Վերնատուն

Հինն ու նորը, նորարարությունն ու իմպրովիզացիան․ մաեստրո Երվանդ Երզնկյանը միշտ ոչ ստանդարտ լուծումներ է փնտրում․ «Վերնատուն»

Կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանն այս տարի նշեց է 75– ամյա հոբելյանը։ Մաեստրոն պատմում է իր ստեղծագործական կյանքի կարևոր փուլերի ու փորձառության, իր անցած ջազային «դպրոցի», երաժշտության հին ու նոր մոտեցումների մասին։

Պատմում է, որ երիտասարդ տարիներին մի շրջան ջազն ու ռոքը իր կյանքում զուգահեռ էին գնում և հիշում՝ ինչպես են ընկերներով հայկական ջազը ներկայացրել Հայաստանի սահմաններից դուրս։

««Ջազ» բառը սովետի ժամանակ չպիտի հնչեր, կար «էստրադային երաժշտություն», որի մեջ մտնում էր ամենը, մի խոսքով՝ պոպուլյար երաժշտությունը։ Խորհրդային ժամանակ ջազ նվագում էին, բայց անունները փոխում էին։ Օրբելյանը նախապես ծրագիրը ներկայացնելիս, օրինակ, գրում էր՝ Ադամ Խուդոյան «Լուսաբաց Սևանի ափին» և նվագում էր Թեդ Ջոնսի ինչ–որ գործ», – պատմում է մաեստրոն։

Երվանդ Երզնկյանն ասում է, որ անկախությունից հետո նվագախմբում փորձում էր ջազի ներկայությունը ավելացնել, քանի որ, ըստ նրա՝ ջազային երաժշտությունը նպաստում է նվագախմբային կուլտուրայի բարձացմանը։

«Այսօր արդեն մեզ թույլ ենք տալիս ռադիոյի ստուդիայից ուղիղ կատարմամբ համերգներ և զուգահեռ դասախոսություններ անել», – ասում է կոմպոզիտորը։

Մաեստրոն պատմում է երաժշտության մեջ հնի ու նորի իր պատկերացումների, երգացանկի փոփոխությունների, նորարարության և իմպրովիզացիայի մասին։

Երվանդ Երզնկյանը 25 տարի առաջ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում ստեղծել է էստրադային– ջազային երաժշտության ամբիոնը, որը ղեկավարում է առ այսօր։ Դասավանդում է «իմպրովիզացիայի հիմունքներ»։ Ասում է՝ ուսանողներին սովորեցնում է, թե իմպրովիզացիայի մեջ ինչ չի կարելի անել։

«Էքստրեմալությունը ինձ դուր է գալիս, կյանքում միշտ ոչ ստանդարտ լուծումներ եմ փնտրում։ Իմպրովիզացիայի համար երաժիշտը պիտի մի քիչ կոմպոզիտոր լինի, դա մարդու ազատությունն է, հենց այդտեղ է, որ ինքը ինքն է», –ասում է մաեստրոն, հետո շարունակում, որ լավ կատարողները մեր օրերում շատ են, բոլորին էլ հաճույքով լսում է։ Երաժշտությունը, ըստ նրա, առաջընթաց է ապրում՝ նոր ձայներ, տեխնիկա, հնչյուններ, բայց կորել է մեղեդայնությունը։

Back to top button