Ժամանակի վկան

30 տարուց ավելի՝ Հյուսիսային Արցախն առանց հայերի․ գիտաժողովների լույսի ներքո․ «Ժամանակի վկան»

Ավելի քան 31 տարի է անցել, որ Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանը, իսկ 30 տարի էլ՝ Շահումյանի շրջանը, բռնի կերպով զրկված են բնիկ տերերից՝ հայերից, որոնք անհիշելի ժամանակներից բնակվել են այս տարածքներում։

Նախնիների բնօրրան հայրենիքը հարկադրաբար, զենքի ուժի կիրառման սպառնալիքի տակ լքած գետաշենցիներն ու շահումյանցիները կորստյան ցավը հոգում ցրվել են աշխարհով մեկ։ Այդ մասին ոչինչ չի մոռացել նաև ազգային ինքնության կրող հայ արժանապատիվ հանրույթը։

Ակադեմիական մակարդակով պարբերաբար լինում են քննարկումներ, կատարվում են ուսումնասիրություններ, գումարվում են գիտաժողովներ։

Այսօր իմ հյուրի՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի հետ կլուսաբանենք այս տարվա առաջին կեսին տեղի ունեցած երկու գիտաժողովներ, որոնց թեման Գետաշենի և Շահումյանի բռնի հայաթափությունն էր՝ ուղեկցված ցեղասպանական գործողություններով։

Առաջին գիտաժողովը կազմակերպվել էր Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անմիջական մասնակցությամբ։

«Թաթուլ Կրպեյան Խաղաղություն» հիմնադրամի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ֊-ի և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության համատեղ նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլի 21-22-ին՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետում, տեղի ունեցավ Թաթուլ Կրպեյանի անվան «Արցախյան ընթերցումներ» ամենամյա հանրապետական գիտաժողովի անդրանիկ նստաշրջանը։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը հանդես եկավ զեկուցումով, որը վերնագրված էր․ «Թաթուլ Կրպեյանի դերակատարությունն Արցախյան ազատամարտում»:

Երկրորդ գիտաժողովը, որը նվիրված էր Շահումյանի շրջանի բռնի հայաթափության 30-րդ տարելիցին, կայացավ հունիսի 14-ին՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում։ Կլոր սեղան-հանդիպմանը մասնակցում էին շահումյանցիներ, տարբեր գիտական հաստատություններ ներկայացնող պատմաբաններ, ՀՑԹԻ աշխատակիցներ։

Քննարկումից առաջ ծաղիկներ դրվեցին Ծիծեռնակաբերդի բարձունքում Սումգայիթի, Գանձակի և Բաքվի հայության կոտորածների զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարերին և ծաղկեպսակ՝ ՀՑԹԻ անունից՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Շահումյանի շրջանի հայաթափումը դիտարկվում է Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայերի դեմ իրականացված և իրականացվող բռնաճնշումների համատեքստում։ Կարևորվում են հատկապես այդ թեմաներով կատարված գիտական ուսումնասիրությունների միջազգայնացմանն ուղղված քայլերը։

Պետական մակարդակով տարվող Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը թուրքական ցեղասպան քաղաքականության շարունակությունն է, և ոչ՝ այլ ինչ:

Բնիկ հայերին վտարելով իրենց բնօրրանից ադրբեջանական պետական քաղաքականությունը մինչև օրս միտված է ոչնչացնելու Շահումյանի շրջանի մշակութային ժառանգությունը, որը հայատյացության ակնհայտ դրսևորում է:

Ադրբեջանի հայատյաց, ցեղասպան շարունակական քաղաքականության պատմական, իրավական և քաղաքական կողմերը մատնանշող զեկուցումներ հնչեցին երկու գիտաժողովներում։

Մասնակիցները կարևորեցին միջազգային ատյաններում Ադրբեջան պետությանը պատասխանատվության կանչելու գործիքակազմի ուսումնասիրության հարցերը:

Back to top button