Թերմինե Շեֆֆերի, Տիգրան Համբարյանի, Մարտին Ուլիխանյանի և Արփինե Կալինինայի ստեղծագործությունները:
Հաղորդման ընթացքում հնչում են հատվածներ Լևոն Չաուշյանի հիշատակի համերգից: